Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՀՈՒՄ ԵՆ՝ ԻՐԵՆՑ ՔԵՖՈՎ ՔՇՈՒՄ

Նոյեմբեր 13,2009 00:00

Երթուղայինների վարորդները ամեն պահի ուղեւորներին կարող են իջեցնել ու «գրդոնի» հետեւից վազել

Մայրաքաղաքի երթուղիները սպասարկելու լիցենզիան տրամադրում է Երեւանի քաղաքապետարանը: Հետեւաբար, քաղաքապետարանն էլ պետք է վերահսկի, թե ինչպես են մեր գծատերերը կատարում լիցենզիայում քաղաքապետարանին ցույց տված գծի սպասարկման պայմանները: Բանն այն է, որ շատ երթուղիներում կազմակերպությունները գիծը սպասարկելու մրցույթն անցնում են այլ պայմաններով, բայց իրականում գիծը սպասարկում՝ բոլորովին այլ որակով: Բավական է մի քանի ուղեւորի հարցնել, եւ հստակ պատկերացում կլինի, թե որ գիծն ինչպես է սպասարկվում եւ ըստ այդմ համապատասխան պատժամիջոցներ կիրառել:
Միկրոավտոբուսային թիվ 123 երթուղին մրցույթը շահել է 39 մեքենայով: Սակայն բազմաթիվ ուղեւորներ «Առավոտին» դժգոհում են, որ իրենք ստիպված են լինում կես ժամ, 40 րոպե կանգառներում սպասել, որովհետեւ գծում մեքենաները քիչ են եւ ուշ-ուշ են սպասարկում. «Հատկապես «պիկ» ժամերին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 123-ի երթուղայինները սպասարկում են գերբեռնված, որովհետեւ աշխատում են 25 րոպե ինտերվալով: Երբ վարորդներին դժգոհում ենք, թե ինչո՞ւ ուշացաք, ասում են՝ գծում երկու մեքենա է, բա ի՞նչ էիք ուզում»: Ուղեւորները նաեւ դժգոհում են, որ իրենց սպասարկում են քանդված նստելատեղեր ունեցող մեքենաներով. «Ճիշտ է, նոր արտադրության «գազելներ» են, բայց մեջը նորմալ նստարան չկա, երթուղային նստելիս ստիպված ես ամեն անգամ փնտրել, թե ուր է թռել նստարանի վրայի շերտը՝ որ ամրացնես, մի կերպ նստես»: Այս երթուղու հետ կապված այլ դժգոհություններ էլ կան: Օրինակ, որ վարորդները հաճախ շեղվում են գծից ու իրենց քեֆով ուր ուզում՝ քշում: Քանի որ այս համարի երթուղայինները նաեւ «Ջրաշխարհի» մոտով են անցնում, հատկապես ամռան սեզոնին շատ է պատահում, երբ մի խումբ երիտասարդներ ճանապարհի կեսից կանգնեցնելով՝ առաջարկում են վարորդին քշել ուղիղ «Ջրաշխարհ»՝ առանց կանգառ անելու: Վարորդները հաշվարկելով, որ այդպես ավելի շատ գումար կաշխատեն, քան կանգառներից մարդ հավաքելով, բոլոր ուղեւորներին ստիպում են իջնել ու հաջորդ 123-ը նստել: Նույն կերպ վարորդները վարվում են նաեւ Եռաբլուրից, այսպես ասած՝ «զբոսաշրջիկ» աշակերտների կամ ուսանողների «կպցնելիս»: Գնում-խոսում են նրանց հետ ու միանգամից գծից դուրս գալիս՝ աշխատելով որպես տաքսի: Արդյունքում, չնայած փաստաթղթերում նշված է, որ այդ գիծը սպասարկում է 39 մեքենա, իրականում ուղեւորները մնում են  մի քանի մեքենայի հույսին, այն էլ՝ կախված վարորդների այդ օրվա «լեւի» գործերի քանակից:
Ինչպես ճշտեցինք քաղաքապետարանից, թիվ 123 երթուղին սպասարկում է «Պողոսյան եւ Ղազարյան» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Արամ Պողոսյանն «Առավոտին» վստահեցրեց, որ իրենք գիծը սպասարկում են ոչ թե 39, այլ նույնիսկ 40 մեքենայով. «Մեր մեքենաները քշում են 3 րոպե ինտերվալով, բացառվում է, որ 20 րոպեն մեկ քշեն, նման բան կարող է պատահել մեկ-մեկ, մեքենա է, փչանում է: 123-ը քաղաքի ամենաերկար գիծն է, Եռաբլուրից մինչեւ Նորքի 4-րդ զանգված է հասնում՝ 50 կմ քշելով: Կարճ գծերը կարողանում են իրենց ժամանակի մեջ տեղավորվել ու ռեալ օգտագործել ժամանակը: Մենք չենք կարողանում, որովհետեւ ճանապարհին մի քանի հարյուր հատ սվետաֆոր կա, պրոպկա: Մի ժամանակ 5-6 դիսպետչեր էինք կանգնացնում, դարձյալ ոչ մի ձեւ հնարավոր չէր լինում կարգավորել ինտերվալը: Կարող է մեկումեջ մեքենաները ուշ սպասարկեն, բայց, օրինակ, ժամը 6-ին խի՞ պիտի մարդը չքշի, էդ կակռազ էն ժամն ա, որ պտի քշի, իրա գումարը լրացնի: Վարորդն ի վնաս իրեն կյանքում չի աշխատի»:
Ուղեւորներից դժգոհություններ կան նաեւ թիվ 120 երթուղու սպասարկման հետ կապված: Ըստ ուղեւորների, այդ գիծը սպասարկում են «ՌԱՖ» մակնիշի մեքենաներով, որոնց դռներն անգամ նորմալ չեն փակվում: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ եք թույլատրում այդ երթուղուն՝ ուղեւորներին սպասարկել իրենց դարն ապրած, հնամաշ մեքենաներով՝ քաղաքապետարանից պատասխանեցին, որ, քաղաքապետի որոշմամբ՝ այդ երթուղում 16 միավոր շարժակազմ արդեն փոխարինվել է. «Դրանցից 10-ը եղել է «ՌԱՖ» մակնիշի եւ 2-ը՝ «Երազ» մակնիշի մեքենա։ Իսկ փոխարինող միկրոավտոբուսները բոլորը 2008 թ. արտադրության «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ են։ Բացի այդ, երթուղին համալրվել է «Գազել» մակնիշի 2008 թ. արտադրության 5 միկրոավտոբուսներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել