Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նարեկացի որոնելիս»

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Հովիկ Հախվերդյանի ֆիլմը՝ «Նարեկի» ֆենոմենի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Մոսկվա»  կինոթատրոնը սկսել են 2008-2009թթ. արտադրության գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային, մանկական-երգիծական, անիմացիոն ֆիլմերի շնորհանդեսներ եւ ցուցադրություններ: Հերթականը Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմն էր, որի պրեմիերան կայացավ նոյեմբերի 10-ին: Ֆիլմի հաջողության մեջ մեծ բաժին ուներ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ով «Նարեկն» ընթերցում էր հայերեն, պակաս տպավորիչ չէր ռուսերենը՝ Ինոկենտի Սմոկտունովսկու շուրթերից:
Ֆիլմում նկարահանվել է Հայաստանի պետական կամերային երգչախումբը, որը ցուցադրությունից առաջ հենց «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում Ալֆրեդ Շնիտկեի՝ ըստ Նարեկացու «Մատյանի», երգչախմբի համար գրված կոնցերտից մի կտոր կատարեց:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ հայտնեց, որ իրենք ռեժիսորի հետ հավասար որոնումների ու տքնանքների մեջ են եղել: Ֆիլմում նկարահանված արվեստագետներն ու անվանի մտավորականները փորձում էին մեկնաբանել «Նարեկի» անմահության խորհուրդը, բայց  մնում են այն կարծիքին, որ ավելի քան 1000 տարի ոչ մեկին  չի հաջողվել տիրանալ բոլոր բանալիներին: Ինչո՞ւ է Նարեկացու խոսքը այդքան համահունչ մեր օրերին, մեր ապրումներին: Ըստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, պատճառն այն է, որ Նարեկացին իր քերթվածում կոնկրետացրել է համաքրիստոնեական գաղափարախոսությունն ու ողջ ինտելեկտը, իսկ «Նարեկի» տաղաչափությունն էլ ծնվել է այն բնության ազնիվ ձայներից, որի ծոցում գտնվում է Նարեկավանքը: Սոս Սարգսյանի կարծիքով էլ, մարդու հոգին այսօր դարձել է միաբջիջ, դրա համար էլ «Նարեկի» խորությունն ընկալելի չէ հասարակ մահկանացուին, մյուս կողմից էլ, թեկուզ այդքան ընկալելի չլինելով, այն բժշկել է: Մտավորականները գտնում էին, որ որքան մոտենում ես Նարեկացուն, այնքան նա հեռանում է քեզնից, ստիպում նոր աստիճան հաղթահարել, որոնել իրեն ամենուր, նաեւ ինքդ քո մեջ: Կարծիք է հնչում, թե Նարեկացին պետք չուներ երաժշտության, իսկ այ, Շնիտկեին Նարեկացին իսկապես անհրաժեշտ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել