Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սայանի «Ճաղատ երգչուհին»

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"Երիտասարդ բեմադրիչը մտադիր չէ միայն աբսուրդի թատրոնն ընտրել

Հայաստանի թատերական գործիչների միությունում (ՀԹԳՄ) շարունակվում է նոյեմբերի 8-ին մեկնարկած Երիտասարդ բեմադրիչների հանրապետական երրորդ փառատոնը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս միջոցառման նպատակն էր բացահայտել երիտասարդ արվեստագետներին, նրանց հնարավորություն տալով հետագայում մասնակցելու ինչպես միջազգային փառատոների, այնպես էլ վարպետության դասերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող բեմադրիչների եւ տեսաբանների մոտ: Օրինակ, անցյալ տարի փառատոնի շնորհիվ ընտրված 6 ռեժիսոր մասնակցեց Մոսկվայում եւ Վարշավայում կազմակերպված վարպետության դասերին, ներկա գտնվելով նույնիսկ Յեժի Գրոտովսկու ինստիտուտի դասընթացներին: Մինչ օրս ՀԹԳՄ-ի բեմում ցուցադրված երիտասարդ ռեժիսորների աշխատանքներից՝ մասնագետներից ու թատերասերներից շատերն առանձնացնում են Արթուրո Սայանի՝ Իոն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» աբսուրդի դրամայի բեմադրությունը: Շատերին հետաքրքրում է՝ ինչո՞ւ երիտասարդ բեմադրիչը դիմել է հենց այս գործին՝ չունենալով մեր պայմաններում աբսուրդի թատրոնի հանդիսատեսային պատրաստվածություն կամ Ա. Սայանը իր թատերական էքսպերիմենտները իրականացնում է հիմնականում պրոֆեսիոնալ թատրոններից դուրս, որտե՞ղ է այդ «բեմը» եւ ինչո՞ւ իր ներկայացումներն իրականացնելու համար չի ընտրում պրոֆեսիոնալ թատրոնների բեմերը:
Մեզ հետ հանդիպման ժամանակ Ա. Սայանը նախ նշեց, որ մեզանում աբսուրդի դրամատուրգիային ժամանակին անդրադարձել են, օրինակ, ռեժիսոր Ա. Տեր-Դանիելյանցը՝ «Իմ մահը» ներկայացումով, Վ. Ղազարյանը՝ Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» բեմադրությամբ եւ այլք: Մեր զրուցակցի խոսքերով՝ թեեւ ինքն իր առջեւ նպատակ չի դրել աբսուրդի թատրոնի համար հանդիսատես պատրաստել, սակայն ժամանակն է, որ մեր թատերասերն էլ հաճախ շփվի Արեւմուտքում այնքան տարածում գտած աբսուրդի թատրոնի հետ: Խոսելով իր «Ճաղատ երգչուհու» մասին, Ա. Սայանը ներկայացրեց, որ մինչ հանդիսասրահ մտնելը, հանդիսականը ճեմասրահում հանդիպում է հերոսներին. «Սմիթ ամուսինները երեխայի լվացված շորերն են փռում ճեմասրահում, մինչդեռ բեմում, ներկայացման ընթացքում պարզ է դառնում, որ նրանք երեխա չունեն, դա նրանց տարիների երազանքն ու ցանկությունն է…»: Ինչ վերաբերում է իրեն աբսուրդի թատրոնի նվիրյալ համարելուն, բեմադրիչն ասաց. «Այս տարի երկու ֆիլմ էի ներկայացրել «Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոնին՝ Ադրիանո Չելենտանոյի «Սյուզաննայի ծնունդը» եւ Ֆրենկ Սինատրայի «Նյու Յորք» աշխարհահռչակ հիթերը մատուցելով ամենաանհավանական պայմաններում (ֆիլմերն իրականացվել են «Նյու արտ պրոդակշնում», որի գեղարվեստական ղեկավարն է Սայանը- Ս. Դ.): Հիմա էլ՝ «Ճաղատ երգչուհին»: Հավանաբար սա է ստեղծում կարծիք, թե ես որպես բեմադրիչ ընտրել եմ աբսուրդի թատրոնը: Պատրաստվում եմ, հավանաբար՝ դարձյալ ԹԳՄ բեմում, ներկայացնել հաջորդ աշխատանքս՝ «Կատուն շիկացած տանիքին», ըստ Թենեսի Ուիլյամսի պիեսի»: Ի դեպ, Ա. Սայանը Արա Երնջակյանի ղեկավարած Կամերային թատրոնի դերասան է եւ զբաղված է խաղացանկային մի շարք ներկայացումներում, այդ թվում՝ «Կառավարական համերգ», «Էտյուդ կանանց համար», «Ի զեն» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել