Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ազատազրկվել է երկու ընդդիմադիր բլոգեր

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Չորեքշաբթի օրը Բաքվի շրջանային դատարանը դատապարտել է ընդդիմադիր երկու բլոգերների՝ «Օլ» երիտասարդական շարժման առաջնորդ՝ 29-ամյա Ադնան Հաջիզադեին (առաջին նկար) եւ «Alumni Network» ցանցի ղեկավար՝ 30-ամյա Էմին Աբդուլլաեւին՝ (երկրորդ նկար) համապատասխանաբար 2 եւ 2,5 տարվա ազատազրկման: Ու թեեւ նրանք մեղավոր են ճանաչվել խուլիգանություն կատարելու եւ ծեծկռտուքի ժամանակ «առողջությանը վնաս հասցնելու» մեջ, այդուհանդերձ, տեղական եւ միջազգային իրավապաշտպանները եւ իրենք՝ ամբաստանված երիտասարդները, հայտարարում են, որ դատարանի որոշումը իրականում քաղաքական այլախոհության համար Հաջիզադեի եւ Աբդուլլաեւի նկատմամբ կիրառված պատժամիջոց է: Բանն \"\"այն է, որ վերջիններս համացանցում երգիծական տեսահոլովակ էին տեղադրել, որում բլոգերներից մեկը մամուլի ասուլիսում ավանակի հանդերձանքով դատողություններ է անում Ադրբեջանում «էշերի համար բացված լայն հնարավորությունների մասին»: Իրավապաշտպանները վստահ են, որ իշխանություններն այդ փոխաբերության մեջ երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց ուղղված ակնարկ են տեսել: Նրանք պնդում են, որ հուլիսին Բաքվի ռեստորաններից մեկում ծագած ընդհարումն ու ծեծկռտուքը իշխանությունների կազմակերպած սադրանքի արդյունք է, իսկ բլոգերներին առաջադրված մեղադրանքները կեղծ են: «Նախաքննությունը հենց սկզբից ընթացել է օրենքի խախտմամբ, կողմերը եղել են անհավասար պայմաններում, խախտվել են անմեղության կանխավարկածն ու դատարանի անկողմանակալության սկզբունքները: Հետաքննություն անցկացնելու փոխարեն ոստիկանությունը անմիջապես քրեական գործ է հարուցել»,- ասել է բլոգերների պաշտպան Իսախան Աշուրովը: Իշխանությունները չեն մեկնաբանել դատարանի կայացրած վճիռն ու ընդդիմադիր բլոգերների շուրջ ստեղծված սկանդալը:
Արեւմտյան իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են Ադրբեջանի իշխանությունների կողմից այլակարծության դեմ պայքարի եւ նավթով հարուստ այդ երկրում նախագահ Իլհամ Ալիեւի գերդաստանի պաշտամունքի ձեւավորման փաստով:
Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի դատարանները ազատազրկման են դատապարտել մի քանի լրագրողի, իսկ 2009թ. հունվարից այդ երկրում սահմանափակվել է «BBC», «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռ/կ-ների հեռարձակումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել