«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հանցագործության մասին հերթական հաղորդումն է ուղարկել ՀՀ ոստիկանապետին, ՄԻՊ-ին եւ գլխավոր դատախազին: Հաղորդումը վերաբերում է այն փաստին, որ նոյեմբերի 12-ին նա եւ մի քանի քաղաքացիներ ցանկացել էին ՍԴ-ի եւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացնել բողոքի գործողություն, սակայն ոստիկանները խոչընդոտել էին:
«Իմ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի այն հարցապնդումներին, թե որ օրենքի, որ հրամանի հիման վրա են մեզ արգելում կանգնել մեր ուզած վայրում, որեւէ իրավական հիմք չտրամադրվեց»,- ՍԴ-ի անմիջապես դիմաց իրենց ցույցին խոչընդոտելու մասին գրել է Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է դեպի նախագահի նստավայր խոչընդոտված երթին՝ «Մեր բոլոր օրինական պահանջներին` բացելու մեր ճանապարհը, ոստիկանության աշխատակիցները տեղի չտվեցին՝ այդ կերպ եւս մեկ անգամ կոպտորեն ոտնահարելով մեր իրավունքները: Ոստիկանները նաեւ պատճառաբանում էին, թե այդ տիպի պաստառներով մենք թույլ չենք տա, որ դուք գնաք նախագահական նստավայր: Փաստորեն, այս էլ որերորդ անգամ ՀՀ ոստիկանության աշխատակիցները չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքն ու լիազորությունները՝ խախտելով օրենքը եւ կատարելով հանցագործություն: Հատուկ ուզում եմ շեշտել, որ եթե իմ նախորդ հաղորդագրությունները նույնաբովանդակ հանցագործությունների մասին համապատասխան ընթացք ստանային եւ պատժվեին իրենց պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկանները, ապա անպատժելիությունից առաջացած այս նոր հանցագործությունը տեղի չէր ունենա»:
Ի դեպ, երեկ Զարուհի Փոստանջյանը մեկ այլ քաշքշուկի մեջ է հայտնվել՝ «Բիզնես սթայլ» ՍՊԸ-ում: Վերջինս, ըստ «Ա1+»-ի՝ պատգամավորից ընդունել էր պաստառներ տպագրելու պատվեր, ստացել 20 հազար դրամ եւ խոստացել մի քանի օրում տպագրել 5 պաստառ: Հաջորդ օրը պատվերն ընդունած աշխատակցուհին զանգահարել էր պատգամավորին եւ ասել, որ իրենց տնօրենը չի թույլատրում քաղաքական պաստառներ տպել: Իսկ երբ Զարուհի Փոստանջյանը փորձել էր պարզաբանումներ ստանալ «Բիզնես սթայլ»-ում՝ նրանից պահանջել էին հեռանալ տարածքից: Նաեւ խոչընդոտել էին «Ա1+»-ի թղթակցի աշխատանքը՝ տեղեկացնելով, թե իրենց չի հետաքրքրում Սահմանադրությունն ու օրենքները, իրենք թույլ չեն տալիս նկարահանել: