Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերս գաղտնի թող մնա»

Նոյեմբեր 13,2009 00:00

Պետական երկու կառույցի նախաձեռնած մրցույթի մասնակիցների անունները գաղտնի են պահվում

Հայաստանի Սփյուռքի եւ քաղաքաշինության նախարարությունների, Ճարտարապետների միության եւ Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի մասնակցությամբ հանրահայտ «Մերսեդես» ավտոմեքենաների արտադրող «Daimler AG» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը հայտարարել է «Երեւան քաղաքում Ինտերկոնտինենտալ հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման բաց միջազգային մրցույթ»: Ժյուրիի կազմում են «Ավանգարդ Մոթորսի» նախագահը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ ճարտարապետների միության նախագահը եւ ճարտարապետներ ԱՄՆ-ից, Բելառուսից, Ճապոնիայից, Իսպանիայից: Սահմանված է երեք մրցանակ. առաջին տեղ՝ $70 000, երկրորդ՝ $30 000, երրորդ՝ $15 000: Ըստ մրցույթի կազմակերպիչների, նպատակը «նոր, յուրօրինակ քաղաքաշինական, ինչպես նաեւ ճարտարապետական, ֆունկցիոնալ-կոնցեպտուալ լուծումների ձեռքբերումն է, որոնք պետք է ընդգծեն լանդշաֆտի յուրահատկությունները ձեւավորված ճարտարապետա-քաղաքաշինական միջավայրում»:
Այս մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջին ժամկետը նոյեմբերի 9-ն էր: Նոյեմբերի 10-ին եւ 11-ին, մեր հեռախոսազանգերին ի պատասխան, «Ավանգարդ Մոթորսից» պատասխանեցին, որ գաղտնի են պահելու եւ չեն հրապարակելու հայտատուների թիվը ու չեն ասի, թե քանի տեղացի, քանի դրսի ճարտարապետ է հայտ ներկայացրել, դրսի հայտատուներից քանիսն են հայ, քանիսը՝ օտարազգի: Թե ինչու՝ չասացին: Այս տեղեկությունները հետաքրքիր են այնքանով, որ այս տարվա ապրիլի 22-24-ի հատվածում Երեւանում կայացած Ճարտարապետների համահայկական համաժողովի սփյուռքահայ որոշ մասնակիցների քննադատական վերաբերմունքը՝ այսօրվա Երեւանի տեսքից, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը որակեց ընդամենը կողքի աչք: Չնայած այս իրողությանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ ճարտարապետներին հրավիրեց մասնակցելու «Աշխարհի քաղաք» վիրտուալ ծրագրի մշակմանը, որ Հայաստանը ներկայացնելու է Չինաստանի Շանհայ քաղաքում հաջորդ տարի անցկացվելիք «EXPO-2010» միջազգային ցուցահանդեսում:
Մեր ունեցած ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, «Ավանգարդ Մոթորսի» հետ համատեղ անցկացվող մրցույթը հայտարարվել է Երեւանի Երիտասարդական պալատի տեղում շենք կառուցելու համար, ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ կառուցվի առաջին մրցանակի արժանացած նախագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել