Երեկ «Այբ» կրթական հիմնադրամը Երեւանի չորս դպրոցներում անցկացրեց «Ռուսական արջուկ» («ՀցրրՍՌռ ՎպՊՉպՋպվՏՍ») փորձնական մրցույթը, որը աշակերտների համար նախատեսված ռուսերեն լեզվի միջազգային հետաքրքրաշարժ մրցույթ է: «Այբ»-ն այս նախաձեռնությունն իրականացնում է ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում: Այս տարի մրցույթին կմասնակցեն Վ. Մայակովսկու անվ. թիվ 7, Ա. Չեխովի անվ. թիվ 55, Ս. Շահմուրադյանի անվ. թիվ 85, ՌԴ պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցներից ավելի քան 250 երեխա: 2010 թվականի նոյեմբերին մրցույթը կիրականացվի Հայաստանի բոլոր հետաքրքրված դպրոցներում: «Ռուսական արջուկ. լեզվաբանությունը բոլորի համար» մրցույթը «Կենգուրու. մաթեմատիկա բոլորի համար» միջազգային հանրաճանաչ մրցույթի փոքր եղբայրն է: Հիշեցնենք, որ «Այբ» հիմնադրամը 2009 թվականին Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես անցկացրեց «Կենգուրուն», որն ունեցավ աննախադեպ թվով մասնակիցներ՝ 30.567, զարկ տալով Հայաստանում նոր մանկական մաթեմատիկական շարժմանը: Իսկ հաղթողները մեկնեցին Ռումինիա՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային ամառային ճամբարում: Ի դեպ, «Կենգուրու-2010»-ի խնդիրներն արդեն պատրաստ են, եւ հաջորդ տարվա մարտի 18-ին, ինչպես եւ այսուհետեւ ամեն տարի, հայ երեխաները կրկին կմիավորվեն՝ հանուն գիտության: «Այբ» կրթական հիմնադրամը նախատեսում է ընդլայնել դպրոցական մրցույթների ցանկը, ներմուծելով Հայաստան միջազգային այլ մրցույթներ՝ բնագիտական առարկաներից եւ լեզուներից: