Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսի մթերքները գրեթե սպառվել էին

Նոյեմբեր 14,2009 00:00

«Արմպրոդէքսպոյի» այցելուները մեծ ախորժակով համտեսում էին ցուցահանդեսում
ներկայացված թթուները, մուրաբաներն ու երշիկեղենը:

Երեկ «Արմպրոդէքսպո»՝ հայկական արտադրության մթերքների ցուցահանդեսի վերջին օրն էր: Ցուցահանդեսին մասնակցում էին մի քանի տասնյակ ընկերություններ: «Առավոտը» այցելեց «Արմպրոդէքսպո»՝ պարզելու, թե ինչ ձեռքբերում են ունեցել տեղական արտադրողները ցուցահանդեսի 3 օրերի ընթացքում: Մենք այնտեղ էինք գտնվում ընդմիջմանը՝ ժամը 13-14-ն ընկած ժամանակահատվածում, երբ ցուցահանդեսի մասնակիցներն ու այցելուները իսկական խնջույք էին սարքել ու վայելում էին ներկայացված մթերքները: Հատկապես հերթեր էին «Արտֆուդի» պահածոների, «Գեղարդի» մսամթերքի եւ խմիչքներ ներկայացնող ընկերությունների տաղավարների դիմաց: Ցուցահանդեսի մասնակիցներն անգամ տաղավարից տաղավար էին հյուրասիրություններ անում՝ հավատարիմ մնալով հայկական ավանդույթներին: «Արտֆուդ» պահածոների գործարանի լաբորատորիայի պետ Դիանա Մարգարյանը մեզ հետ զրույցում ափսեի մեջ տարբեր տեսակի թթուներ էր դասավորում, որպեսզի հյուրասիրի հարեւան տաղավարների աշխատակիցներին: Մեր այն դիտարկմանը, թե սպառողները դժգոհում են, որ խանութներում շատ են «Արտֆուդի» ժամկետանց կամ առանց մակնշման պահածոները, տիկին Մարգարյանը պատասխանեց. «Մեր գործարանն ունի համապատասխան աշխատողներ, որոնք վերահսկում են խանութներում ներկայացված ապրանքը եւ եթե ժամկետանց է լինում՝ հետ են վերցնում»:
Հերթ էր նաեւ «Կոտայք» գարեջուր արտադրող ընկերության տաղավարի դիմաց՝ հավաքվել էին հիմնականում երիտասարդ տղաներ: Ընկերությունը վերաթողարկել էր «Կաստել» գարեջուրը: Մենք ընկերության շուկայի զարգացման պատասխանատու Լեւոն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե չի՞ տուժել, արդյոք, իրենց ընկերությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամից: «Ունենք այն պրոբլեմը, որն ունեն բոլորը: Մեր խնդիրները կապված են արտահանման հետ, այդ շուկայում մի փոքր սահմանափակում կա: Ներքին շուկայում էլ կա պրոբլեմ, բայց չեմ կարծում, որ դա կործանարար է մեզ համար»,- նշեց պարոն Կարապետյանը:
«Գրեյթ վելլին» եւ «Աշտարակյան գինիներ» ընկերությունները ներկայացրել էին հատապտղային գինիներ, որոնց համտեսողներն այնքան շատ էին, որ խմիչքներն անմիջապես սպառվել էին: Ընկերության գինեգործ Արմեն Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենց արտադրանքը ժողովրդին շատ է դուր եկել եւ էլի կբերեն:
Ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ. Հայաստան» հիմնադրամի «Ջրից դեպի շուկա» ծրագիրը: Ընկերության ադմինիստրատիվ օգնական Էմմա Մովսիսյանի ներկայացմամբ, այս ծրագիրը ֆերմերների համար է. «Մենք նրանց ուսուցանում ենք, թե ինչպես է պետք օգտագործել իրենց բաժին հասած ջուրը: Եթե ֆերմերը տեղադրում է մեր համակարգը, նա մեկ տարի հետո ամբողջ ինքնարժեքը հանում է: Արդեն տարբեր մարզերում 91 ֆերմեր օգտվել է այս համակարգից, դժգոհություն չենք ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել