Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռալֆ Յիրիկյանը վստահ է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը չի զիջի

Նոյեմբեր 13,2009 00:00

Որքան էլ երեկ հրավիրված ասուլիսում լրագրողները փորձեցին լսել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կարծիքը մրցակից ընկերության՝ Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժի» սակագների կամ գործունեության վերաբերյալ, պարոն Յիրիկյանը միայն պատասխանում էր. «Ես չեմ ուզում մեկնաբանություններ եւ համեմատություններ անել: Դա օբյեկտիվորեն կարող եք անել դուք՝ ելնելով ընկերությունների ներկայացրած ծառայություններից»: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ ասուլիս էր հրավիրել նաեւ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, որը, ի տարբերություն պարոն Յիրիկյանի, լրագրողների նույն հարցին պատասխանելիս առիթը բաց չթողեց «Օրանժի» մասին իր սրտի ուզածն ասելու: Մասնավորապես, Ի. Կլիմկոն հայտարարեց, որ «Օրանժի» մուտքով շուկայում ոչինչ էլ չի փոխվել, քանի որ վերջինս ոչ մի եզակի եւ յուրահատուկ առաջարկ չունի, այն, ինչ նրանք նոր են ուզում ներդնել, «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելը» ունեն հիմնադրման օրվանից:
Պարոն Կլիմկոն նշեց նաեւ, որ մրցակցային չեն նաեւ «Օրանժի» սակագները:
Իսկ «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրենը ասուլիս էր հրավիրել ոչ թե «Օրանժին» վատաբանելու, այլ ներկայացնելու իրենց ընկերության նորարարությունները: Առաջին նոր ծառայությունը, որը ներկայացրեց պարոն Յիրիկյանը, «Բջջային հեռուստատեսությունն էր»: 3G բջջային հեռախոս ունեցող բաժանորդները կարող են դիտել իրենց նախընտրած հեռուստաալիքների հաղորդումները՝ բջջային հեռախոսով: Առայժմ ցանցին միացված են 12 հեռուստաընկերություններ, սակայն, Ռ. Յիրիկյանի հավաստմամբ, հաջորդ շաբաթ դրանց թիվը կավելանա: Այս ծառայությունը մեկնարկել է երեկվանից՝ մեկ ամիս փորձնական տարբերակով: Ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրենը, այդ մեկ ամսվա ընթացքում հաշվի կառնվեն նաեւ բաժանորդների առաջարկությունները նոր ծառայության վերաբերյալ: Փորձնական մեկ ամիսը լրանալուց հետո, բաժանորդներին մատչելի գներով կառաջարկվեն նաեւ նախապես տեսագրված տեսանյութեր, հոլովակներ եւ այլն:
Երկրորդ նորարարությունը, որը ներկայացրեց պարոն Յիրիկյանը, «Home Zone»-ն է: Հատուկ սարքի միջոցով ընկերությունն առաջարկում է ինչպես փոքր ձեռնարկությունների, այնպես էլ տան պայմաններում հաղորդակցման տարատեսակ կարիքներ բավարարող համալիր լուծում. E960 3G Wi-Fi երթուղիչ, որը տրամադրում է անսահմանափակ, անլար ու արագ ինտերնետային կապ, ներքին ցանց ստեղծելու հնարավորություն եւ մատչելի հեռախոսակապ: Երթուղիչի հետ տրամադրվում է նաեւ հատուկ հետվճարային քարտ: Այն պետք է տեղադրել սարքի մեջ եւ սարքը միացնել հոսանքին: Դրանից հետո արդեն 30-100 մ շառավղով՝ կախված տարածքի առանձնահատկություններից, տարածքում գտնվող Wi-Fi մոդեմով ապահովված բոլոր սարքերը՝ համակարգիչ, հեռախոս, MP3 նվագարկիչ եւ այլն, կարելի է միացնել ինտերնետին: Երթուղիչին միացնելով սովորական հեռախոս, բաժանորդը հնարավորություն կունենա նաեւ օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ» կապից՝ շատ հարմար սակագներով: 
Եվս մեկ նորություն, որը ներկայացրեց պարոն Յիրիկյանը, վերաբերում էր «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» ինտերնետային ծառայությանը: Իջեցվել են ինտերնետի օգտագործման սակագները: Արդեն վճարելով ֆիքսված՝ 8800 դրամ ամսավճար, բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից անսահմանափակ քանակությամբ: Տրամադրվող ինտերնետի արագությունը կլինի մինչեւ 7,2 Մբիթ/վրկ: 1 տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» E156G USB մոդեմը կտրամադրվի անվճար:
Պարոն Յիրիկյանը համոզմունք հայտնեց, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը չի զիջի առաջատարի դիրքերը. «Մենք եղել ենք առաջատար եւ մենք մնալու ենք առաջատար այս ցանցում, որովհետեւ մենք ունենք պատասխանատվություն՝ լսել բաժանորդների կարծիքներն ու առաջարկությունները եւ միշտ լինել նորարար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել