Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային հավաքականի մարզիկին զրկել են

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"Մարտական կարատե-ջիտսուի եւ ջիու-ջուցուի ազգային հավաքականի մարզիկ, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 2-րդ կուրսի գերազանցիկ ուսանող, միջազգային վարպետ, 3-րդ դան Արսեն Աբրահամյանը մի քանի ամիս է, ինչ զրկված է միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորությունից: Նա չկարողացավ մասնակցել անգամ նոյեմբերի 10-15-ը տեղի ունեցած աշխարհի առաջնությանը: Ոստիկանության Արտաշատի բաժինը հրաժարվեց նրան անձնագիր տրամադրել, տալ ելքի թույլտվություն, ինչը, ըստ Արսենի հոր՝ Տարոն Աբրահամյանի, ուշացած «ուղղվեց» ՀՀ ոստիկանապետի կողմից, նրան 3 օրվա ընթացքում տրվեց նոր անձնագիր: Հետո ընդդիմացավ Արտաշատի զինկոմիսարիատը, որը հրաժարվեց ստորագրել 18-ամյա Արսենի տարկետումը: Մարտական կարատե- ջիտսուի եւ հատուկ պահպանության համահայկական համաշխարհային կենտրոնը դիմեց Արարատի մարզպետ Վ. Հովակիմյանին: Արսենի մրցումներից մեկը նա էր հովանավորել: Նշենք, որ Արսենը մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ է:
«Ըստ «Զինապարտության մասին» ՀՀ գործող օրենքի, պետական բուհի ուսանողներն ազատվում են զորակոչից մինչեւ բուհն ավարտելը: Մենք Արտաշատի զինկոմիսարիատ ենք ներկայացրել ինստիտուտի փաստաթղթերը, ՀՀ գլխավոր զինկոմ Ս. Չալյանի նամակը: Զինկոմիսարիատում պատճառաբանում են, որ մարզային հանձնաժողովը պետք է հաստատի այդ տարկետումը»,- մարզպետին ուղղված դիմումում հայտնում են Աբրահամյանները:
«Առավոտի» տրամադրության տակ գտնվող ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Ս. Չալյանի այս տարվա հոկտեմբերի 6-ի պաշտոնական գրությամբ ասվում է. «Պահանջում եմ Արսեն Աբրահամյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը ձեւակերպել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի եւ գործող կարգի շրջանակներում»: Սակայն Արտաշատի զինկոմիսարիատը մինչ երեկ չէր կատարել ՀՀ զինվորական կոմիսարի պահանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել