Այս տարվա փետրվարի 11-ին «Իջեւանյան օրերի խրոնիկա» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ամեն ինչ արել է քաղաքի զբոսայգում ապօրինի շինարարությունը կանխելու համար, բայց նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ոչինչ չանելու համար: Հոկտեմբերի 3-ին՝ «Ավագանին ընդդեմ քաղաքապետի» լուրով տեղեկացրել ենք, որ Իջեւանի ավագանու 13 անդամներից ութը ՀՀ կառավարությանը առաջարկել են պաշտոնանկ անել Վարուժան Ներսիսյանին: Երեկ «Քաղաքապետը հաղթեց» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզպետն ու ՀՀ կառավարությունը ավագանու նշված ութ անդամների ներկայացրած նյութերում քաղաքապետի պաշտոնանկության հիմք չեն տեսնում, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն էլ որոշել է, որ ապօրինի շինարարության դեմ պայքարում քաղաքապետն է ճիշտ: Բայց պարզվում է՝ ավագանու բողոքավոր ութ անդամները դեռ «կռիվ են տալիս»:
Նոյեմբերի 11-ին Իջեւանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետը, վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածը, ավագանու նիստերի կեսից ավելիից բացակայելու պատճառաբանությամբ, ավագանու անդամներ Վարդան Օրդինյանի, Վարդան Ղալումյանի եւ Էդգար Ասլանյանի լիազորությունները դադարեցված է համարել: Ի պատասխան՝ ավագանու նշված անդամները աղմուկ են բարձրացրել, վիրավորել քաղաքապետին եւ անվանարկել քաղաքապետարանը (քաղաքապետին անվանել դրածո, քաղաքապետարանը՝ բազարի տեղ): Բարեբախտաբար, լեզվակռիվը ընդհարման չի վերածվել: Բայց հրավիրվել են ոստիկաններ, ովքեր էլ առաջարկել են պայքարը իրավական եղանակներով իրականացնել: