ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ հետաձգել է ՀՅԴ խմբակցության երկու նախաձեռնությունները, որոնք առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին:
ՀՅԴ խմբակցությունը 19 նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Այս տեղեկությունը հայտնելով՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ ասուլիսում նաեւ հույս էր հայտնել, թե ազգային խնդիրներին վերաբերող իրենց նախաձեռնությունները չեն մերժվի կառավարության կողմից. «Ոչ միայն այն պատճառով, որ իրենք էլ են հայ, այլեւ ազգային արժանապատվությունը մեր երկրում ի վերջո պետք է տեղ գրավի, եւ ազգային հարցերին վերաբերող ուղիղ օրինագծերը պետք է ընդունվեն փոխհամաձայնությամբ»:
Այդ նախաձեռնություններից մեկը «Քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծն է, որով առաջարկվում է. «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ ուրանալը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ պիտի եզրակացություն տար այս նախագծի վերաբերյալ, սակայն ի վերջո՝ 60 օրով հետաձգեց: Թեեւ այնուամենայնիվ տեղի ունեցավ քննարկում:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ որոշումն այսպես է հիմնավորել, թե հետաձգումն անհրաժեշտ է գոնե այս փուլում, երբ դեռ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ն որոշում չի կայացրել:
Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե այս պահին Հայաստանը նման օրենքի ընդունման անհրաժեշտություն չունի, որովհետեւ՝ նախ, օրենքի ընդունումը կհանգեցնի հայ-թուրքական բանակցություններում լրջագույն խնդիրների. «Անընդունելի եմ համարում այն մոտեցումները, որոնք մեկ-մեկ հնչում են, թե վա՜յ, Պատմաբանների հանձնաժողովն ավելի շատ պետք է, որպեսզի Թուրքիան ընդունի, այլ ոչ թե… Եվ ես կասկած չունեմ, թե որեւէ մի քայլ այստեղ հնարավոր է նահանջել»: Եվ նրա ներկայացրած երկրորդ հակափաստարկն էր. «Նման նախագծերը ծագել են բոլոր այն երկրներում, որտեղ սկսվել է «մերժողների» լուրջ շարժում: Ես չե՛մ տեսնում Հայաստանում որեւէ քաղաքական հենք՝ նման քայլ ձեռնարկելու համար: Քրեական օրենսդրության մեջ փոփոխություն կատարում են այն ժամանակ, երբ երկիրը մտահոգվում է ինչ-որ մի իրողությամբ: Կանխարգելիչ նստել-գրելը նման բաներ, ես կարծում եմ, անթույլատրելի է: Հակառակ ձեւով կմեկնաբանվի այլոց կողմից, որ Հայաստանում սկսվել է մերժողների շարժում, եւ երկիրը չի գտել որեւէ այլ միջոց դրա դեմ պայքարելու, քան մտցնելու կոշտ՝ քրեական օրենսդրությանը համապատասխան տարր»:
Նա նաեւ պնդել է, թե այնքան ուժեղ է համարում Հայաստանի դիրքորոշումն այս հարցում, որ պաշտպանվելու լրացուցիչ գործիքներ՝ քրեական պատասխանատվության տեսքով, պետք չեն. «Ուժեղը կարիք չունի նման գործիքների»: Դավիթ Հարությունյանի այս դիտարկմանը հակադարձել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ պնդելով, թե ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելը հենց թուլության նշան էր. «Ես բոլորովին այդ ուժը չեմ տեսնում: Այդ վստահությունը, որ մենք այդպես ուժե՜ղ կգնանք այդ հանձնաժողովում՝ ես դա չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ հակառա՛կն է՝ այդ ստորագրելը թուլության, իշխանության՝ սեփական ուժերին ու սեփական ժողովրդին չվստահելու նշան է: Նաեւ ժողովրդի կողմից իշխանությանը չվստահելու հետեւանք է»:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ նաեւ հետաձգեց ՀՅԴ պատգամավորներ Ռուզան Առաքելյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արա Նռանյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հողային օրենսգրքում» եւ սահմանափակել միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց սեփականության իրավունքը սահմանամերձ շրջաններում: Սահմանափակումը վերաբերում է նաեւ ՀՀ այն իրավաբանական անձանց, որոնց հիմնադիրներից են օտարերկրյա քաղաքացիներն ու օտարերկրյա կազմակերպությունները: Նիստում հիմնական զեկուցողը՝ Ռուզան Առաքելյանը, ըստ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության՝ ասել է. «Անվտանգության տեսանկյունից ես կարծում եմ, թե որեւէ երկիր, որ ունի այդ խնդիրը՝ նման օրենք պիտի ունենա»:
Նախագծի համաձայն՝ վերոնշյալ անձանց՝ սահմանամերձ շրջաններում սեփականություն ձեռք բերել թույլատրում է միայն կառավարությունը: Կառավարության ներկայացուցիչը քննարկման ընթացքում արդարադատության փոխնախարար Արարատ Մալխասյանն է, որը նշել է. «Դուք ասում եք, որ մենք ենք թույլ տալիս, բայց մենք չգիտենք այն պրոբլեմները, որ կարող են լինել»: Հեղինակները փոփոխությունն անհրաժեշտ դարձնող 24 հիմնավորում ունեին: Օրինակ, ըստ Վահան Հովհաննիսյանի՝ հողերը կարող են գնվել ու չմշակվել՝ վնաս հասցնելով գյուղատնտեսությանը: Այս եւ մյուս հիմնավորումները, սակայն, կառավարություն չէին ուղարկվել: Կառավարության ներկայացուցիչն էլ պնդում էր, թե այսօր գործող օրենսդրության պարագայում էլ իրենք վտանգներ չեն տեսնում: Կառավարությունը 1991 թվականից սեփականության իրավունքով հողեր է հատկացնում, տարիների ընթացքում օրենսդիրն ընդլայնում է այդ հնարավորությունը, ու ըստ փոխնախարարի՝ խնդիրներ կառաջանան փոփոխությունն ընդունելուց հետո: «Հող՝ նշանակում է անշարժ գույք, նաեւ բազմաբնակարան բնակելի շենք: Սա նշանակում է, որ շատ քաղաքներում, սկսած Մեղրիից՝ ոչ մի օտարերկրացու թույլ չե՞նք տալու սեփական բնակարան ունենալ եւ բնակվել»,- հարց է տվել Արարատ Մալխասյանը:
Այս ու այլ խնդիրներ տեսնելով հանդերձ` կառավարությունն անցած շաբաթ Ազգային ժողով ուղարկած գրությամբ տեղեկացրել է, թե նախագիծն ընդունելի է համարում, եւ երեկ էլ կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ պատրաստ են շարունակել դրա քննարկումը:
Ըստ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի էլ` նախագիծն այս տեսքով առաջ է քաշում խնդիր, բայց լուծում չի տալիս. «Ես ձեր հարցադրումը ընդունում եմ որպես բաց առաջարկ, բայց ոչ որպես պատասխան»: Նախագիծն առաջ է բերում բազմաթիվ հարցեր, տարբեր օրենսդրական փոփոխություններ կատարելու պահանջ, ինչի համար Դավիթ Հարությունյանը առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ եւ 60 օրով հետաձգել նախագծի ընդգրկումը մեծ օրակարգ: Հեղինակներն առաջարկեցին հետաձգել 30 օրով եւ աշխատել նախագծի վրա: Վահան Հովհաննիսյանն ասել է. «Մենք երբեք չենք ասել, որ սա վերջնական ճշմարտություն է, եւ սա լուծում է բոլոր հարցերը միանգամից: Մենք համաձայն ենք»: