Մեկն առաջարկում է, մյուսները՝ մանեւրում
«Առաջարկում եմ այս պահից սկսած՝ միասնաբար ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար: Համենայնդեպս, այդ ընտրատարածքում պահպանվի ընդդիմության հարթակը»,- սա Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանի առաջարկն է՝ «իրենց ընդդիմություն հորջորջող» իր մրցակիցներին՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանին, «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արա Սիմոնյանին եւ հատկապես քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին, քանի որ, Կոստանյանի համոզմամբ, «իշխանական պրոեկտը» մշտապես Հմայակն է եղել»: Ըստ այդմ, հիշեցնելով Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական անցյալը՝ Կոստանյանը նկատում է. «Ցանկացած դեպքում, երբ ԱԺ-ում ընդդիմության շահերից բխող քվեարկություն էր, ինքը լինում էր «դեմ», փոխարենը՝ միշտ քվեարկում էր իշխանությունների ուզածով, երբ նրանց դա պետք էր. ամենապատասխանատու պահերին պառակտում էր ընդդիմությունը: Հիշեք՝ ԱՄ-ից, ՀԺԿ-ից դուրս գալը»: Ինքնաբացարկի գաղափարին մեր զրուցակիցը հանգել է՝ անսալով «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության կոչին՝ ուղղված 10-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներին՝ ընտրական գործընթացներին իրենց մասնակցությամբ չմասնակցել Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին եւ ընդառաջ գնալով «Առավոտ» օրաթերթի «Հայկական «ինվեստիտուրայի» առանձնահատկությունները» խմբագրական հոդվածին: Վլադիմիր Կոստանյանը գտնում է, որ մյուս առաջադրված թեկնածուները պետք է համաձայնեն իր առաջարկին՝ եթե «նրանք ճշմարտությունն են ասել եւ չեն խաբել ժողովրդին, չեն փորձել ընդդիմության, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի հաշվին դիվիդենդներ շահել, եթե նրանք իրականում մտահոգված են Հայաստանում ընդդիմության առաջխաղացման հնարավորությամբ, եթե իսկապես ողջունում են Նիկոլի առաջադրումը եւ կարեւորում նրա մասնակցությունն ընտրապայքարին, ուզում են ինչ-որ կերպ աջակցել այդ խնդրի լուծմանը»:
Կոստանյանը ենթադրում է, որ թեկնածուներ չլինելու պարագայում, օրենքով սահմանված կարգով, կհետաձգվի ընտրությունների օրը: Ընթացող դատավարությունն էլ կավարտվի, միգուցե, Նիկոլն էլ կարդարացվի եւ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցելու 10-րդ ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններին: Կամ էլ, գործընթացի ձգձգման արդյունքում, առաջադրվելու նոր հնարավորություն կստանա, ու քանի որ եւ հայ հանրության, եւ միջազգային կազմակերպությունների ուշադրությունն արդեն իսկ սեւեռված է այդ ընտրատարածքի զարգացումներին, գուցե նաեւ լուծում ստանա Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրելու հարցը: «Դրանով մենք նախ ցույց կտանք, որ իրականում շահագրգիռ ենք ընդդիմության կամ ժողովրդի կողմից պահանջված մարդկանց մասնակցությամբ ընտրական գործընթացներում: Իսկ որ ամենակարեւորն է՝ յուրաքանչյուրս կապացուցի, որ մեզանից որեւէ մեկն «իշխանական պրոեկտ» չի եւ սուտ, կեղծ, արհեստական-դերասանական ձեւով չի ներկայանում ժողովրդին: Եթե որեւէ մեկն ինքնաբացարկ չհայտարարեց՝ ի սատարումն Նիկոլ Փաշինյանի, ուրեմն նա էլ իշխանական պրոեկտ է: Ես կարծում եմ, որ իր թեկնածությունը չի հանի հենց Հմայակ Հովհաննիսյանը եւ կմնա իշխանությունների միակ թեկնածուն, այնպես, ինչպես եղավ 8-րդ եւ 25-րդ ընտրատարածքներում»,- համոզված հայտարարում է Վլադիմիր Կոստանյանը:
Վլադիմիր Կոստանյանի՝ ինքնաբացարկի կոչին Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում հակընդդեմ առաջարկով հանդես եկավ. «Թող Կոստանյանը միանա ինձ, ինձ հետ պայքարի եւ պաշտպանի Նիկոլի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը: Պահանջի, որպեսզի ոստիկանությունը նրան տեղեկանք տրամադրի: Նիկոլին չգրանցելու հիմքերի բացակայության մասին «բայղուշություններ» է անում իշխանական մամուլը: Դա փորձ է՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու, որպեսզի դատարանը մերժի Նիկոլի ներկայացուցիչների հայցը: Դա խոսում է այն մասին, որ իշխանությունները կասկած չունեն, որ թիվ 10-ում ընդդիմության հաղթանակն անկասելի է, ուստի իրենց միակ ձգտումն ընտրությունները ձախողելն է»: Կոստանյանի առաջարկն էլ Հմայակ Հովհաննիսյանը «նույն օպերայից» է որակում, քանի որ կարծում է, որ ընտրությունների հետաձգման արդյունքում դատարանն արդեն վճիռ կկայացնի, եւ Նիկոլի մասնակցությունն ընտրություններին անհնարին կդառնա:
«Հմայակն էլ, Վովոչկան էլ կեղծ եւ դեմագոգիկ քայլ են կատարում՝ ընդդիմության դափնիներն իրենց վերցնելու: Եթե իրենք իրենց են համարում փրկիչ, ապա այդ տիտղոսն ինձ ժողովուրդն է տվել, համայն հայությունը: Ես ողբում եմ Նիկոլի քաղբանտարկյալ դառնալը, բայց երբեք ազգին չեմ խաբում, պիղծ շնացման չեմ գնում: Ամեն մարդու իր արժանի գնահատականն եմ տալիս»,- այս էլ մարքսիստ Դավիթ Հակոբյանի արձագանքն էր ինքնաբացարկի առաջարկին: