ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը խիստ քննադատաբար է խոսել 2010-ի բյուջեի մասին՝ նշելով, որ այն չի նպաստի Հայաստանի հիվանդ տնտեսության առողջացմանը: Նրա կարծիքով, հաջորդ տարի մեր արտաքին պարտքը կհասնի ավելի քան 41%-ի: Ա. Մինասյանը դժգոհեց նաեւ, որ մեր միջազգային կառույցներից ստացված վարկերը մեր կառավարությունը չի կարողանում ծախսել արդյունավետ:
Հարցին, թե կա՞, արդյոք, հավանականություն, որ կառավարությունը հրաժարական կտա, պատգամավորը պատասխանել է. «Եթե օբյեկտիվորեն նայենք, ապա, կարծում եմ, պետք է վաղուց հրաժարական տար: Սակայն, կարծում եմ, որ այսօր քաղաքական մեծամասնությունը չի գնա այդ քայլին»:
ՀՅԴ-ական պատգամավորը անդրադարձել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթում՝ ՀՅԴ-ի վերաբերյալ արված հայտարարություններին՝ նշելով, որ առաջիկայում առաջին նախագահը դրանց վերաբերյալ լուրջ եւ ընդգրկուն պատասխան կստանա: «Tert.am»-ի տեղեկացմամբ, Ա. Մինասյանը վերոնշյալի վերաբերյալ իր կարծիքն արտահայտելիս նշել է, որ առաջին նախագահը, ինչպես միշտ, հիմնական թիրախ է հայտարարել Դաշնակցությանը եւ, ընդհանրապես, Հայ դատի գաղափարախոսությունը: Ա. Մինասյանը նշել է նաեւ, որ առաջին նախագահի արտահայտած մտքերը իշխանություններին պարզ գործարքի առաջարկություն էր. «Ցավում եմ, որ այս քաղաքականությունը տանում է ընդդիմությունը թուլացնելուն, ոչ թե ընդդիմադիր դաշտը ուժեղացնելուն: Սա հարված է ընդդիմադիր դաշտին, որից տուժելու է ժողովուրդը, եւ իշխանության ձեռքերն ավելի ազատ են լինելու հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը շարունակելու հարցում»: