Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Նոյեմբեր 13,2009 00:00

Կամ՝ «Վահե» փաստավավերագրական ֆիլմն այդ մասին
«Առավոտը» տեղեկացրել է, որ Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում օրերս կայացել է «Միտք» վերլուծական կենտրոնի նկարահանած «Վահե» փաստավավերագրական ֆիլմի վանաձորյան շնորհանդեսը: Ջավախցիները արեւին կոչում են նաեւ Վահե. սա կյանքի ու հարատեւության նշան է: Նախքան ֆիլմի ցուցադրությունը, «Ազգային նոր պահպանողական շարժման» հիմնադիր նախագահ Էդուարդ Ափրամյանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակին, վրացիների հակահայկական նկրտումներին, փաստելով, որ Ջավախքի հիմնախնդիրը քաղաքական ու հասարակական շրջանակներում ասես տաբու է:
«Պետք է «քանդել» այն մոտեցումները, որ Վրաստանը Հայաստանի համար բարիդրացիական, բարին ցանկացող երկիր է. դա այդքան էլ այդպես չէ: Վրաստանը ակտիվ իրականացնում է տասնյակ հակահայկական գործողություններ եւ գործընթացներ՝ թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ Կովկասում, թե՛ Հայաստանի դեմ,- հայտարարեց Է. Ափրամյանը եւ որպես «վառ ապացույց» օրինակ բերեց նոյեմբերի 4-ին տեղի ունեցած փոխհրաձգությունը՝ Հայաստանի եւ Վրաստանի սահմանին:- Մեր պետականության զարգացման կայուն գործընթացի համար Ջավախքը կարեւոր նշանակություն ունի. եթե Արցախը համարվում է Հայաստանի եւ հայության ողնաշարը, ապա Ջավախքը, անշուշտ, թոքերն է, եթե թոքերը փակվեն՝ պետությունը գոյություն ունենալ չի կարող… Շատ հաճախ հայ քաղաքական էլիտան ներկայացնում է Ջավախքի հայությանը՝ որպես Սփյուռք, որպես համայնք. դա այդպես չէ, հայությունն այստեղ դարեր շարունակ ապրել է իր պատմական հողի վրա, կերտել է իր էթնոհոգեբանությունը»:
Նրա կարծիքով, Վրաստանն այսօր կանգնած է խնդրի առաջ. «Ջավախքի հայերը մեծ դժվարությամբ են սովորում վրացերեն, իսկ դա նրանից է, որ այս տարածաշրջանը երբեք էթնոհոգեբանական առումով իրեն Վրաստանի մեջ չի համարել եւ չի էլ եղել… Ջավախքը հայերով հոծ բնակեցված 3-րդ տարածքն է՝ Հայաստանից եւ Արցախից հետո: Այն իր աշխարհագրական դիրքով եւ ժողովրդագրական գործոնով Հայաստանին դուրս է բերում արտաքին աշխարհ, դեպի ծով»:
Նա նշեց նաեւ, որ «թե Հայաստանի եւ թե Վրաստանի իշխանությունների կողմից ամեն կերպ այդ հիմնախնդիրը անտեսվել է. ավելին՝ ինֆորմացիոն վակուումի շրջանակներում այս խնդիրը պատշաճ լուծման չի արժանացել եւ այսօր գտնվում է ավելի մեծ պրոբլեմ ձեւավորելու գործընթացում»:
«Ազգային նոր պահպանողական շարժման» Լոռու մարզային կառույցի ղեկավար Մանվել Կոստանդյանն էլ անդրադարձավ վրացական պահանջատիրությանը՝ Լոռու մարզի 7 եկեղեցիների՝ Կիրանցի, Խուճապավանքի, Հնեվանքի, Քոբայրավանքի, Թեժայռուկի, Ախթալայի Պղնձավանքի, Սրվեգի վանքի հետ կապված: Նա նշեց. «Պատկան մարմինների ոչ պատշաճ ուշադրության եւ նույնիսկ անտարբերության պատճառով վտանգվել է ոչ միայն Սամցխե-Ջավախք-Ծալկայի հայկական մշակութային օջախների ճակատագիրը. այսօր արդեն այդ զավթողապահանջատիրական քաղաքականությունը սպառնում է տարածվել Հյուսիսային Լոռիում»:
Նա տեղեկացրեց նաեւ, որ Նինոծմինդայի շրջանում վերջերս սկսվել է հայերի տեղահանություն եւ թուրք-մեսխեթների վերաբնակեցում: Այս առնչությամբ Վանաձորի սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանն ասաց. «Հարեւան կոչվող Վրաստան երկրի այդօրինակ նկրտումները նոր չեն»: Տեր Վահանը մտավախություն հայտնեց, որ կարող են գտնվել քաղկեդոնացված կամ քաղկեդոնահպատակ հայեր, ովքեր համաձայնեն օգնել վրացիներին. «Վրաստանում ապրող չորս միլիոնը վրացի է, եւ պետությունը շատ լավ հասկանում է, որ ազգը միավորելու միակ ճանապարհը եկեղեցին է, այն, ինչը մենք, ցավոք, չհասկացանք… իմ ու քո անելով՝ մենք շատ տուժեցինք եւ դեռ էլի տուժում ենք»:     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել