Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ՆԱԽԱԴԵՊ

Նոյեմբեր 13,2009 00:00

Այսպես է գնահատում ֆիզիկոս Արթուր Իշխանյանը հայ-ֆրանսիական միջազգային IRMAS լաբորատորիայի ստեղծումը

«Առավոտի» հոկտեմբերի 28-ի համարում տեղ գտած «Հումանիտար ոլորտը կրկին անտեսվեց» հոդվածում անդրադարձել էինք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (լուսանկարում ԳԱԱ ՖՀԻ շենքն է) եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջեւ կնքված պայմանագրին, որի արդյունքում ստեղծվել է հայ-ֆրանսիական միջազգային միացյալ լաբորատորիա: Բացի այդ, տեղեկացվել էր, թե է՛լ ինչ ոլորտներում կլինեն համատեղ հայ-ֆրանսիական ծրագրեր: Հոդվածում շեշտադրված էր, որ համատեղ ծրագրերում հիմնականում ճշգրիտ գիտություններին է տեղ տրվել՝ անտեսվելով հումանիտար ոլորտը:
Այս կապակցությամբ «Առավոտ» էր այցելել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը, որը, համատեղ լաբորատորիայի ստեղծման նախապատմությունը ներկայացնելով, ծանոթացրեց մեզ որոշ նրբերանգների հետ: Խիստ կարեւորելով հայ-ֆրանսիական լաբորատորիայի ստեղծումը՝ որպես մի «բացառիկ երեւույթ եւ որակական նոր քայլ՝ մեր գիտության պատմության մեջ վերջին 20 տարվա կտրվածքով», պարոն Իշխանյանը մտահոգվում է, որ այն չունեցավ համապատասխան արձագանք: Իսկ նախապատմությունը, ըստ ֆիզիկոսի, հետեւյալն է. «Այդ լաբորատորիան նախաձեռնվել է 5 գիտնականների կողմից, որոնք բոլորը գիտության դոկտոր-պրոֆեսորներ են, միջազգային լայն ճանաչում ունեն, ՀՀ նախագահի մրցանակակիրներ են… Մենք՝ այդ գիտնականներս, 2 տարի առաջ դիմել էինք ֆրանսիական միջազգային մրցույթին, մասնակցել եւ զբաղեցրել 1-ին տեղը: Մրցույթի արդյունքներն այնքան տպավորիչ էին, որ ֆրանսիական կողմը սեփական նախաձեռնությամբ հանդես եկավ լաբորատորիայի կարգավիճակը բարձրացնելու առաջարկով եւ դիմեց Եվրամիության գիտական բաժնին՝ առաջարկելով համատեղ ֆինանսավորել եւ բարձրացնել կարգավիճակը: Այդ բաժնի հանձնախումբն անցկացրեց սեփական փորձաքննություն, եւ կրկին այնքան տպավորիչ էին արդյունքները, որ իրենք դիմեցին Միջազգային գիտատեխնիկական կենտրոն՝ ՄԳՏԿ, որը ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Կորեայի կառավարությունների եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ԱՊՀ տարածքում գիտությունը ֆինանսավորող ամենամեծ կազմակերպությունն է, այն եւս անցկացրեց փորձաքննություն եւ կրկին այնքան տպավորված էր, որ իր նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն առաջարկեց՝ մասնակցել այս նախագծին: Իսկ այդ մասնակցությունը սկզբունքային նշանակություն ունի, մասնավորապես՝ հարկային խնդիրների տեսակետից, քանի որ այդ կազմակերպությունները ցանկանում են ֆինանսներն առավելագույնս արդյունավետ օգտագործել: ՀՀ գալուց հետո այս նախագիծը շատ ակտիվ աջակցություն ստացավ ե՛ւ ԳԱԱ-ի, ե՛ւ Գիտպետկոմի կողմից, հունվարի 20-ին կնքվեց հայ- ֆրանսիական համագործակցության շրջանակային նախնական համաձայնագիրը: Այդ պայմանագրի շրջանակներում արդեն Հայաստանում հայտարարվեց եւս մի մրցույթ՝ հայաստանյան, որպեսզի ոչ միայն այդ լաբորատորիայի հարցը լուծվի, այլեւ այլ ծրագրեր եւս ընդգրկվեն»: Ի դեպ, այս կապակցությամբ Գիտպետկոմի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ «Մրցույթը հայտարարվել էր երեք տարբեր ծրագրերի շուրջ՝ երկկողմ փոխգործակցության, միացյալ միջազգային լաբորատորիաների եւ գիտահետազոտական խմբերի կազմավորման: Արդյունքում ընտրվել են 9 երկկողմ փոխգործակցության, 2 միացյալ միջազգային լաբորատորիաների եւ 1 գիտահետազոտական խմբի կազմավորման ծրագրեր»: Ըստ նույն աղբյուրի՝ «Մրցույթն անցած մյուս կազմակերպությունների հետ, որոնց ծրագրերը մեկնարկելու են 2010-ին, պայմանագրեր կկնքվեն հետագայում»: Փաստորեն, առայժմ կնքված է միայն մեկ պայմանագիր՝ ՖՀԻ-ի հետ՝ CNRS-ի համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին:
Պարոն Իշխանյանը մանրամասներ ներկայացրեց նաեւ արդեն իսկ ստեղծված լաբորատորիայի մասին: «Այս լաբորատորիան կարեւորագույն օղակ է՝ եվրոգիտակրթական տարածքին ինտեգրվելու ճանապարհին: Այս պահին ԱՊՀ երկրներում գրանտային գործունեություն վարած կազմակերպությունները կամ արդեն փակվել են, կամ կամաց-կամաց փակվում են, (իսկ այն, որ մեր գիտությունն առանց դրամաշնորհային ծրագրերի, միայն պետական ֆինանսավորմամբ վերջնականապես կմեռնի՝ փաստ է), եւ նման նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս ուղիղ մտնել եվրոպական գիտական տարածք՝ լուրջ երեւույթ է: Սա լաբորատորիա է առանց պատերի, որտեղ այս պահին ընդգրկված է 5 գիտական խումբ՝ մեր ՖՀԻ-ից եւ 3 նմանատիպ խումբ կլինի ֆրանսիական կողմից: Հայկական կողմից 4-5 մարդ է ամեն խմբում: Լաբորատորիայի եւ այն ծրագրի, որն իրականացնելու է այս լաբորատորիան, անունն է՝ IRMAS (Interaction of radiation with matter: From atoms to solids), հայերեն՝ «Ճառագայթման փոխազդեցությունը նյութի հետ՝ ատոմներից մինչեւ պինդ մարմիններ»: Պայմանագիրը ստորագրված է 4 տարով, բայց նման լաբորատորիաների կանոնադրությանը համապատասխան՝ գրեթե ավտոմատ այն ստորագրվում է նաեւ հաջորդ 4 տարվա համար, եւ եթե նորմալ գիտական արդյունքներ լինեն, կերկարաձգվի եւս 4 տարով: Կարելի է ասել՝ 12 տարվա ծրագիր է, որի շրջանակներում այստեղ անընդհատ կլինեն ֆրանսիացի մասնագետներ, մեր դասախոսներն անընդհատ կգնան, ուսանողների փոխանակում, համատեղ ասպիրանտներ կլինեն, այսինքն՝ բնագավառի մեծ աշխուժացում է սպասվում: Շատ կարեւոր է, որ, ի վերջո, մեր կառավարությունը ստիպված եղավ ստորագրել այս պայմանագիրը: Փետրվարի 7-ից բոլոր փաստաթղթերը գտնվում էին կառավարությունում, որտեղ այդ փաստաթղթերի ստորագրումը ձգձգվեց այնքան, որքան հնարավոր էր, եւ միայն հոկտեմբերի վերջին՝ ուզած-չուզած, ստորագրեցին: Եվ եթե չլինեին խիստ պարտադրական քայլերը, որոնք արվեցին ՄԳՏԿ-ի եւ CNRS-ի կողմից, դեռ էլի էր ձգձգվելու»: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ էր մեր կառավարությունը ձգձգում, արդյո՞ք մեծ գումարների հետ էր կապված համաֆինանսավորումը, թե՞ այլ խնդիրներ կային, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Մեր կառավարության կողմից հատկացվող գումարը խորհրդանշական է՝ եռամսյակի համար ընդամենը 8000 եվրո: Նույնիսկ այս պարագայում ստորագրումը ձգձգվեց մի քանի ամիս, քանի որ կառավարությանը ձեռնտու է անընդհատ մեղադրել գիտնականներին՝ ոչինչ չանելու, գիտությունը մեռցնելու մեջ, որպեսզի իրենք էլ ստիպված չլինեն լուրջ ներդրումներ անել այդ ոլորտում՝ անունը դնելով, թե՝ ի՞նչ եք անում, որ փող եք ուզում…»: Մեր հարցին՝ այն, որ Հայաստանի դեպքում համատեղ լաբորատորիա ստեղծելու պայմանագիր է կնքվել ՖՀԻ-ի հետ, եւ առաջիկայում էլ սպասվում են համագործակցային տարբեր մակարդակի պայմանագրեր՝ հիմնականում ճշգրիտ գիտությունների ոլորտներում, իսկ Ադրբեջանի դեպքում գործում է հնագիտական եւ լեզվաբանական լաբորատորիան, նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Ադրբեջանում նույնքան, որքան մեզ մոտ՝ ֆիզիկան, զարգացած է հնագիտությունը, եւ նրանք նույնքան հրաշալի ծրագրեր են ներկայացրել CNRS-ին, որքան մեր ֆիզիկոսների ներկայացրածն էր, Ա. Իշխանյանը պատասխանեց. «Քանի որ ես տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել, թե ինչպես է դա տեղի ունեցել: Հնարավոր է, որ ադրբեջանական կառավարությունը հատկացրել է հատուկ գումար այդ ոլորտներին, միգուցե ադրբեջանական կառավարությունը ֆինանսավորում է 90%-ը եւ ֆրանսիականին առաջարկել է միանալ 10%-ով: Տեղյակ չեմ: Բոլորս էլ գիտենք, որ, ի տարբերություն մեր կառավարության՝ Ադրբեջանը փող ծախսելու խնդիր ունի եւ ոչ թե հակառակը, եւ ամենուր է դա անում՝ փողակոխ է անում եւ ասում է՝ այսինչ բանը զարգացրեք: Նրանց դեպքը մեր դեպքի հետ անհամեմատելի է, լրիվ այլ բաներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել