Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"Բայց ՀԱԿ-ից անդամ ուժերի «արտահոսքի» վտանգ չկա

Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում կոշտ քննադատության էր ենթարկել քաղաքական առանձին ուժերի, որոնք հայ-թուրքական արձանագրությունները քննադատում եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները դիտարկում են Հայ դատի ու պահանջատիրության համատեքստում: Հիշեցնենք, որ Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարել էր, թե Կոնգրեսը՝ լինելով խիստ ռացիոնալ քաղաքական շարժում, չէր կարող միանալ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ ծավալված «ազգայնական հիստերիային» նաեւ այն պատճառով, որ ինքն անձնապես եւ կոնգրեսականներից շատերը այդ բանը չէին կարող անել նաեւ զուտ գաղափարախոսական նկատառումներով՝ հայդատականության նկատմամբ ունեցած սկզբունքային վերապահումների պատճառով։ «Հայ դատը կամ այլ կերպ՝ պահանջատիրությունը պետականազուրկ ազգին վայել դավանանք է։ Պետություն ունեցող ազգը պետք է առաջնորդվի բոլորովին այլ կատեգորիաներով։ Ժամանակն է, վերջապես, գիտակցել, որ քաղաքականության եւ իրավագիտության մեջ պատմական իրավունք հասկացություն գոյություն չունի, եւ չի կարելի աշխարհի հետ խոսել այդ լեզվով՝ անմեղսունակի վիճակում չհայտնվելու համար»։
Ու թեեւ ՀԱԿ ակտիվի ժողովի մասնակիցներից մի քանիսը նույն օրը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրել էին, թե Տեր-Պետրոսյանի այս ելույթին հաջորդած քննարկումների ժամանակ նրա հայտնած դիրքորոշմանը ոչ ոք դեմ չի արտահայտվել եւ չի առարկել, այդուհանդերձ, երեկ հստակ դարձավ, որ նույն ժողովին մասնակցած եւ Կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեմ է ՀՀ առաջին նախագահի՝ վերը մեջբերված մոտեցումներին: «ՍԴՀԿ-ն չի կիսում Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների շուրջ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է կուսակցության ատենապետը՝ հավելելով, թե «կուսակցությունը բացառում է որեւէ դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ մինչեւ Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չընդունվի, որից հետո չենք բացառում հարաբերությունների հաստատումը: Ես կարծում եմ, որ ճանաչումից հետո կլինի նաեւ պահանջատիրություն»: Նույն կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանն էլ իր անհամաձայնությունն է հայտնել նաեւ Տեր-Պետրոսյանի մեկ այլ դիտարկմանը, թե՝ «հայդատականությունը» ոչ մի կապ չունի երկրի իրական շահերի հետ, եւ «ոչ մի թիզ հող» կարգախոսը, ի վերջո, կհանգեցնի ազգային աղետի։
Արդյոք ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ի այս կարծրացած դիրքորոշումն ու Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարո՞ղ են հանգեցնել Կոնգրեսը լքելու մասին կուսակցության կողմից որոշում կայացնելուն: Լ. Սարգսյանը հույս ունի՝ ոչ, մանավանդ, որ ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչությունը միշտ էլ իմացել է Լ. Տեր-Պետրոսյանի մոտեցումները, բայցեւ դրանով հանդերձ, առաջնորդվելով երկրի շահերով՝ Հայաստանում ժողովրդավարություն եւ օրինականություն հաստատել, վերականգնել սահմանադրական կարգը, որոշել է այդ արժեքների շուրջ համագործակցել ՀԱԿ-ի հետ: ՍԴՀԿ ատենապետը հույս է հայտնել, որ կուսակցության Կենտրոնական վարչությունը ՀԱԿ-ին «ապահարզան» տալու խնդիր առաջ չի քաշի: Որ Կոնգրեսի ներսում «հայդատականության» ու «պահանջատիրության» կրող է ոչ միայն ՍԴՀԿ-ն՝ հայտնի է: Ակնհայտ է նաեւ, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումները չի կիսում նաեւ ՀԱԿ-ին մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը: Սակայն վերջինիս համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը առայժմ ձեռնպահ է մնացել ՀՀ առաջին նախագահի ելույթի վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի ելույթի առնչությամբ ՍԴՀԿ ատենապետի հայտարարություններին, ասաց. «Կոնգրեսը ստեղծվել է մի հռչակագրի հիման վրա, որտեղ հստակորեն նշված են այն ընդհանուր նպատակները, որոնց շուրջ համախմբվել են Կոնգրեսին անդամակցող կուսակցությունները: Այլ հարցերում, բնականաբար, ՀԱԿ անդամ ուժերը կարող են ունենալ իրենց ինքնուրույն դիրքորոշումը, որը որեւէ կերպ չի խոչընդոտում Կոնգրեսի բնականոն գործունեությանը: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ Տեր-Պետրոսյանի հրապարակած մոտեցումները Կոնգրեսի ճնշող մեծամասնության կողմից աջակցություն են վայելում»: Կա՞ արդյոք վտանգ, որ ՀԱԿ-ում առկա տարակարծությունները կարող են դառնալ Կոնգրեսից առանձին ուժերի դուրս գալու պատճառ: Զուրաբյանի համոզմամբ՝ նման վտանգ չկա, «որովհետեւ Կոնգրեսի ներսում համագործակցությունը շատ հստակ նպատակների շուրջ է»: Կոնգրեսում նաեւ աննորմալ կամ արտառոց չեն համարում այն, որ ՀԱԿ-ին անդամակցող ուժերը անկաշկանդ կերպով հասարակությանն են ներկայացնում նաեւ իրենց գաղափարները, տեսակետներն ու մոտեցումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել