Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միամիտ» բացթողում

Նոյեմբեր 13,2009 00:00

ՀԿԿ-ում վրդովված են առաջին նախագահի վերջին ելույթից

ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրապուրված չէ ՀՀ առաջին նախագահի՝ ՀԱԿ-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթով, քանի որ դրանում որեւէ նոր բան չի հայտնաբերել: Բայց այդ ելույթում կա մեկ հանգամանք, որը զարմացրել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ հիմա շատ քիչ է տարբերում արմատական ընդդիմությունը ընդդիմություն խաղացողներից: Ես նկատի ունեմ ՀՅԴ-ին եւ նրա նախաձեռնության շուրջ հավաքված, ստորագրած, հետո իրենց ստորագրությունները հետ վերցրած ուժերին»: Բանն այն է, որ իր ելույթում խոսելով հայ-թուրքական արձանագրություններին «կողմ» եւ «դեմ» քաղաքական ուժերի մասին, տարբեր գնահատականներ տալով նրանց գործունեությանը՝ առաջին նախագահը Հայաստանի կոմունիստական կուսակցությանը չի հիշատակում: ՀԿԿ առաջնորդի ասելով. «Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց շատ ցայտուն երեւաց նրա հակակոմունիստ լինելը: Նա ուզում է՝ նախագահ լինի, նախագահի նախագահ կամ աշխարհակալ՝ մնում է հակակոմունիստ: Հիշո՞ւմ եք նրա «պայծառ» հայտարարությունը՝ «վերջին մեխը խփեցինք կոմունիստական կուսակցության դագաղին»: Նա երբեք չի «նկատի» կոմկուսի քայլերը, որովհետեւ մենք ստվեր ենք գցում նրա վարած քաղաքականությանը»: Ընկեր Թովմասյանը զարմանում է, որ լինելով հայոց պատմության այդքան լավ գիտակ՝ Տեր-Պետրոսյանը «բաց է թողել» արձանագրությունների նախաստորագրումից 11 օր հետո ՀԿԿ-ի տարածած հայտարարությունը, որտեղ արձանագրությունները որակվում էին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի մերօրյա տարբերակը: Ու հավելում. «Իսկ Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 11-ին՝ երկու ամիս անց է դրա մասին խոսում»:
Ռուբեն Թովմասյանն անդրադառնալով առաջին նախագահի հիշեցմանը՝ «Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ-թուրքական ներկայիս սահմանը. նրանից առաջ դա արել են դաշնակները եւ բոլշեւիկները՝ Ալեքսանդրապոլի եւ Ղարսի պայմանագրերով», արձագանքում է. «Նա պարտավոր էր իր առջեւ արդար մնալ եւ ասել, որ Ղարսի պայմանագիրը կնքվել է այլ իրավիճակում, երբ հարցականի տակ էր դրված Հայաստանի լինելու հարցը կամ մի կերպ՝ 9 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի գոյությունը: Միայն այս դեպքում նրա գնահատականը կլիներ օբյեկտիվ»։ Իսկ որ Ցեղասպանության ճանաչմանը միտված լավագույն քաղաքականությունը վարել է ՀԿԿ-ն, ընդ որում, դրա մասին բարձրաձայն չխոսելով, մեր զրուցակցի համար քննարկման հարց չէ: Ավելին, այդ հարցում Թովմասյանը՝ ի դեմս ՀԿԿ-ի, չի կիսում ոչ առաջին նախագահի, ոչ էլ ՀՅԴ-ի մոտեցումները: «Առավոտի» դիտարկմանը, որ ՀԿԿ-ն թերեւս դաշնակցականներից էլ ազգայնական դիրքորոշում է որդեգրել, ինտերնացիոնալիստ Թովմասյանը պատասխանեց. «Այո, ես ազգայնամոլ եմ Հիտլերին, որովհետեւ Հիտլերն օրինակ էր վերցրել Էնվերից, Թալեաթից եւ մյուսներից: Մարդակեր Հիտլերն էր, որ լպիրշ ու ցինիկ հայտարարություններ էր անում՝ ո՞վ է հիշում հայկական եղեռնը. կոտորեք սովետական ժողովրդին, հրեաներին, լեհերին: Այս հարցում ես ազգայնական եմ եւ հայի կեցվածքով եմ ինձ պահում ընդդեմ Հիտլերի, Էնվերի եւ Թալեաթի քաղաքականությանը: Այդպես լինելու է մինչեւ վերջ»:
Մեր զրուցակիցը նաեւ ՀԱԿ-ին ուղղված հարցեր է հնչեցնում, որոնց պատասխաններն ակնկալում էր, բայց Տեր-Պետրոսյանի ելույթից այդպես էլ չի ստացել. «Ինչի՞ ՀԱԿ-ն այդքան մեծ գործողություններ ծավալելուց, մարդկային զոհեր, քաղբանտարկյալներ ունենալուց հետո լռել է եւ ոչինչ չի ասում հետագա քայլերի մասին»: Ու հիշեցնում է Շիրազի խոսքերը՝ «Հետոն կասի, թե ո՞վ է ճիշտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել