Լրահոս
Օրվա լրահոսը

Բարբարոսները ավերել են Որոտնավանքը

Նոյեմբեր 14,2009 00:00

Տեղացիները կասկածում են աղանդավորներին

«Մի քանի օր առաջ երկու գազելով մարդիկ եկան վանք,  սկսեցին տարածքը մաքրել»,- պատմում է 65-ամյա Բորիկ Բարխուդարյանը: Նա Որոտնավանքի հարակից պտղատու այգու պահակն է եւ, ինչպես ինքը նշեց, աչքի պոչով հետեւում է նաեւ վանքի պահպանմանը: Միկրոավտոբուսներով մարդիկ նախ մտել են Վաղատին գյուղ, գյուղացիներից հարցրել Որոտնավանքի գտնվելու վայրը: «Մեկը՝ բորդո, մյուսը սպիտակ գազել էին, եկան գյուղի կենտրոն, մարդկանցից հարցրեցին վանքի տեղը, մենք էլ ասեցինք, ի՞նչ իմանայինք, թե ովքեր են, ի՞նչ նպատակով են հարցնում: Օրական մի քանի նման մեքենա է գյուղ մտնում ու հարցնում վանքի գտնվելու վայրը»,- ասում է Վաղատին գյուղի բնակիչ Արամայիս Գրիգորյանը:
Տասնհինգ-քսան րոպե այգում աշխատելուց հետո պահակը վերադարձել է վանք ու տեսել, որ ամեն ինչ ավերված է. «Նկարները, պատերի կտավները հանել են, այրել: Մի խոսքով, սրբի պատկերներով ինչքան արձանիկներ, խաչեր են եղել, ամբողջը ջարդել են»,- նշում է նա: Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովսեփյանը ենթադրում է, որ բարբարոսները եղել են աղանդներից մեկի ներկայացուցիչներ, սակայն առայժմ ստույգ տեղեկություն չի կարող տալ:
Սյունիքի մարզի Վաղատին գյուղը շրջկենտրոն Սիսիանից հեռու է 15 կմ: Գյուղից քիչ ներքեւ՝ բլրակի վրա է գտնվում Որոտնավանքի վանական համալիրը, որը կառուցվել է 11-րդ դարում: Միջնադարում այստեղ եղել է գիտության կենտրոն՝ շնորհիվ Հովհան Որոտնեցու, որը մինչեւ Տաթեւ գնալը գործունեություն է ծավալել այդ վանքում, նրա պատվին էլ այն կոչվել է Որոտնավանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել