Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԴԱՆԻ ԳԼԽԻՆ ՓՈՐՁԱՆՔ ԵՆ ԲԵՐՈՒՄ

Նոյեմբեր 13,2009 00:00

Բնապահպանների կարծիքով, քաղաքը կրկնակի կվտանգվի հարակից երկաթի հանքը շահագործելու դեպքում
Շուտով Հրազդան քաղաքը կդառնան հանրապետության ամենաթունավորված քաղաքներից մեկը: Կառավարությունը «ՆԱԳԻՆ» ընկերությանը՝ Հրազդան քաղաքից ընդամենը 750 մետր հեռավորության վրա գտնվող բազմամետաղյա հանքի շահագործման թույլտվություն է տվել: Բնապահպանների հավաստմամբ, այս հանքի շահագործումով Հրազդանի գլխին, այսպես ասած՝ «մկնդեղ են կախում»: Չնայած ընկերությունից վստահեցրել են, որ միայն երկաթ են հանելու, սակայն այդ հանքում կան մի շարք ծանր մետաղներ եւ թունավոր նյութեր:
«Առավոտի» հետ զրույցում Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը վստահեցրեց, որ հանքավայրը շահագործելու դեպքում շրջակա միջավայրին լուրջ վտանգ է սպառնում, քանի որ հանքի հենց կողքին են գտնվում Հրազդանի խմելու ջրի ավազանը, 2 բնակելի թաղամաս եւ խմելու ջրի աղբյուրներ: Է. Ենգիբարյանի խոսքերով՝ ամերիկյան համալսարանի մասնագետները հանքից փորձանմուշներ են վերցրել, ինչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ, երկաթից բացի, հանքավայրում կան թունավոր նյութեր՝ արսենիում (մկնդեղ), քրոնիում, ցինկ, պղինձ եւ այլն: «Ըստ ընկերության նախագծի, պոչամբարները գտնվելու են հանքի տարածքից ընդամենը 500 մետր հեռավորության վրա: Հանքը շահագործելու ընթացքում երկաթի հանքանյութը հանվելու է, հետո մնացած ավելորդ նյութերը լցվելու են պոչամբարը, որտեղ լցվելու են նաեւ անձրեւներն ու ձնհալը, իսկ ջրերը չեն կարող հավերժ մնալ պոչամբարում, դրանք թունավոր նյութերի հետ խառնված՝ հոսելու են, անցնելու են հողի մեջ: Տարածաշրջանի գրունտային ջրերի հավաքողը Հրազդան գետն է, ու հետագայում այդ ջրերն օգտագործվում են որպես ոռոգման ջուր, այսինքն՝ ամբողջ Արարատյան շրջանը, Հրազդանի տարածաշրջանի գյուղատնտեսական հողերը այդ ջրերով են ոռոգվելու: Դա նշանակում է՝ այն գյուղմթերքը, որ պետք է գնենք շուկայից, ոռոգված է լինելու թունավոր եւ ծանր մետաղներով հարուստ ջրով: Իսկ ծանր մետաղները մարդու օրգանիզմում ապրում են մոտ 25 տարի»:
Է. Ենգիբարյանի խոսքերով, Հրազդանն առանց այդ էլ փոշոտ քաղաք է, ցեմենտի գործարանը աշխատելու դեպքում փոշու թույլատրելիության սահմանը 6,8 անգամ գերազանցում է սահմանված նորման. «Իսկ երբ հանքը սկսեն շահագործել, կրկին փոշի է առաջանալու, ու քաղաքը թունավոր փոշու մեջ կորչելու է: Հանքի շահագործումը լինելու է կամ պայթեցումներով, կամ փորվածքով, 2 դեպքում էլ փոշի է առաջանալու, այսինքն՝ դա ծանր մետաղների փոշիացված տարբերակն է: Այդ փոշին քաղցկեղածին է, իսկ ցեմենտի փոշին ջրազրկում եւ թոքերի, շնչուղիների հիվանդություններ է առաջացնում»:
Բնապահպանների վստահեցմամբ, հանքի շահագործման թույլտվության գործընթացները գաղտնի են պահվել: Իսկ երբ շուրջ 10 հասարակական կազմակերպություն հանքի շահագործման վտանգների մասին նամակ է ուղղել ՀՀ նախագահին, Է. Ենգիբարյանի խոսքերով, բնապահպանության նախարարությունից աբսուրդ պատասխան են ստացել: Այդ գերատեսչությունից պարզաբանել են՝ «Մենք արտահանելու ենք միայն երկաթ, այլ որեւիցե մետաղ չի հանվելու»: Ըստ Է. Ենգիբարյանի, անգամ «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանի մեջ նշված է՝ Հրազդանի երկաթի հանքավայրում երկաթի պարունակությունը 27,95% է. «Իսկ մնացածը տարբեր տեսակի մետաղական օքսիդեր են՝ կուպրում, նիկել, քրոմ, ցինկ, սելենիում: Բնության մեջ այդ նյութերը միշտ լինում են հավաքական, այսինքն, ուզեն թե չուզեն, դրանք էլ են վերամշակելու: Միայն երկաթ չեն հանելու, եթե հանքավայրում պղինձ կա, ապա անպայման դա էլ են հանելու, իսկ մնացած նյութերը, որոնք պետք չեն, լցնելու են պոչամբարը, դրանք այդտեղ մնալու են՝ որպես քիմիական զենք»:
Ըստ մասնագետների, աշխարհում չկա այնպիսի պրակտիկա, որ 27,95% երկաթի պարունակությամբ հանքը բացեն ու շահագործեն, դա պարզապես տնտեսապես ձեռնտու չէ: Իսկ եթե այդ պարունակությամբ հանք են բացում, դա նշանակում է՝ վերամշակող ֆաբրիկան էլ կառուցելու են մոտակայքում, որը իրենց տնտեսապես ձեռնտու կլինի, իսկ շրջակա միջավայրի համար՝ կործանարար. «Միջազգային պրակտիկայում հանքը բացվում է երկաթի 60-70% պարունակությամբ: Ուրեմն փաստաթղթերով ներկայացնում են, որ իբր միայն երկաթ են հանելու, բայց հանքը բացելուց հետո այլ մետաղներ կհանեն»:
Մեր այն դիտարկմանը, եթե Հայաստանը հարուստ է նման հանքերով եւ շահագործելով ինչ-որ կերպ բյուջեն կլցվի, պարոն Ենգիբարյանն ասաց. «Հայաստանի տարածքն այնքան մեծ չէ, որ մեզ թույլ տանք այդքան խիտ տեղադրված հանքեր շահագործել: Մեր տարածքի համար թույլատրելի է շահագործել ընդամենը 2-3 հանք: Բացի այդ, մեզ մոտ առանց այն էլ երկաթի թափոններ շատ կան, գործարարին տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ թափոնները հավաքել, վերամշակել ու վաճառել, քան հանքը բացել»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով էլ՝ մետաղ վերամշակելու դեպքում բնությունն ու մարդկանց առողջությունն ենք վնասում. «Սա այն խնդիրն է, որ դարերով պետք է մնա որպես վերք՝ թունավոր ու ծանր նյութերով հագեցված: Հրազդանի հանքը շահագործելու դեպքում ամբողջ Արարատյան դաշտավայրն է թունավորվելու: Կառավարությունը տնտեսության զարգացման համար կարեւորում է տուրիզմը, ուզում են Ծաղկաձորը սպորտային, Հանքավանը՝ առողջարանային կենտրոն դարձնել, բայց մյուս կողմից էլ Հրազդանը շատ մոտ է Ծաղկաձորին եւ օդի աղտոտումը անխուսափելի է: Տուրիզմ զարգացնելու համար պետք է գյուղմթերքն ու օդը մաքուր լինեն, իսկ այսքան շատ մետաղների հանքեր շահագործելու դեպքում՝ դա անհնար է: Տնտեսության մի ճյուղը զարգացնում են՝ հարվածելով մյուս ճյուղերին»: Տիկին Դանիելյանի կարծիքով՝ եթե Հայաստանը լիներ Կանադայի կամ Ռուսաստանի նման մեծ երկիր, ապա կարելի է մեծ թափով հանքարդյունաբերությամբ զբաղվել. մի տարածքը կարելի էր տրամադրել հանքերին, մյուսը՝ բնակությանը. «50 տարվա համար աշխատատեղեր են բացում, հարկեր են վճարում, բայց դրանից հետո այդ տարածքում ոչինչ չես կարող անել: Պետք չէ կարճաժամկետ մտածել ու միայն շահի ետեւից ընկնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել