Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԲԱՅՐԸ ՔՐՈՋԸ ԿՍՊԱՆԻ

Նոյեմբեր 13,2009 00:00

«50-ականներին» ներկայացնում է այդ աղանդի ճիրաններից  ձերբազատված Փառանձեմ Խեչումյանը

Փառանձեմ Խեչումյանը 9 տարի շարունակ եղել է «50-ական» կոչվող աղանդավորական խմբավորման անդամ, սակայն նրան ի վերջո հաջողվել է դուրս պրծնել այդ որոգայթից: Չնայած մայրը, եղբայրը, մյուս հարազատները «երդվյալ» աղանդավորներ են, Փառանձեմը այլեւս հաճախում է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի ու իր տարակույսները փարատում հոգեւոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանի խորհուրդներով:
Մեր զրուցակիցը, իբրեւ «ներսի» մարդ, պատմեց, թե ինչպես է հայտնվել աղանդի ազդեցության ներքո եւ վերջինիս քարոզիչների հոգեբանական «հնարքների», մեդիտացիայի եւ այլնի «շնորհիվ» երկար ժամանակ կախման մեջ եղել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ստեղծագործելու ձիրք ունեցող Փառանձեմը չի կարողացել ընդունվել բանասիրական ֆակուլտետ: Դա նա համարել է դժբախտություն ու անգամ մտածել ինքնասպան լինելու մասին: Հարազատները այդ մտքից հետ պահելու համար նրան տարել են աղանդավորական հավաքների, որտեղ Փառանձեմին սկզբում շատ ջերմ են ընդունել: Գաղտնիք չէ, որ աղանդավորական ցանցում հայտնվում են հատկապես հոգեբանական բարդույթներ ու վիրավորված «ես» ունեցողները, ինչպիսին 1990-ականներին նաեւ Փառանձեմն էր: Նա պատմում է, որ քարոզիչները եւ, օրինակ, Ահարոն անունով ավագ հովիվը ոչ միայն խոստովանություն էին ընդունում, այլեւ իրենց պատմածները հասցնում՝ ուր որ հարկն է, իսկ իր մորն ու եղբորն էլ կարգել էր իրեն վերահսկող:
«Ի տարբերություն բոլոր մյուս ընտանիքների, մենք սովոր էինք ոչ թե վերցնել, այլ տալ: Դա էլ հենց նրանց կողմից օգտագործվեց»,- պատմում է Փառանձեմը, որը հաճախ է եղբոր հետ տարաձայնություններ ունեցել, ինչը եւս օգտագործվել է աղանդավոր «քույրերի» ու «եղբայրների» կողմից:
Կինը նշում է, թե ինչպես էին լվանում իրենց ուղեղները. «Հավաքների ժամանակ քարոզում էին Աստծո խոսքը, հետո մեկը խոսում էր, ապա երգ էր լինում, նորից քարոզ, խոսք եւ անընդհատ ամեն ինչ կրկնվում էր: Եվ այսպես ուղեղներս քնեցնում էին: Ես զգում էի, որ կոդավորված քարոզներ էին կարդում, որոնք համապատասխան ազդեցություն էին ունենում մարդկանց վրա: Երգել ցանկացողներին տրամադրվում էին երգարաններ՝ տպագիր եւ ձեռագիր: Ուժեղ ազդեցություն էր թողնում «լեզուներով» խոսելը»:
Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ «լեզուներով» խոսելը բնորոշ է հոգեխանգարմունքի մեջ գտնվողներին, որոնք չէին կարողանում հոդաբաշխ խոսք արտաբերել, այդպես պատահել է նաեւ իր եղբոր հետ, որը ժամանակ առ ժամանակ ուզում էր պատուհանից ցած նետվել, երբեմն անգիտակից թափառում էր ու ծանոթ մարդիկ թեւից բռնած տուն էին բերում: Կինը հիշեց, որ աղանդավորական հավաքների մասնակցելուց 2-3 ամիս անց իր լեզուն էլ կարծես իրեն չի ենթարկվել, եղել է պահ, որ դպրոցում գերազանց գնահատականներ ստացած լինելով հանդերձ, ինքը չի կարողացել ճանաչել հեռուստացույցի էկրանից երեւացող ռուսերեն տառերը. «Էդպիսի լեզուներով խոսում են դիվահարները, հիշում եմ՝ Անդրանիկ Հայրապետյան քարոզիչ կար 1996-ին, ինքն էլ էր այդ տարիներին գնում հոգեբուժարան: Ասում էր՝ մեզանից շատերին էնտեղ են տարել»:
Փառանձեմի ասելով՝ իրենց հստակ հրահանգ էր տրվում՝ եթե արյունակիցդ ու հարազատդ քեզ հետ համամիտ չեն, կարող ես հրաժարվել նրանցից. «Ես էլ եմ ժամանակին այդ մտայնությունից դրդված վիրավորել իմ հարազատներից շատերին»: Նա պատմում է, որ երբ 1993-1994 թթ. խոսք էր գնում այդ աղանդի գրանցման մասին, քարոզիչները հենց «հավատացյալների» աչքի առաջ սկսել են կռվել իրար հետ. «Եթե էդ պահին իրենց զենք տային՝ հաստատ միմյանց կսպանեին: Եվ գրանցման հարցում տարաձայնություններ կային, եւ իշխանության բաժանման խնդիր կար: Այնպես որ՝ պղտոր ջրում ձուկ բռնելու հրաշալի պրոցես էր գնում: Իրար հետ կռվում էին նաեւ «Նախասահմանության» եւ «Նախասահմանության դեմ քարոզի» ջատագովները, Աստվածաշնչյան խոսքերը գնդակներ դարձրած՝ նրանք միմյանց ռմբակոծում էին»:
Գնալով խորանում էին նաեւ Փառանձեմի եւ եղբոր միջեւ տարաձայնությունները, բանը հասել էր նրան, որ եղբայրը սկսել էր ծեծել քրոջը, սպառնալ դանակով: Մի անգամ կինը նույնիսկ փախել է ու թաքնվել քարոզիչներից մեկի տանը, բայց ամեն ինչում ընտանիքն էլի Փառանձեմին է մեղադրել:
Հիմա, չնայած նախկին «հավատակիցների» սպառնալիքներին, Փառանձեմը հաճախում է Հայ առաքելական եկեղեցի: Ասում է՝ Ջրվեժում տեր Կյուրեղի շնորհիվ էլի ոմանց հաջողվել է դուրս պրծնել աղանդավորական խմբավորումների ճանկերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել