ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որում, ի դեպ, առաջին նախագահը գովել էր գործող նախագահին, ասաց. «Այդ ելույթը հակասական էր: Այն բաղկացած էր երեք մասից: Առաջին մասում հերթապահ քննադատություն էր, որում որեւէ լուրջ բան չկա, եւ դա ավելի շատ անհիմն քննադատություն էր, որովհետեւ դարձյալ խոսում է պատմաբանների հանձնաժողովի մասին, շատ լավ իմանալով, որ խոսքը միջկառավարական հանձնաժողովի մասին է եւ ոչ թե պատմաբանների, եւ այդ մասին հազար անգամ ասել ենք: Հազար անգամ ասել ենք նաեւ, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է, եւ շատ զարմանալի է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսում է մի մարդ, որի կառավարման տարիներին Ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգում չի եղել, եւ ինքն էլ դեմ է քվեարկել, որպեսզի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտնի անկախության հռչակագրի մեջ: Այս մասին եւս հազար անգամ ասել ենք:
Ես շատ կուզեի կարեւորել ելույթի երկրորդ մասը, որում առաջին նախագահը իրատեսական գնահատականներ է տալիս նախագահ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը եւ փաստորեն իրեն ընտրություններում հաղթած նախագահին արժանի է համարում Նոբելյան մրցանակը, ընդունում է, որ նա շաբաթվա եվրոպացի է եւ, խոսելով Սերժ Սարգսյանի մասին, ասում է, որ նա 21-րդ դարին արժանի, հեռատես քաղաքական գործիչ է, եւ որը ամբոխահաճո գործողությունների չի գնում: Տեր-Պետրոսյանի ելույթի նորությունը կարելի է համարել սա:
Ըստ էության, քննադատություն բոլորն էին սպասում: Բայց նա միաժամանակ լուրջ գնահատականներ է տալիս նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը: Ես շատ ուրախ եմ, որ ՀԱԿ առաջնորդը կարողացավ նայել ճշմարտության աչքերին եւ քաղաքական գնահատականներ տվեց նախագահի վարած քաղաքականությանը:
Ելույթի երրորդ մասը նվիրված է կանխատեսումներին. ես կոռեկտ լինելու համար ընդամենը կասեմ, որ դա ինֆորմացիայի պակասի, թերի ինֆորմացիայի արդյունք է: Եթե նա ունենար բավարար ինֆորմացիա, նման կանխատեսումներ չէր անի, որովհետեւ Ղարաբաղի հարցում նման բան գոյություն չունի: ԼՂ հարցի մասին մեր դիրքորոշումը հստակ ասել ենք, էլի՝ հազար անգամ»: