Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ԲԱԽՏԸ ՉԺՊՏԱՑ

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"Հորդառատ անձրեւների, պարարտանյութի, մթերակայանների եւ
գյուղտեխնիկայի սղության արդյունքում՝ գյուղացիները վնասներ են կրել:

«Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրված «Սյունիքում բերքի հույս գրեթե չկա», իսկ հոկտեմբերի 31-ին տպագրված «Սյունիքը տուժել է, տուժում է եւ կտուժի՞» հրապարակումներով անդրադարձել էինք Սյունիքի մարզի գյուղատնտեսության վիճակին եւ, հենվելով մարզպետարանի տրամադրած տեղեկությունների վրա, արձանագրել, որ հորդառատ անձրեւների արդյունքում գյուղացիները միլիոնավոր դրամների վնասներ են կրել, հացահատիկի բերքի զգալի մասը փչացել է եւ անասնակեր ծառայել: Հավաքված բերքի որակն էլ ցածր է:
Այսօր Սյունիքում բերքահավաքի աշխատանքները գրեթե ավարտվել են: 10 հազար հեկտար գարնանացանից բերք չի ստացվել մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում: Եղած բերքի հավաքման վերջին աշխատանքներն են տարվում մարզի բարձրադիր գոտիներում՝ Ծղուկում, Սառնակունքում եւ այլ բարձրլեռնային գոտիներում: Արդեն պարզ է, որ նախորդ տարվա համեմատությամբ սպասվում է բավական նվազ բերք: Ոչ վերջնական տվյալներով՝ 1 հեկտարից ստացված բերքը կազմել է 14 ցենտներ, նախորդ տարի 22.5 ցենտներ էր: Սակայն, ինչպես նշում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը, միայն անբարենպաստ եղանակը չէր պատճառը, որ Սյունիքում այս տարի բերքատվությունը զգալիորեն նվազել էր: «Բերքատվության ցածր ցուցանիշը պայմանավորված էր նաեւ ազոտական պարարտանյութի բացակայությամբ: Ամեն տարի մարզ էինք ներկրում 2500-3000 տոննա ազոտական պարարտանյութ, իսկ ընթացիկ տարում` ընդամենը 500 տոննա: Յուրաքանչյուր տարի կառավարությունը պարարտանյութի ձեռքբերման համար դոտացիա էր հատկացնում, որի շնորհիվ գյուղացիները կարողանում էին այն գնել կես գնով, այս տարի նման հնարավորություն չընձեռվեց գյուղացիներին, իսկ պարարտանյութի շուկայական արժեքը տատանվում էր 7800-12 000 դրամի սահմաններում, որն էլ մեր գյուղացիների համար բավական մեծ գումար է»,- ասաց գյուղվարչության պետը: Հացահատիկային ցանքատարածություններից բերք չի հավաքվել հատկապես Ներքին Խնձորեսկում, Տեղում, Հարժիսում, Նորավանում եւ այլ գյուղերում:
Բացի ցորենից, տարին անբարենպաստ էր նաեւ հաճարի համար: Այս տարի գրանցվել էր ամենացածր ցուցանիշը՝ վերջին 7-8 տարիների ընթացքում: Տեղացած ձյան պատճառով հաճարի բերքը մոտ 50%-ով նվազել է Գորհայք եւ Սպանդարյան գյուղերում: Իսկ բերքատվության ցածր ցուցանիշը իր հերթին սերմանյութի խնդրի է հանգեցնում:
Առատ տեղումները դրական ազդեցություն էլ են ունեցել: Խոտի բավական մեծ պաշար է կուտակվել՝ մոտ 95 հազար տոննա եւ այս տարի անասնակերի խնդիր չի լինի: Տեղումների պատճառով այս տարի ոռոգման ջրի վարձավճարները շատ քիչ են հավաքվել՝ 50-60%-ով: Առատ անձրեւները ոռոգել են դաշտերն ու այգիները, ուստի գյուղացիներին ու ֆերմերային տնտեսներին հաջողվել է խուսափել որոշ ծախսերից:
Ցրտահարություններն ու առատ տեղումները, բացի հացահատիկային մշակաբույսերից, լուրջ վնասներ են հասցրել նաեւ այգեգործությանը: Հատկապես՝ կորիզավորների ընտանիքին պատկանող պտղատու ծառերին, որոնց բերքի մեծ մասը փչացել է:
Սրանով, ցավոք, չեն ավարտվում Սյունիքի գյուղացիների խնդիրները: Հիմնախնդիր է բերքի մթերման ու իրացման հարցը: «Եթե Մեղրիում գինու եւ պահածոների գործարանների շնորհիվ այս հարցը քիչ թե շատ լուծվում է, Կապանում, Գորիսում եւ Սիսիանում բերքի իրացումը շատ վատ է կատարվում եւ հաճախ էլ փչացած բերքը անասնակեր է ծառայում»,- ասում է պարոն Խաչատրյանը: Հաջորդ կարեւոր խնդիրը, ըստ մարզի գլխավոր գյուղատնտեսի, մարզի տարածաշրջաններում մեքենատրակտորային կայանների ստեղծման անհրաժեշտությունն է: Եղած գյուղտեխնիկան քիչ է, հնամաշ: Մի կողմից դրանց վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ չեն գտնվում, մյուս կողմից էլ անհրաժեշտություն է առաջանում հացահատիկահավաք կոմբայնը մի տարածաշրջանից մյուսը տանել: «Մեքենատրակտորային կայանների ստեղծման նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, ֆինանսական խնդիրների պատճառով դրանց ստեղծումը հետաձգվեց, բայց հուսով ենք, որ մեր գյուղնախարարը կյանքի կկոչի այդ ծրագիրը, եւ Սյունիքում մեքենատրակտորային կայաններ կստեղծվեն»,- եզրափակեց Քաջիկ Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել