Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանապետերի գործերը խառն են

Նոյեմբեր 13,2009 00:00

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում սեւ-մութ ամպեր են կուտակվել շիրակցի ոստիկանապետերի գլխին. պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով քրեական գործ հարուցվեցին միանգամից երկու ոստիկանապետերի՝ Գյումրիի ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի եւ Գյումրիի ոստիկանության առաջին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանի նկատմամբ: Եվ եթե Շիրակ Շահնազարյանին պաշտոնազրկեցին երթեւեկության կանոնները խախտած մի երիտասարդի փոխարեն նրա հորը՝ Գրիգոր Վարպետյանին ոստիկանությունում պատանդ պահելու ու մի լավ ծեծելու համար, ապա Աշոտ Թափալցյանի գործերը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում են: Պատճառն այն է, որ նա թաքցրել է իր քթի տակ կատարված մարդասպանությունը. 4 երիտասարդներ, Լիդա Եդիգարյանի պատճառով, ոստիկանության շենքի դիմաց դաժան ծեծի էին ենթարկել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին՝ դառնալով նրա մահվան պատճառը, իսկ ոստիկանությունը լռել էր:
«Առավոտի» աղբյուրների հաղորդմամբ, խառն են նաեւ Ախուրյանի ոստիկանների գործերը: Հայրենի իրավապահներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվել են հանցագործություն կոծկելով: Բանն այն է, որ վերջերս «Բարձրավոլտ» էլեկտրացանցերից ահազանգել են ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ գողացել են հենասյուների անկյունակները, սակայն հերթապահ ոստիկանն այս փաստը չի գրանցել: Այս պահին Հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն է ընթանում, փորձում են պարզել, թե ո՞վ է մեղավոր, ո՞ւմ նախաձեռնությամբ է գողությունը կոծկվել. ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի՞, թե՞ նրա տեղակալի: Ի դեպ, մինչ օրս Գյումրիի ոստիկանապետի աթոռը թափուր է. ո՞վ կզբաղեցնի այն՝ դեռեւս անհայտ է, չնայած խոսակցություններ են պտտվում, որ այս անգամ Գյումրիի ոստիկանապետը կլինի երեւանցի: Մեր աղբյուրները նաեւ հաղորդում են, որ Շ. Շահնազարյանին աշխատանքից ազատելը այնքան էլ հեշտ չի եղել. սրան դեմ է կանգնել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին, ըստ մեր աղբյուրների, դրությունը փրկելու խնդրանքով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների, նախարարը Շ. Շահնազարյանի կնոջ հեռավոր ազգականն է, որն էլ այս տարվա հունվարին «քավոր» էր կանգնել Շ. Շահնազարյանին իր հին պաշտոնում վերկանգնելու համար: Փաստորեն, Շ. Շահնազարյանը, որին ոստիկանապետ էին նշանակել այն համոզմամբ, որ կկարողանա պայքարել գյումրեցի օլիգարխների «հաբռգած» որդիների կրիմինալի դեմ, անձամբ դարձավ կրիմինալի հեղինակ, ու ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ աշխատանքից հեռացվեց պաշտոնեական դիրքը չարաշահելու, տարբեր քրեական գործեր՝ որդու անձնագիրը կեղծելու, ախուրյանցիներից 50 հա հողակտոր զավթելու եւ այլն «շալակելու» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել