Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ

Նոյեմբեր 14,2009 00:00

Դիզայների «թեթեւ ձեռքով»՝ գովազդային պաստառներում պատկերված
 ԼՂՀ քարտեզում Ղարաբաղի շատ տարածքներ դուրս են մնացել:

\"\"
ԼՂՀ իրական քարտեզը նշված հոծ գծով, մինչդեռ «Պրոմ էքսպոն» գովազդային պաստառում ներառել է շրջանակում վերցված տարածքը:

Չնայած մոտ 20 օր է, ինչ ավարտվել է «Պանարմենիան էսքպո 2009» ցուցահանդեսը, սակայն մինչ օրս \"\"մայրաքաղաքի գրեթե բոլոր անկյուններում կարելի է հանդիպել ցուցահանդեսը գովազդող պաստառները: Իհարկե, այստեղ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ Հայաստանում, որպես կանոն, այս կամ այն միջոցառման մասին ազդարարող պաստառները փակցված են մնում անգամ միջոցառման ավարտից 1 տարի հետո: «Պանարմենիան էքսպո 2009»-ի գովազդային պաստառը մեր ուշադրությունը գրավեց այն պատճառով, որ այդտեղ ներկայացված են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Այդ գովազդում ներկայացված են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղավաղված տարածքները: Պաստառում պատկերված են ոչ թե ԼՂՀ-ի ներկայիս փաստացի սահմանները, ոչ էլ նույնիսկ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, այլ՝ մի անհասկանալի պատկեր: ԼՂՀ քարտեզը գծագրված է առանց Ֆիզուլիի, Հորադիզի, Ջաբրաիլի, Զանգելանի, իսկ Մարտակերտից ու Քարվաճառից էլ հսկայական տարածքներ չեն ներառվել:
Թե ինչու համահայկական տնտեսական խոշորագույն ցուցահանդեսի գովազգային պաստառում ԼՂՀ-ի քարտեզը իրականությանը չի համապատասխանում, «Պրոմէքսպո» ընկերության կոմերցիոն տնօրեն Վահագն Միրիջանյանը այսպես պատասխանեց. «Դա քարտեզ չէ, դա դիզայներական աշխատանք է: Դա եզրագիծ է, առանց հստակ միլիմետրերի»: «Առավոտի» հարցին, թե այդ եզրագծերի նախատիպը ո՞ր քարտեզն է, պարոն Միրիջանյանն ասաց. «Դա մոտավորապես արած եզրագծեր են: Գաղափարը ոչ թե հենց քարտեզը մեկին մեկ տեղադրելն է, այլ պարզապես ներկայացնել Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: Մենք քարտեզ չենք տպագրել, որ ասեն՝ սխալ է, ընդամենը գովազդային պաստառ է եւ կարող է միլիմետրերի շեղումներ ունենալ իրական քարտեզից»: Մեր այն դիտարկմանը, որ դա ոչ թե միլիմետրերի շեղում է, այլ կիլոմետրերի, նա պատասխանեց. «Դա քարտեզ չէ, այլ՝ գովազդ»: Երբ պարոն Միրիջանյանի հետ զրույցում նշեցինք, որ գովազդն էլ պետք է իրականությանը համապատասխանի, նա, իրենց արդարացնելու համար, փորձեց սխալներ փնտրել պետական համակարգում՝ մեր ուշադրությունը հրավիրելով կառավարության կայքէջում տեղադրված ՀՀ գերբին, ասելով՝ «Դա իսկապե՞ս մեր գերբն է, ճի՞շտ գերբ է: Նույն պաստառում նուռն էլ ենք շեղումներով նկարել, պիտի ասեք՝ սենց նուռ չկա՞: Դա ընդամենը գովազդային պաստառ է, եւ բոլոր գործող եւ չգործող օրենքներով թույլատրվում է որոշակի շեղումներ կատարել: Գովազդը դա ազատ ոճի եւ ազատ շարադրման թեմա է, եւ բոլոր մարդիկ ունեն գովազդի մեջ ստեղծագործելու իրավունք: Դա դիզայների ստեղծագործության արդյունքն է»:
Եթե նույնիսկ դիզայների թեթեւ ձեռքով եւ վառ երեւակայությամբ ԼՂՀ-ի ներկայիս տարածքը կարելի է մի քանի կլիոմետրով կրճատել, ապա տարօրինակ է, որ ցուցահանդեսին մասնակցած ՀՀ վարչապետն ու մի շարք նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ դահլիճում փակցված ԼՂՀ-ի աղավաղված քարտեզը չեն նկատել: Կարելի է ենթադրել, որ կամ մեր պաշտոնյաները չեն նկատել այդ պաստառները, կամ էլ, պարզապես չգիտեն, թե իրականում ինչպիսին է ԼՂՀ իրական քարտեզը:
Նշենք, որ «Պանարմենիան էքսպո 2009»-ի գլխավոր կազմակերպիչներն են նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ արտգործնախարարությունը, որոնցից էլ «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ:
Սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարություններից վստահեցրին, որ իրենք գովազդի պատրաստման եւ տեսքի հետ ոչ մի առնչություն չունեն. իրենց գործառույթը եղել է ընդամենը դրսում տեղեկատվություն տարածել ցուցահանդեսի մասին:
Եթե թուրքական դպրոցական դասագրքերի քարտեզներում Հայաստանն ու ԼՂՀ-ն եւս ներառված են Թուրքիայի տարածքի մեջ, ապա մեր դիզայներների «թեթեւ ձեռքով» մեր տարածքները վերագրվում են ադրբեջանցիներին:
Նուռ պատկերելու հարցում, անշուշտ, կարելի է երեւակայությանը ազատություն տալ, բայց ԼՂՀ քարտեզի դեպքում՝ նման մոտեցումը, կարծում ենք, անընդունելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել