Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԵՆՔՈՎ, ԵՐԳՈՎ ԵՎ… ՄԿՐԱՏՈՎ

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"Էդիկ Մադաթյանը ուր էլ լինի, ինչ էլ անի՝ մեկ նպատակ է հետապնդում՝ օգտակար լինել մարդկանց

Արդեն տասը տարի, Աստծո ամեն առավոտ 52-ամյա Էդիկ Մադաթյանը հայրենի Սարիգյուղից 20 կմ ճանապարհ կտրելով՝ աշխատանքի է գնում մարզկենտրոն Իջեւան: Աղստեւի ափից քիչ հեռու, մարզային գրադարանի կողքին դերձակ Էդիկի փոքրիկ արհեստանոցն է: 1982-84 թվականներին Ռիգայում հագուստագործ-մոդելավորողի միջհանրապետական բարձրագույն կուրսերը հաջողությամբ ավարտած Էդիկի արհեստանոցում մեր զրույցը ստեպ-ստեպ ընդհատում են այցելուները: Մեկը վարպետից ռետինե կախակապ է խնդրում, մեկը ուրիշը՝ անդրավարտիքի կոճակ, ռազմական ոստիկանության սեւազգեստ մի ենթասպա էլ պատվիրում է անջրթափանց վերարկու: Էդիկն օգնում է բոլորին՝ որքան հնարավոր է: Արհեստանոցի հաճախորդները մեծամասամբ կանայք են: Դա բնական է՝ հագուստի նրբություններն ու դերձակի վարպետությունը գնահատելու գործում կանայք ավելի խստապահանջ են, Էդիկն էլ Ռիգայում կանացի հագուստի մոդելավորման գործում է մասնագիտացել: Պատերազմի թոհուբոհով անցած ազատամարտիկի համբերությունը կարծես անսպառ է, կարողանում է մարդկանց հետ ոչ թե պարզապես յոլա գնալ, այլ լինել սիրալիր եւ բարի համբավ վայելել: Հին, խարխուլ մի պահարան է դրված նրա արհեստանոցում, հայելին տեղից ընկած է, աշխատանքի գործիքներն էլ ավելի քան հին են, իսկը՝ թանգարանի նմուշ:
«Սա Սովետական Միության առաջին էլեկտրական արդուկներից է, 1940 թվականի արտադրության, 6 կգ քաշ ունի»,- արհեստանոցում ձեւափոխված շալվարը արդուկելիս՝ ձեռքի գործիքն է «ներկայացնում» Էդիկը: Մյուս սարքավորումը՝ «Օրշա» կարի մեքենան համեմատաբար «երիտասարդ» է՝ 1975 թ. արտադրության:
Գուսան Էդոն վերհիշում է 90-ականների պատերազմական շրջանը, հայրենի Սարիգյուղի պաշտպանության օրերը, երբ ինքնաբուխ երգեր էին ծնվում:
«Ադրբեջանցիները գրավել էին Շահումյանը, իսկ Հայաստանի խորհրդարանում իրար միս էին ուտում: Հրաման ունեինք ետ քաշվել գյուղի սահմանագիծ հանդիսացող ռազմավարական նշանակություն ունեցող Սաթրմիշ սարից: Մեր ունեցած 3 տանկն ու հետեւակի մարտական մեքենան 2,5 կմ ետ էին քաշվել այդ բարձունքից: 1905 թվականի հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ մեր պապերը նույն տեղում խրամատ էին փորել, Սաթրմիշի համար կռվել այդ դիրքերում: Թուրքը գրոհում էր: Չնայած մեր մարտական տեխնիկայի զգալի մասը դուրս էր բերվել սահմանագոտուց, սակայն սարիգյուղցի քաջ տղերքը որոշեցին չնահանջել: Համլետ Աթաբեկյանը հրանոթով խփեց հակառակորդի տանկին, եւ սողացող հրեշը կանգ առավ: Կես ժամ անց թեժ մարտում Համլետը զոհվեց: Թոռնիկ Շահինյանն էլ ընկավ արկի բեկորից»,- վերհիշում է վարպետը: Գուսան Էդոն իր հուզիչ ու պարզ երգն է նվիրել սարիգյուղցի 6 զոհված հերոսներին. «Ա՜խ, Սաթրմիշ, Սաթրմիշ, Մայրերն էլ չանեն ախուվիշ»:
Գյուղի պաշտպանները զենք-զինամթերքի պակաս էին զգում եւ հարկադրված՝ խորհրդային բանակի սպաներից հատը մեկ ռուբլով փամփուշտ գնում: Ադրբեջանական բանակը նման խնդիր չուներ, անընդհատ գնդակոծում էր մեր դիրքերը: Սարիգյուղի պաշտպանները զինամթերք չունեին, որ 300 մետր հեռավորությամբ դիրքավորված հակառակորդին համարժեք պատասխան տային: Ստիպված գուսան Էդոն հաճախ գործի էր դնում իր «զինանոցը»՝ հզոր եւ գեղեցիկ ձայնը: Մինչ նրա կատարմամբ հնչում էր ադրբեջանական մուղամը, հակառակորդն էլ ժամերով վայելում էր «երաժշտական կատարումը», գյուղի տղաները ազատամարտիկներին էին հասցնում փամփուշտների խմբաքանակը:
Եղել են դեպքեր, երբ նրա կյանքը մազից է կախված եղել:
«1991 թվականի մայիսի 27-ին գյուղի պաշտպանության խրամատում էինք: Մեզ այցելել էր Իջեւանի շրջանային թերթի թղթակից Աշոտ Մարդանյանը, ով մարտական փորձ ուներ, Աֆղանստանում հետեւակի մարտական մեքենայի մեջ վիրավորվել էր: Նա պատմում էր Աֆղանստանում կռիվների մասին: Իմ աջ կողմում Գնել Եգանյանն էր: Հանկարծ նրա գլուխը ցած իջավ: Ադրբեջանցի սնայպերն էր խփել: Դիրքս վայրկենապես փոխեցի: Քիչ անց այն տեղը, որ ես էի զբաղեցնում, դիպուկահարի մի քանի գնդակներ խոցեցին»,- վերհիշում է Էդիկը:
1991 թվականի մայիսի 6-ին Սարիգյուղից ոչ հեռու՝ Ոսկեպարում, խորհրդային զինուժի դարանակալ հարձակումից, նոյեմբերյանցի 14 միլիցիոներներ զոհվեցին: Գյուղը շրջափակված էր խորհրդային զինուժի կողմից, այնտեղ մտնելը վտանգավոր էր: Երկու օր հետո Էդիկ Մադաթյանն ընկերոջ հետ մտավ շրջափակված Ոսկեպար: Ծովագյուղից ձուկ էին տարել, անվճար բաժանել գյուղում մնացածներին: Սարիգյուղ վերադառնալուց հետո, մի գիշերում երգ ծնվեց Ոսկեպարի պաշտպան քաջերի մասին: Հետո, երբ այդ քաջերից ոսկեպարցի Հրաչ Ալավերդյանը հետախուզության ժամանակ միայնակ կռվելով ազերի տասնյակ զինյալների դեմ՝ հերոսաբար նահատակվեց, գուսան Էդոն փոքր-ինչ ձեւափոխեց Ոսկեպարի հերոսամարտի մասին իր հյուսած երգը.
«Ոսկեպարը եռանկյունի
 Ոչ մի տեղից ճամփա չունի,
Շատերն ելան ճամփան գաղթի,
Իմացան՝ թուրքը մեզ պիտի հաղթի…
Ոսկեպարը եռանկյունի
Հրաչի պես տղա ունի…
Ելավ նա գագաթը Օդնդաղի
Ու հանեց թուրքին կռվի կատաղի…»:
Այն տարիներին գուսան Էդոն պաշտպանական դիրքերից իջնելուց հետո ինքնաձիգը Սարիգյուղի ճաշարանում էր թողնում, հետո էլ Սարիգյուղի ճաշարանում հայրենակիցներին ոգեւորում իր հայրենասիրական երգերով: Այժմ միայն ընկերների ու հարեւանների քեֆ-ուրախություններին է երգում, առանց վճարի: Նրա գործը տղաներն են շարունակում: Ավագ որդին՝ 29-ամյա Արտակը, Վանաձորի Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում վոկալ է ուսանում եւ դասական երգեր երգում: Միջնեկը՝ 28-ամյա Արծրունը, հոր նման ինքնուս երգահան է, արդեն մի սկավառակ է թողարկել: Զավակներից կրտսերը՝ Արմենը, շուտով ազգային բանակ ծառայության է մեկնելու: «Աշխարհում խաղաղություն լինի, մեր երկիրը զարգանա, որ արտագաղթ չլինի, մեր երեխաներն այլեւս օտար երկրներում դպրոց չհաճախեն»,- իր հոգու մաղթանքն ու սրտի խոսքն է ասում ազատամարտիկ Էդիկ Մադաթյանը, գուսանը, հմուտ դերձակը ու պարզապես բարի մարդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել