Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը ժամանել է Փարիզ՝ ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Նիկոլա Սարկոզիի հետ միասին մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 91-ամյակին նվիրված միջոցառումներին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Գերմանիայի առաջնորդ այդ արարողությանը մասնակցում է Ֆրանսիայի ղեկավարի հետ միասին: Այդուհանդերձ, աղբյուրը նշել է, թե կանցլեր Մերկելին կարող է տհաճ անակնկալ մատուցվել. արարողության ժամանակ կարող է հնչեցվել Գերմանիայի հիմնի հին, «նացիստական» տարբերակը:
Որպես երկրների միջեւ հաշտության դրսեւորում՝ Փարիզ են ժամանել նաեւ Գերմանիայի եւ Ֆրանսիայի սահմանամերձ քաղաքների եւ դեպարտամենտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մոտ 2000 ֆրանսիացի եւ գերմանացի դպրոցականներ: Հիշեցնենք, որ անցյալ տարի, երբ արարողությունները Փարիզից տեղափոխվել էին Վերդեն, որտեղ 1916թ.-ին արյունալի ճակատամարտեր էին եղել, Մերկելը հրաժարվել էր մեկնել Ֆրանսիա: Երեկ առավոտյան նախագահ Սարկոզին ծաղկեպսակ է դրել հակամարտության տարիներին Ֆրանսիան գլխավորած Ժորժ Կլեմանսոյի արձանի մոտ, եւ Ելիսեյան պալատում ունեցած կարճ ելույթից հետո Սարկոզին եւ Մերկելը ուղեւորվել են Շարլ դը Գոլի հրապարակ՝ Հաղթանակի կամարի մոտ հարգանքի տուրք մատուցելու Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին: «Փարիզին եւ Բեռլինին միավորում են եվրոպական նույն արժեքներն ու նույն ձգտումները, ուստի՝ բնական է, որ մեր քաղաքական ուղենիշները գնալով ավելի ու ավելի են մոտենում իրար: Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ բարեկամությունը՝ գանձ է, որի պահպանումն ու բազմապատկումը մեր պարտքն է»,- հայտարարել է Սարկոզին: Մերկելն իր հերթին հավաստիացրել է, թե ֆրանսիացի եւ գերմանացի ժողովուրդներին «միավորում է բազմադարյան պատմությունը՝ իր երջանիկ եւ տխուր էջերով հանդերձ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել