Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Արգենտինահայ կոմպոզիտոր եւ դիրիժոր Սանտյագո Չոցուրյանը՝ իր գործունեության մասին

Եղեռնից փրկված հայի մի փոքր բեկոր՝ երկու ընկեր, «Ժաննա դը Արկ» նավով հասան Փարիզ՝ հոգիներում պահած Հաճընի հրաշք պատկերները: Ի վերջո ապաստան գտան Բուենոս Այրեսում: Նրանցից մեկի՝ Նազարեթի ինքնակենսագրականը հետագայում այնքան պետք է հուզեր թոռանը՝ Սանտյագո Չոցուրյանին, որ իր կոմպոզիտորական կարիերայի ընթացքում հաճախ անդրադառնար պապի ոդիսականին, վերջինիս միջոցով՝ ազգային նկարագրին: 42-ամյա, 6 երեխաների հայր կոմպոզիտոր Սանտյագո Չոցուրյանը կնոջ՝ դաշնակահարուհի Ջուլիանայի հետ առաջին անգամ է այցելել հայրենիք: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 13-ին նա կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հայ երաժշտասերներին ծանոթացնելով նաեւ իր ստեղծագործություններին:
«Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասաց, որ իր ստեղծագործության մեխը սեփական ընտանիքի պատմությունն է՝ երաժշտության լեզվով:
Այժմ նա աշխատում է կինոռեժիսոր Կարլ Դրեյերի «Ժաննա դը Արկ» ֆիլմի երաժշտության վրա: «Նավի անվանումն արդեն բավական էր, որ նույնիսկ առանց սցենարին ծանոթ լինելու՝ համաձայնեի: Ֆիլմում առկա բազմաթիվ խաչերը ես նույնացնում եմ հայկական խաչքարերի հետ: Ի վերջո, մեր՝ հայերիս փրկությունը հենց խաչն է»,- ասաց Ս. Չոցուրյանը: Նա փոքր-ինչ ներկայացրեց իր ընտանիքը. մայրը ազգությամբ գերմանուհի է, մասնագիտությամբ՝ ուսուցչուհի, իսկ հայրը եղել է ճանաչված հեռուստատեսային ռեժիսոր, փոքր եղբայրն էլ ռոքեր է: Հայերենով շփվում է բառարանի օգնությամբ: Կյանքի այս հատվածի ընկերուհին՝ Ջուլիանան, խոստացել է լույս աշխարհ բերել երկվորյակ հայորդիների: Իսկ թե ինչով կբացատրի այսքան ուշացած այցը Հայաստան, մեր զրուցակիցն ասաց. «Առաջին հերթին՝ երեխաներս էին փոքր, միաժամանակ՝ համերգներս ու ձայնագրություններս թույլ չէին տալիս: Շնորհակալ եմ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, որի նախաձեռնությամբ եմ այստեղ»: Կոմպոզիտորը հայտնեց, որ ինքը դեռեւս 20 տարի առաջ Արգենտինայում հիմնել է դասական երաժշտության մի քանի ռադիոկայան, իսկ վերջին շրջանում Բուենոս Այրեսի համալսարանի ազգային ռադիոյի գեղարվեստական ղեկավարն է. «Մշտապես եթեր ենք սփռում Կոմիտասի, Ալան Հովհաննեսի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ մյուս հայ մեծերի արվեստը: Հիացած եմ Ալան Հովհաննեսի երկերով, պատրաստվում եմ 2010-ին ձայնագրել նրա 11 սիմֆոնիաները եւ եթե ժամանակը ների՝ անդրադառնալ նաեւ կոմպոզիտորի կամերային օպերաներին»:
Անձնական եւ ստեղծագործական կյանքից գոհ երաժիշտը ասաց նաեւ, որ մշտապես որոնումների, փնտրտուքի մեջ է, կեսկատակ-կեսլուրջ հավելելով, թե երկրային կյանքում ապրող արվեստագետը հենց այդպիսին էլ պետք է լինի: Ինչ վերաբերում է Երեւանում կայանալիք համերգին, նախ նշեց, որ հաճույքով է աշխատում Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ ուրախ է երգչուհի Իրինա Զաքյանի հետ ծանոթանալու համար. «Ձայնագրություններով շատ եմ լսել հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներին: Աշխարհում առանձնացնում են նաեւ ձեր վոկալ դպրոցը, եւ կարող եմ հայտարարել, որ այն նման է կամ հիշեցնում է իտալականը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել