Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՂԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՆՔ

Նոյեմբեր 13,2009 00:00

Ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

Երեկ «Առավոտի» հետ զրույցում խոսելով Հայաստանում արձանագրությունների շուրջ լավ, թե վատ ծավալված քննարկումների մասին՝ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը ցավալի փաստ համարեց այն, որ իր ասելով՝ հայ քաղաքական գործիչների, փորձագետների մի ստվար հատվածը հայ ժողովրդի պատմություն չգիտի: Փորձագետի քննադատության կամ ծաղրի թիրախը կոնկրետ դեպքում հատկապես այն ուժերի ներկայացուցիչներն ու փորձագետներն էին, որոնք տարբեր ձեւաչափի, այդ թվում՝ հեռուստատեսային, քննարկումների ու բանավեճերի ժամանակ արձանագրություններում որպես անընդունելի դրույթ մատնանշում էին, օրինակ՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանը՝ համարելով, որ դա նշանակում է ճանաչել Կարսի պայմանագիրը, որով ապագա սերունդները զրկվելու են «մեր պատմական հողերի նկատմամբ պահանջատիրության իրավունքից»:
Այս հայտարարություններին Արմեն Բադալյանն այսպես հակադարձեց՝ «Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ հողային պահանջ չունի եւ չի կարող ունենալ»: Ի հավելումն՝ նաեւ հիշեցրեց, որ տխրահռչակ Կարսի պայմանագիրը ժամանակին արդեն վավերացվել է անկախ Հայաստանի կողմից: Դա ապացուցելու համար նա պատմական մի փոքրիկ էքսկուրս արեց. «Հայաստանը 1918 թ. մայիսի 28-ին անկախացավ եւ իր անկախությունը կորցրեց ոչ թե 1920թ. դեկտեմբերի 2-ին՝ ինչպես ներկայացվում է հաճախ, այլ՝ 1922թ. դեկտեմբերի 10-ին, երբ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը Անդրֆեդերացիա ձեւավորեցին՝ ստեղծելով մեկ պետություն, իսկ հետագայում էլ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ միասին ստեղծեց Խորհրդային Միությունը: Իրականում 1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանում ընդամենը համակարգը, իշխող ուժը փոխվեց. դաշնակցականները գնացին, եկան բոլշեւիկները: Այդպես եղավ նաեւ 1998-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց, եկավ Ռոբերտ Քոչարյանը, բայց Հայաստանը դրա արդյունքում իր անկախությունը չկորցրեց: Իրականություն է նաեւ մեր պատմության մեկ այլ դրվագ. 1920թ.-ի հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կարսի պայմանագիրը, իսկ 1922թ. մարտի 20-ին Հայաստանի այն ժամանակվա անկախ պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ կենտրոնական գործադիր կոմիտեն, վավերացրել է Կարսի պայմանագիրը: Սա նշանակում է, որ մենք Թուրքիայի այսօրվա սահմանը իրավաբանորեն վաղուց արդեն ճանաչել ենք»,- պնդեց Բադալյանը: Փորձագետներից մեկը՝ Արա Պապյանը, մեր զրուցակցի ասելով, հայ-թուրքական արձանագրությունների համատեքստում սիրում է վկայակոչել Վուդրո Ուիլսոնի 1920թ. մայիսի 24-ի իրավարար վճիռը: «Այո, չեմ վիճում, որ այն մշտական ուժ ունեցող վճիռ էր: Բայց այդ փորձագետը մոռանում է, որ այսօրվա Հայաստանը, որն իր անկախ պետության հիմքերը դրեց 1990թ. հոկտեմբերի 23-ին ընդունված հռչակագրով, դրա 1-ին կետով իսկ խաչ քաշեց 1918-20թթ. Հայաստան պետության իրավական ժառանգորդը լինելու վրա: Այո, մենք նույն ժողովուրդն ենք, բայց իրավաբանորեն մենք այն անկախ Հայաստանի իրավահաջորդը չենք:  1990թ. հոկտեմբերի 23-ի անկախության հռչակագրում 1-ին կետով նոր միայն գրվեց, որ մենք նոր անկախ պետության հիմք ենք դնում, եւ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով դա հաստատվեց: Դեռ հռչակագրի քննարկման ընթացքում այն ժամանակ Գերագույն խորհրդում կար մի խումբ՝ Հրանտ Խաչատրյան, Աշոտ Նավասարդյան, որոնք առաջարկում էին հռչակագրում շեշտել, որ մենք 1918-20 թթ. անկախ Հայաստանի իրավահաջորդն ենք, բայց դա այն ժամանակ չընդունվեց: Ասել է թե՝ Ուիլսոնի իրավարար վճիռն այլեւս ուժ չունի»,- պատմական անցքերն այսպես մեկնաբանեց Ա. Բադալյանը:
Նա էլ պահանջատիրության եւ հայդատականության, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների ճանաչման մասին հայտարարություններին լուրջ չի վերաբերվում, որովհետեւ պատմական իրավունք ասվածը, նրա համոզմամբ, իրավական կատեգորիա չէ: «Մենք Թուրքիայից պահանջելու հողեր չունենք»,- հայտարարեց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե տգիտություն է կարծել, որ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, մենք հողերն ենք ուզելու, ու Թուրքիան էլ տալու է: «Հող կարող է պահանջել բացառապես այն մարդը, ով փաստաթղթերով կապացուցի, որ ինքը 1915թ. Օսմանյան կայսրությունում սպանված, բռնի տեղահանված քաղաքացու իրավահաջորդն է, որ, օրինակ՝ իր պապը Օսմանյան կայսրության այսինչ գավառում եւ այնինչ տեղում ունեցել է կոնկրետ այս հողը, տունն ու սեփականությունը, ու ինքն էլ իրավունք ունի հավակնելու նրան պատկանած գույքին, նա նաեւ պիտի ապացուցի, որ իր պապին կոնկրետ բնակավայրից բռնի տեղահանել են: Իսկ այսօր մենք տեղահանվածների ու սպանվածների ցուցակներ չունենք, չկան: Ինչո՞ւ հրեաները կարողացան գերմանացիներից փոխհատուցում ստանալ. որովհետեւ գերմանացիները կոնկրետ գրում էին՝ ում եւ որ համակենտրոնացման ճամբարում են պահել, սպանել, եւ սպանված հրեաներն էլ իրենց գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր ունեին: Մենք նման բան ունե՞նք, չունենք: Ցեղասպանությունը, այո, հանցագործություն է, բայց գույքային պահանջը միանգամայն այլ իրավական կատեգորիա է: Իսկ ի՞նչ են արել մեր իշխանությունները վերջին տասը տարիներին, երբ հայտարարում էին, թե Ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգում է՝ անհրաժեշտ պահին թուրքական իշխանությանը գույքային պահանջ ներկայացնելու համար, եթե այդպիսի հեռահար մտադրություն ունեին: Ոչինչ չեն արել: Նրանք պիտի բարի լինեին, նաեւ Դաշնակցության հետ միասին, դեռ 10 տարի առաջ ստեղծել պետական հանձնաժողով, որը կաշխատեր, կհավաքեր Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին Ցեղասպանության ենթարկված հայերի տվյալներն ու կցուցակագրեր նրանց ունեցվածքը, վեր կհաներ համապատասխան արխիվային փաստաթղթերը, որ երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանության փաստը, դրանք ներկայացվեին որպես գույքային ու ֆինանսական փոխհատուցման հիմք: Բայց դա չեն արել»,- արձանագրեց Բադալյանը: Նա ծիծաղելի որակեց ոմանց կողմից Թուրքիայում հայկական հողեր ունենալու եւ Արեւմտյան Հայաստանը պահանջելու իրավունքի մասին զգացական պնդումները: «Առավել զավեշտական է, երբ նման պահանջատիրության մասին խոսում են քաղաքական գործիչները: Արեւմտյան Հայաստան իրավական հասկացություն գոյություն չունի: Դա պատմաաշխարհագրական հասկացություն է, եւ մենք՝ հայերս, դրա նկատմամբ պահանջ չենք կարող ներկայացնել: Այնպես որ, պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել: Ավելի խոհեմ կլինի, եթե հույսներս կտրենք Արեւմտյան Հայաստանից կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Արեւելյան Անատոլիայից, առավել եւս, որ այնտեղ 17 միլիոն քուրդ է ապրում, եւ մտածենք մեր պետության ապագայի մասին»,- նաեւ «հայդատականներին» հորդորեց փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել