Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ տառաստեղծները մտահո՞գ են

Նոյեմբեր 12,2009 00:00

Հայկական էլեկտրոնային տառարվեստի զարգացման համար ստեղծված «Գրանշան 2009» մրցույթին այս տարի մասնակցել են շուրջ 12 երկրների՝ Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Էկվադորի, Ռուսաստանի շուրջ 50 տառաստեղծներ, մրցույթի հաղթողներն էլ արդեն հայտնի են: Լավագույն ճանաչված աշխատանքները հոկտեմբերի 12-ին Թարգմանչաց տոնի կապակցությամբ ցուցադրվել են Օշականում, նաեւ արտերկրում: «Գրանշան 2009»-ը ընդգրկել է 6 անվանակարգ՝ հայկական շարվածքային, դասագրքային, ավանդական, լատինական, կիրիլյան, ազատ ոճի: Առաջին երեք անվանակարգերի 1-ին տեղի հաղթողը տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանն է: Օտարերկրացի մրցանակակիրները տնտեսական ճգնաժամի պատճառով չէին կարողացել Հայաստան ժամանել եւ ստանալ իրենց պատվոգրերը: Լավագույն շարվածքային տառատեսակների 2-րդ մրցանակին արժանացած «Արա ռուսա» տառատեսակի հեղինակ Արա Բաղդասարյանը մշակույթի նախարարությունում երեկ կայացած հանդիպման ժամանակ կարեւորեց եղած հին հայկական տառատեսակների ժամանակակից դարձնելն ու դրանց թվայնացումը: «Arial-ը կամ Times-ը հայկական տառատեսակներ չեն, դրանք հայկականացվել են լատինական տառատեսակի հենքի վրա, մինչդեռ մենք ունենք հին հայկական ավանդական տառատեսակներ, որոնք մշակվել են Մխիթարյանների օրոք»,- նշեց նա:
ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը մեր հարցին՝ հայկական տառատեսակներն ի վերջո կօգտագործվե՞ն համացանցում, կարեւորելով Microsoft-ի հետ համագործակցությունը, հույս հայտնեց, որ հաջորդ Windows-ում արդեն կունենանք հայկական տառատեսակներ: «Այսպես շարունակվելու դեպքում մի օր կկորցնենք մեր լեզուն, որովհետեւ համացանցում այսօր հիմնականում լատինատառ հայերենով են իրար հետ շփվում, իսկ անգլերեն կամ ռուսերեն իմացող երիտասարդները սկսել են անգլերենով շփվել»,- նշեց նա:
Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետական ծրագրերի, մշակութային համագործակցության, կրթության եւ գիտության բաժնի պետ Գառնիկ Գույումջյանն էլ միայն ցավով նշեց, որ հարցը նախարարության մտահոգության կենտրոնում է եւ տառարվեստի զարգացման համար ջանք չեն խնայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել