Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էպոսը՝ ազգի նկարագիր

Նոյեմբեր 13,2009 00:00

Նոյեմբերի 12-14-ը Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է «Հայկական էպոսը եւ համաշխարհային էպիկական ժառանգությունը» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը, որը կազմակերպել են ԳԱԱ-ն եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայագիտական կենտրոնը: Գիտաժողովի բացման օրը զեկուցումներով հանդես եկան ոչ միայն հայ, այլեւ օտարազգի մասնագետներ: Սլավոնական համալսարանի հայագիտական կենտրոնի ղեկավար Ազատ Եղիազարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ  գիտաժողովի հիմքում հայկական ժողովրդական էպոսն է. «Գիտաժողովը հնարավորություն է ընձեռում հայկական էպոսը քննել աշխարհի էպոսների համատեքստում, այսպիսի հանդիպումները նոր ուղղություններ են ուղենշում էպոսագիտության մեջ, կապեր են հաստատվում տարբեր երկրների էպոսագետների միջեւ»: Ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը ներկայացրեց  «Մսրա Մելիքի սպանությունը ծիսաառասպելաբանական համատեքստում» զեկուցումը, որում անդրադառնում է վիշապասպանությանը, իսկ Սասունցի Դավիթը հանդես է գալիս ոչ միայն որպես էպիկական, այլեւ հեքիաթային հերոս: «Առավոտի» հետ զրուցում ազգագրագետը նշեց. «Ցանկացած ժողովրդի էպոսի մեջ կարելի է գտնել տվյալ ազգի աշխարհընկալումը: Ցավոք, հիմա կենդանի բանասաց չկա: Գրանցված է  էպոսի 160 տարբերակ, որից 100-ը դեռ հրատարակման է սպասում: Չափազանց կարեւոր են էպոսի թարգմանությունները՝ տարբեր լեզուներով, ինչը չկա: Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կան թարգմանություններ, բայց դրանք բոլորն արված են համահավաքից՝ տեքստերից վերցնելով տիպականը»: Բանահավաք-բանագետ Արուսյակ Սահակյանը գտնում է, որ նմանատիպ գիտաժողովները մշակութային եւ էպոսագիտական պարտադիր կապեր եւ շփումներ են: Նրա զեկուցման հիմքում պետականության խնդիրն էր: Բանահավաքը կարծում է. «Եթե էպոսն իր առջեւ չի դնում պետության խնդիր՝ էպոս չէ, եւ այս համեմատությամբ աշխարհի մի շարք էպոսներ շատ կասկածելի վիճակում են»: 
Գերմանացի Կառլ Ռայխլը Հայաստանում է առաջին անգամ: Նրա զեկուցումը ներկայացնում էր «16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների գրառումների առնչությունը «Սասնա ծռերի» բանավոր ավանդման գործընթացի հետ»: Երուսաղեմի համալսարաններից մեկում դասավանդելիս նա առաջին անգամ ճանաչել է հայերին՝ շփվելով տեղի մեծ հայկական համայնքի հետ: Հայկական էպոսին ծանոթացել է 1972 թվականին՝ ֆրանսերեն թարգմանությամբ: «Կարդալով հայկական էպոսը՝ իմ մեջ հետաքրքրություն առաջացավ ուսումնասիրել այն, հիմա արդեն  կարող եմ այլ ավանդությունները համեմատել հայկականի հետ: Հայկական էպոսը շատ հարուստ է, ու կարծես կենտրոն է մնացած ազգերի համար»,- խոստովանեց գերմանացի բանահավաքը: Գիտաժողովին ելույթ ունեցավ նաեւ Պիտեր Քաուին՝ Լոս Անջելեսից:  Նա գերազանց տիրապետում է հայերենին ու գրաբարին, բայց խոստովանում է, որ հայերեն սովորելը շատ դժվար է: «Լսել էի, որ դուք բավական հարուստ ու հին մշակույթ, պատմություն ունեք, բայց կարծում եմ,  այն քիչ է ծանոթ ու ուսումնասիրված չէ»,- անկեղծանում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել