Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿՓՈԽԵԻՆ ՀՌԱՀ-Ը

Նոյեմբեր 13,2009 00:00

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ դառնալու նոր կարգի հետեւանքով էլ հազիվ թե արդարանան դրան առնչվող սպասումները:

\"\"
ՀՌԱՀ նոր անդամներից որեւէ մեկը չի խռովվի Ամալյանի հանգիստը:

Եվրոպայի խորհուրդը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը վերափոխելու գործընթացը կարեւորում էր, որպեսզի այս մարմինը ստանա իրական անկախություն՝ ազատվի քաղաքական կախվածությունից, եւ առավել կարեւոր ակնհայտ նպատակն այն էր, որ ի վերջո լուծվի այն խնդիրը, որն արդեն քանի տարի է՝ արձանագրվում է միջազգային կառույցների փաստաթղթերում հայաստանյան եթերի մասին, այն է՝ որ այն բազմակարծության խնդիր ունի:
Մշտապես մերժել եմ այս կամ այն կառույցում կամ ցուցակներում ընդգրկվելու առաջարկները: Բայց կարեւորելով այն, որ ՀՌԱՀ-ում իրոք հայտնվեն մարդիկ, որոնք կնպաստեն հայաստանյան եթերում բազմակարծության խնդրի լուծմանը, եւ հաշվի առնելով, թե կառավարությունը խոստանում է, որ հաջորդ տարի արտոնագրերի համար մրցույթ է անցկացվելու՝ համաձայնեցի «Ժառանգություն» խմբակցության առաջարկին՝ մաս կազմել ՀՌԱՀ-ի՝ Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամների թափուր տեղերի ընտրության մրցութային հանձնաժողովին: Վերջնական ընտրությունը՝ միեւնույն է, անելու է խորհրդարանական մեծամասնությունը: Ավելի՛ն՝ մրցութային այս հանձնաժողովի դերն էլ որոշ առումով վճռորոշ չէ, քանի որ նախնական ընտրության հիմք են ընդունվելու միայն գրավոր թեստերի արդյունքները՝ բնավ ոչ բանավոր հարցազրույցը կամ հանձնաժողովի քվեարկությունը:
Այս բոլոր հանգամանքները նկատի առնելով՝ շատերը քմծիծաղում էին ավելորդ լավատեսությանս վրա, թե կարողանալու եմ ինչ-որ դերակատարություն ունենալ այն հարցում, որ ՀՌԱՀ-ում հայտնվեն մարդիկ, որոնք կփոխեն այս մարմնի գործունեության որակը:
Սկզբնապես ամեն ինչ, այնուամենայնիվ, հարթ էր ընթանում: Մեր հանձնաժողովը, որում երկու ներկայացուցիչ ուներ ՀՀԿ-ն, մեկական՝ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն (ՀՅԴ ներկայացուցչին առնչվող խնդիր կար, եւ նրա տեղն առայժմ թափուր է), աշխատում էր համերաշխ՝ կազմեցինք հարցաշարերը, մրցույթ հայտարարեցինք եւ այլն:
Նոյեմբերի 11-ին բացեցինք ծրարները հայտերի, որոնք ներկայացվել էին մրցույթի մասնակիցների կողմից: Եվ քանի որ միջազգային կառույցների մեկ այլ բազմակի պահանջներից է, թե նման մրցույթները պիտի ընթանան բաց ու թափանցիկ՝ փորձեմ նպաստել գոնե այս պայմանի իրականացմանը, մանրամասնելով կատարվածը: «Գոնե» բառն օգտագործեցի, քանի որ հայտ ներկայացրածների անուններին ծանոթանալով՝ պարզ դարձավ, որ նրանց մեջ չկա որեւէ թեկնածու, որն այս տարիների ընթացքում մշտապես անդրադարձել է հեռուստաեթերի որակի խնդիրներին եւ առկա խախտումներին, ի ցույց է դրել, որ գիտի տվյալ ոլորտի օրենսդրությունը, եւ որ ավելի կարեւոր է՝ գիտի, թե ինչ պիտի աներ ՀՌԱՀ-ը եւ չի անում: Նման փորձագետների անունները հայտնի են, եւ մի քանիսից հետաքրքրվել եմ, թե ինչու չառաջադրվեցին: Պարզվեց, որ որեւէ մեկին չի հրապուրել հեռանկարը, հայտնվելու նույն կարգավիճակում, որում 2002-ին ՀՌԱՀ անդամներ Կարինե Խոդիկյանն ու Արա Թադեւոսյանն էին, որոնք երբեք իրենց քվեարկություններով չկարողացան որեւէ բան փոխել «Ա1+»-ի եւ կանխորոշված հաղթողների հարցում: Մանավանդ՝ հաշվի առնելով, որ ՀՌԱՀ-ի այդ կազմի շարժիչ ուժը՝ Գրիգոր Ամալյանը, 2007-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով վերանշանակվել է եւ մնալու է այս հանձնաժողովում մինչեւ 2013 թվականը՝ նրա գործունեությունը մշտապես քննադատած այդ փորձագետներն անգամ վիրավորական էին համարում ենթադրությունս, թե իրենք կարող էին աշխատել նրա հետ: Եվ այսպիսով, ասպարեզն ինքնակամ թողնվեց մարդկանց, որոնք ամենայն հավանականությամբ չեն ըմբոստանա մեծամասնության որոշումների դեմ: Առաջադրված 9 հոգուց շատերը բավական հարգելի մարդիկ են, բայց նրանց համար ընդունելի է հայկական հեռուստաեթերում տիրող վիճակը, քանի որ (վերստին ընդգծում եմ) փաստը մնում է փաստ՝ ո՛չ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանը, ո՛չ որեւէ այլ առաջադրված թեկնածու անցած տարիներին հրապարակավ հանդես չի եկել հեռուստաոլորտի խնդիրների վերաբերյալ իր մտահոգություններով:
Սա, բնականաբար, օրենքի պայման չէ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 41 հոդվածն ընդամենը սահմանում է. «Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուuտատեuության եւ ռադիոյի, տնտեuության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեuտի, գիտության եւ իրավագիտության, կրոնի բնագավառներում մաuնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հաuարակության լայն շրջանում՝ հեղինակություն ու վuտահություն»: Վերջին երկու հատկանիշները, ճիշտ է, խիստ սուբյեկտիվ են, բայց տարընթերցումների տեղիք չի տալիս առնվազն «հաuարակության լայն շրջանում» արտահայտությունը: Այս առումով թեկնածուներից առնվազն 2-ը պիտի տեղում մերժվեին, քանի որ նրանց չէր ճանաչում անգամ մրցութային հանձնաժողովից որեւէ մեկը:
Այժմ անդրադառնանք այն պահանջին, ըստ որի՝ թեկնածուները պիտի ունենային վերոշարադրյալ բնագավառներում աշխատանքի փորձ: ԱԺ նախագահը հոկտեմբերի 13-ի հրամանով սահմանել է Մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը, որում նաեւ մանրամասնած են, թե ՀՌԱՀ անդամի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար ներկայացվելիք փաստաթղթերը: Եվ ըստ այդ կարգի 26 «զ» կետի՝ պիտի ներկայացվեն նաեւ հետեւյալ փաստաթղթերը. «Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)»:
Քանի որ նույն կարգի 15 կետի համաձայն՝ մրցութային հանձնաժողովի լիազորությունն է քննության առնել «մրցույթին ինքնաառաջադրված անձանց փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը»՝ ծրարները բացելու ընթացքում ես փորձեցի հետաքրքրվել, թե մասնագիտական աշխատանքի ի՞նչ փորձ ունի Կորյուն Առաքելյանը, որին մինչ այժմ գիտեի իբրեւ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահի: Օրենքն արգելում է, որ ՀՌԱՀ-ին մաս կազմեն կուuակցությունների ղեկավար մարմինների անդամները, ուստի հայտ ներկայացնելուց առաջ պրն Առաքելյանին ազատել էին կուսակցական պաշտոնից: Նա դիմումում նշել է, թե ունի լրագրողական աշխատանքի փորձ եւ ինքնակենսագրության մեջ էլ արձանագրված է, թե շուրջ քսան տարի առաջ խմբագրել է երկու թերթեր: Սակայն նախ աշխատանքային գրքույկում եղած գրառումը հակասում էր այդ թերթերից առնվազն մեկի գլխավոր խմբագիրը լինելու վերաբերյալ ժամանակագրական գրառմանը, բացի այդ՝ նա չէր ներկայացրել որեւէ փաստաթուղթ, որը կհամապատասխաներ մրցութային կարգի 26 «զ» կետի պահանջներին: Այս ամենի մասին իմ դիտողությունները գնահատվեցին իբրեւ «պրիդիրկա», կանխակալ վերաբերմունք եւ երկակի ստանդարտների դրսեւորում: Թեեւ Կորյուն Առաքելյանն ուղղակի առաջին թեկնածուն էր, որի հայտը քննում էինք՝ մնացած բոլոր թեկնածուների (ասենք, նախկինում «Հանրապետություն» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցություններին անդամակցած Արմեն Մկրտչյանի) վերաբերյալ էլ, որոնք չէին ներկայացրել 26 «զ» կետին համապատասխան տեղեկատվությունը՝ կրկնվել է նույն պահանջը: Այն սկզբում բավական անբարյացակամ ընդունվեց, քանի որ կարծես ենթադրվում էր, թե հանձնաժողովի նախագահը, (որին ներկայացրել էր ՀՀԿ-ն) ուղղակի պիտի կարդա թեկնածուների ինքնակենսագրությունն ու երաշխավորագրերը, եւ մնացածը հավանություն տան:
Ի դեպ, երաշխավորագրերի մասին: Ըստ մրցութային կարգի՝ ներկայացվելիք փաստաթղթերից են «երկու երաշխավորագիր՝ զանգվածային լրատվության եւ հեռահաղորդակցության բնագավառներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից»: Սակայն բացի այն, որ թեկնածուները հաջողեցրել էին երաշխավորագրեր բերել այդ ոլորտների հետ առնչություն չունեցող, իսկ մի դեպքում էլ՝ ակնհայտորեն միայն թղթի վրա գոյություն ունեցող հ/կ-ներից, երաշխավորագրերի գերակշիռ մասն էլ տվել էր հատկապես մի լրագրողական կազմակերպություն: Եվ չկար որեւէ թեկնածու, որին երաշխավորած լիներ Երեւանի մամուլի ակումբը, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը կամ Մամուլի ազգային ակումբը:
Այնուամենայնիվ, այդ թերությունը կարող է շտկվել, քանի որ գործունեության կարգի համաձայն՝ «Եթե ինքնաառաջադրված անձի փաստաթղթերը թերի են, մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից առնվազն 10 օր առաջ տեղեկացնում է այդ մասին ու սահմանում ժամկետ՝ դրանք համալրելու կամ շտկելու համար»: Մենք այդպես էլ արեցինք՝ մինչեւ նոյեմբերի 17-ը ժամկետ սահմանեցինք, որի ընթացքում թեկնածուները պիտի ներկայացնեն նոր երաշխավորագրեր: Տեղ-տեղ անգամ սուր վիճաբանության հետեւանքով ի վերջո համաձայնության եկանք, որ պիտի փաստաթղթեր ներկայացվեն նաեւ մրցութային կարգի 26 «զ» կետի համապատասխան: Սակայն նիստից որոշ ժամանակ անց հանձնաժողովի նախագահն ինձ հեռախոսով հայտնեց, թե իրավաբանների պնդմամբ՝ մենք իրավունք չունենք նման տեղեկանքներ պահանջել՝ դա լիազորությունների գերազանցում կլիներ (թեեւ դարձյալ եմ ընդգծում, որ նման փաստաթղթեր ներկայացնելու պայմանը սահմանված էր ԱԺ նախագահի ընդունած կարգով), եւ դա կհակասի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 41 հոդվածից վերոհիշյալ մեջբերմանը: Ինձ սա վիճահարույց է թվում, եւ հարցական է մնում, թե առանց հիմքերի, որոնք կվկայեն գործնական կարողությունների մասին՝ ինչպե՞ս պիտի գնահատվի մաuնագիտական աշխատանքի փորձը: Եվ այն, որ նման փաստաթղթեր մրցույթի մասնակիցների գերակշիռ մասը չի ներկայացրել՝ ուղղակի նշանակում է, որ նման հիմքեր չկան, գոյություն չունեն:
Այս ամենն արդեն վերջնական դարձրեց որոշումս, որը հասունանում էր արդեն այն պահից, երբ տեսա թեկնածուների կազմը եւ հասկացա, թե զուր նյարդեր ու ժամանակ եմ վատնում՝ իրոք անելիք չունեմ այն խնդրի լուծման առումով, որն իմ առջեւ դրել էի: Ուստի առավել նպատակահարմար է, որ «Ժառանգությունն» այս հանձնաժողով գործուղի գուցե իրավաբանի, որն ուղղակի կհետեւի նոյեմբերի 27-ին կայանալիք մրցույթում ընթացակարգերի պահպանմանը: Գոնե ինձ համար ակնհայտ է, թե որեւէ էական, բովանդակային փոփոխություն այս մրցույթի հետեւանքով չի լինելու հայկական եթերում եւ ՀՌԱՀ աշխատաոճում: Եվ ցավոք՝ այս անգամ սա առավելապես հնարավոր է դառնալու ուղղակի չմասնակցողների շնորհիվ:
Հ. Գ. Իմ այս հրապարակումն առաջարկում եմ «Ժառանգություն» խմբակցությանն ու ԱԺ պատկան մարմիններին ընդունել որպես դիմում՝ մրցութային հանձնաժողովում իմ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել