2010-ի բյուջեի նախագծի մասին պատգամավորների կարծիքները իրարամերժ են: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը երեկ ասուլիսում բանավիճում էին 2010-ի բյուջեի շուրջ: Բնականաբար, կարծիքները խիստ տարբեր էին: Եթե պարոն Վ. Այվազյանը ջանք ու եռանդ չէր խնայում բյուջեն հնարավորինս դրական կողմերով ներկայացնելու համար, ապա Ա. Մարտիրոսյանը՝ ճիշտ հակառակը, գտնում էր, որ 2010-ի բյուջեն կազմողները շարքային քաղաքացու մասին չեն մտածել: Ի պատասխան Վ. Այվազյանի այն դիտարկմանը, թե սոցիալական ծախսերի մասով կրճատումներ չեն եղել, պարոն Մարտիրոսյանը հակառակը պնդեց. «Սոցիալական ծախսերի կրճատումներ իրականում առկա են: Կենսապահովման նվազագույն զամբյուղի իրական ցուցանիշը չի համապատասխանում այն շեմին, որը դրվել է 2010-ի բյուջեի հիմքում»: «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց նաեւ, որ կան այնպիսի ոլորտներ, որոնց տրամադրված գումարը բավական շատ է, մինչդեռ դրանց հաշվին կարելի էր ֆինանսավորել առավել կարեւոր ոլորտներ: Ինչ վերաբերում է բյուջեի՝ եկամտային մասով կրճատմանը, ապա, ըստ Վ. Այվազյանի, դա միայն ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունք է: