Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

Նոյեմբեր 12,2009 00:00

Երեկ ՀՀ ԳԱԱ-ում հանդիսությամբ նշվեց մեծանուն ճարտարագետ-գիտնական, գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լենինյան եւ ՍՍՀՄ պետական 3 մրցանակների դափնեկիր, Լենինի 6 շքանշանների ասպետ, ՌՍՖՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ Սամվել Քոչարյանցի 100-ամյա հոբելյանը: «Մենք հպարտ ենք, որ ունենք նման հայրենակից»,- հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանն ընթերցեց Ռուսաստանյան դաշնային միջուկային կենտրոնի ուղերձը՝ ստորագրված կենտրոնի տնօրեն Վ. Կոստյուկովի, կենտրոնի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռ. Իլկաեւի եւ գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Յու. Ֆայկովի կողմից: Ուղերձում նշված էր. «Մենք գլուխ ենք խոնարհում Քոչարյանցի հսկայական վաստակի առջեւ, հարգանքի տուրք .ւցում նրա լուսավոր հիշատակին: Միջուկային գիտության եւ տեխնիկայի խոշորագույն գործիչների աշխատանքի շնորհիվ, որոնցից է Սամվել Քոչարյանցը, մեր աշխարհն արդեն 60 տարուց ավելի ապրում է առանց մեծամասշտաբ պատերազմի սարսափների»: Ս. Քոչարյանցի անունն ընդգրկված է Ռուսաստանյան դաշնային միջուկային կենտրոնի ականավոր գիտնականների ցուցակում՝ Անդրեյ Սախարովի, Իգոր Կուրչատովի, Յուլի Խարիտոնի եւ այլ գիտնականների կողքին: Ս. Քոչարյանցը ծնվել է 1909 թ. հունվարի 7-ին՝ Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): 1937թ. ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական ինստիտուտը եւ կատարել գիտամանկավարժական աշխատանք՝ տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում: Ապա նա աշխատանքի է անցել «Արզամաս 16-ում», որտեղ գտնվում էր Ռուսաստանյան դաշնային միջուկային կենտրոնը: Երկար տարիներ զբաղեցրել է կենտրոնի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը, մասնակցել է ԽՍՀՄ-ում ատոմային եւ ջրածնային զենքի ստեղծման եւ փորձարկման աշխատանքներին, հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակմանը, մեծ ներդրում է ունեցել կոնստրուկտորների, փորձարարների, տեխնոլոգների գիտական խոշոր դպրոցների ստեղծման եւ զարգացման գործում: Ս. Քոչարյանցը կյանքից հեռացավ 1993 թ. օգոստոսի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել