Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵՆՍՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Նոյեմբեր 13,2009 00:00

Աշխարհահռչակ ջազ երաժիշտ, կիթառահար եւ վոկալիստ Ջորջ Բենսոնն ի վերջո Երեւանում է: tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ նա նշեց, որ «առաջին անգամ է մեր կողմերում, թեեւ այս կողմերից շատ ընկերներ ունի Միացյալ Նահանգներում»:
Երեկ երեկոյան Ջորջ Բենսոնը հայ հանդիսատեսին ներկայացրեց ոչ միայն կիթառին տիրապետելու իր վարպետությունը, այլեւ երգեց: «Մենք բազմազան ծրագիր ենք նախատեսել, որովհետեւ գիտենք, որ լսարանում ամեն մեկը յուրովի է պատկերացնում, թե ով է Ջորջ Բենսոնը»,- ասել է նա ասուլիսում:
Երեկ Բենսոնը Մալխաս ջազ ակումբում է եղել, շատ է հավանել երեկոն ու հայ երաժիշտներին: Հայտնի թմբկահար Չիկոն՝ Արմեն Թութունջյանը, երեկ Բենսոնին խնդրեց ինքնագիր թողնել իր իսկ հին ձայնագրություններից մեկի վրա, որն այսուհետեւ ավելի թանկ կլինի երաժշտի համար:
«Ջազը մեծ է հատկապես մի յուրօրինակ տարրով, որն է իմպրովիզացիան, ինչի շնորհիվ հնարավոր է միեւնույն ստեղծագործությունը փոփոխել ու այլ կերպ կատարել, միշտ թարմ լինել, նույն պատմությունը պատմել տարբեր դիրքերից ու ամեն անգամ նորովի»,- բացատրել է Բենսոնը: Ջազի տարբեր տեսակներում իրեն փորձած Ջորջ Բենսոնը հավատում է, որ ավանդական ջազ կոչվածը երբեք չի մեռնի, ինչպես եւ երբեք չի մեռնի դասական երաժշտությունը: Նա իրեն համարում է ռոմանտիկ մարդ, սիրում է հորինել, նոր մոտեցումներով հանդես գալ: Ունի 7 որդի եւ 8 աղջիկ թոռ: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրել է ձայնագրել 60-ից ավելի ձայնասկավառակ, արժանանալ 10 Գրեմմի մրցանակների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել