Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱԶՈՒՐԿ ԱԶԳԻՆ ՎԱՅԵԼ ԴԱՎԱՆԱՆՔ Է»

Նոյեմբեր 12,2009 00:00

Հատվածներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից (11.11.09)

Եվ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի    տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռք բերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է՝ այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։
Արդարությունը պահանջում է նշել, սակայն, որ Սերժ Սարգսյանը միայնակ չիրագործեց հայթուրքական արձանագրությունների ստորագրման ծրագիրը։ Այդ հարցում նրան անվերապահ աջակցություն ցուցաբերեցին՝ Հայաստանի Հանրապետական, «Օրինաց Երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, Հայոց եկեղեցու գերագույն հոգեւոր խորհուրդը՝ առաջնորդությամբ Գարեգին Բ կաթողիկոսի, ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ամերիկայի Հայկական համագումարը՝ նախագահությամբ Հրայր Հովնանյանի, Հայ բարեգործական ընդհանուր միությունը՝ պատվո նախագահությամբ Լուիզ-Սիմոն Մանուկյանի, ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը՝ գլխավորությամբ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայաստանի քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը՝ հանձինս բոլոր մականունավոր հայտնի դեմքերի, Պետական բուհերի ռեկտորները՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, Սուրեն Զոլյանի եւ մյուսների, եւ վերջապես, ողջ նոմենկլատուրային մտավորականությունը՝ Զորի Բալայանի, Սոս Սարգսյանի, Պերճ Զեյթունցյանի, Ռուբեն Գեւորգյանցի եւ այլոց լուռ համաձայնությամբ։ Հատկանշական է, սակայն, որ նշածս կազմակերպությունների ու խավերի ներկայացուցիչներից ոչ ոք, բացի հատուկենտ Հանրապետականներից, քաջություն չունեցավ անհատապես պաշտպանելու Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը, այլ փոքրոգաբար պատսպարվեց անձնական պատասխանատվություն չպահանջող կոլեկտիվ սատարումների եւ հայտարարությունների ետեւում։ Բոլորը, փաստորեն, լքեցին ու մենակ թողեցին իրենց նախագահին։ Ոչ մի նախարար, ոչ մի ակադեմիկոս, ոչ մի ռեկտոր, ոչ մի օլիգարխ եւ ոչ մի մտավորական անձամբ չկանգնեց նրա կողքին։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական արձանագրությունների քննադատներին, ապա որպես այդպիսիք, տարբեր նկատառումներով ու դրսեւորումներով, հանդես եկան սփյուռքահայ զանգվածները, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, «Ժառանգությունը», «Նոր Ժամանակները», «Միացում» եւ «Սարդարապատ» հասարակական շարժումները, Ռամկավար-Ազատական կուսակցության որոշ թեւեր, Դաշնակցության հրապարակային միջոցառումներին միացած շուրջ մեկ տասնյակ մանր կազմակերպություններ, ինչպես նաեւ մի քանի անհատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ՝ Վարդան Օսկանյան, Տիգրան Թորոսյան, Անդրանիկ Թեւանյան, Արամ Ամատունի, Հակոբ Բադալյան եւ այլք։ Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ ընդդիմախոս ճամբարը, առերեւույթ ընդհանրությամբ հանդերձ, ի հայտ բերեց մոտեցումների մի սկզբունքային տարբերություն՝ մոտեցումներ, որոնցից մեկի կրողը Հայ Ազգային Կոնգրեսն է, իսկ մյուսինը՝ մնացյալ բոլոր թվարկված ուժերը։ Այս հանգամանքն առաջացրեց որոշ թյուրըմբռնումներ ու անհասկացողություններ, որոնք կարոտ են հստակ պարզաբանումների։
Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է նշել, որ հստակ սահմանազատված այս երկու ճամբարներից բացի, եղավ նաեւ անտարբերների մի հսկայական զանգված, որն ընդհանրապես որեւէ կերպ չարձագանքեց հայ–թուրքական արձանագրություններին, ինչպես չի արձագանքում նաեւ ղարաբաղյան կարգավորման վտանգավոր զարգացումներին։ Որքան էլ տխուր ու մտահոգիչ, այս երեւույթը, սակայն, զարմանալի չէ, քանի որ սեփական իշխանություններից ճնշված, իրավազրկված, կեղեքված ու սովորական գոյաքարշության դատապարտված ժողովրդից չի կարելի հայրենասիրական պոռթկում սպասել։ Ընդ որում, նշված երեւույթը, որը գիտականորեն ուսումնասիրված է, հատուկ է ոչ միայն մեզ, այլեւ բոլոր մնացյալ ժողովուրդներին։ Այն բազմիցս դրսեւորվել է պատմության մեջ եւ եղել շատ պետությունների ու նույնիսկ կայսրությունների կործանման պատճառներից մեկը։ Հասարակության անտարբերությունն, անշուշտ, առայժմ ձեռնտու է իշխանություններին, եւ պետք է, առաջին հերթին, անհանգստացնի ընդդիմությանը։ Բայց վերջին հաշվով, այդ անտարբերությունը շրջվելու է իշխանությունների դեմ։ Երբ որեւէ վճռական պահի նրանք կարիքն ունենան հասարակության աջակցության, այդ աջակցությունը չեն ստանալու։ Սակայն սա, թեեւ չափազանց կարեւոր, բայց միանգամայն առանձին հարց է, որը դուրս է մեր քննության բուն առարկայից՝ ընդդիմադիր ճամբարի դիրքորոշումների գնահատականից։
Ըստ այդմ, անզեն աչքով իսկ նկատելի է, որ ի տարբերություն Կոնգրեսի, որը հայ–թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության եւ մեր երկրի իրական շահերի հետ։ Կոնգրեսն արտահայտեց երկու հստակ առարկություն, որոնցից մեկը վերաբերում է Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, մյուսը՝ արձանագրությունների վավերացման պայմանին, որը Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Ի տարբերություն Կոնգրեսի, Հայդատականություն դավանող քաղաքական ուժերը նշված առարկություններին գումարեցին նաեւ հայթուրքական ընդհանուր սահմանի ամրագրման անընդունելիության, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների ճանաչման, ինչպես նաեւ արեւմտահայության կրած նյութական վնասների փոխհատուցման հարցերը։
Այսպիսով, այդ ուժերը տպավորություն ստեղծեցին, թե իբր հայթուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսը պասիվություն ու անսկզբունքայնություն է դրսեւորում, եւ միայն իրենք են լրջորեն պայքարում Սերժ Սարգսյանի վարած «ազգակործան» քաղաքականության դեմ։ Այնինչ իրականում, իրենց առաջ քաշած իռացիոնալ պահանջներով, նրանք մի կողմից՝ անլրջացրին արձանագրությունների պարունակած ամենավտանգավոր դրույթի՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մերժելիության փաստարկը, մյուս կողմից՝ մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին՝ ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը։ Հակառակ հայաստանյան եւ մանավանդ սփյուռքյան ցույցերում կրած անձնական նվաստացումներին, Սարգսյանը ազգայնական հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը՝ աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, որը պատրաստ է հանուն իր սկզբունքների դիմել համարձակ ու ոչ ամբոխահաճ իրագործումների։ Ամենեւին պատահական չէ, հետեւաբար, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո նա ճանաչվեց «շաբաթվա եվրոպացի», որից դեպի Նոբելյան մրցանակ մի քայլ է մնում, եւ այդ քայլը հայտնի է բոլորին։
Ծայրահեղ ազգայնականները, մանավանդ Դաշնակցությունը, իրենց անհարմար վիճակի մեջ են դնում նաեւ մի այլ առումով, այն է՝ մի կողմից պաշտպանելով առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման սկզբունքը եւ դրա հիման վրա բողոքելով Թուրքիայի ներկայացրած նախապայմանների դեմ, մյուս կողմից՝ վերջինիս առջեւ սեփական նախապայմանները դնելով։ Մերկապարանոց չթվալու համար հարկ եմ համարում մի ընդարձակ մեջբերում կատարել «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության ուղենիշները» վերնագիրը կրող փաստաթղթից (23.10.09թ) (մեջբերում է «ուղենիշների» դրույթները- խմբ.):
Մարդ կարող է ուղղակի թեւաթափ լինել քաղաքականության հետ կապ չունեցող եւ հակասություններով լի այս բառակույտից։ Եթե խնդիրը չվերաբերեր մի այնպիսի լուրջ թեմայի, ինչպիսին հայ–թուրքական հաշտեցումն է, ապա կարելի էր կարծել, թե մենք գործ ունենք ոչ թե կուսակցական ծրագրի, այլ քաղաքական պամֆլետի հետ։ Այդուհանդերձ, որքան էլ խրթին ու հակասական, ասվածի իմաստը չափազանց պարզ է. ըստ Դաշնակցության՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կառուցի այնպիսի պայմանագրի հիման վրա, որը չբացառի ապագայում վերջինիս առջեւ Ցեղասպանության ճանաչման եւ տարածքային ու նյութական փոխհատուցման պահանջներ դնելու հնարավորությունը։ Տրված լինելով, որ Թուրքիան երբեք չի համաձայնի նման պայմանների, հետեւաբար, նույնքան պարզ է նաեւ այս դիրքորոշման նպատակը, այն է՝ ամեն ինչ անել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու համար, որքան էլ Դաշնակցությունը պնդի, թե «դեմ չէ եւ երբեք էլ դեմ չի եղել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանը» (ՀՅԴ առաջարկած փոփոխությունները, Երեւան 2009, էջ 2)։ Դաշնակցության եւ հայդատական մյուս ուժերի պատկերացմամբ՝ հայ–թուրքական հարաբերությունները պետք է բնականոնացվեն ոչ թե փոխզիջումների ու բարի կամքի դրսեւորման, այլ Թուրքիայի անվերապահ կապիտուլյացիայի հիման վրա։ Իսկ քանի որ Թուրքիան, կարծես թե, կապիտուլյացիայի մտադրություն չունի, նրանք քաջություն պետք է ունենան բացեիբաց հայտարարելու, որ ընդհանրապես դեմ են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Վերջիվերջո, ինչների՞ս է պետք այդ կարգավորումը, եթե Վարդան Օսկանյանի հանճարեղ դատողությամբ՝ Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում։
Բացի այս ամենից, Հայդատական ուժերի առնվազն մի մասի պահվածքն անլուրջ ու խոցելի է նաեւ պարկեշտության առումով։ Բոլորովին անհասկանալի է, օրինակ, թե ինչ իրավունքով է Դաշնակցությունը բողոքում հայ–թուրքական ներկա սահմանների դեմ, երբ ինքն է Ալեքսանդրապոլի պայմանագրով գծել այդ սահմանները։ Կամ ինչպե՞ս է Թուրքիայից պահանջում ճանաչել հայ ժողովրդի պատմական իրավունքները, երբ նույն այդ պայմանագրով հրաժարվել է Սեւրի դաշնագրից։ Ասվածը հավասարապես վերաբերում է Վարդան Օսկանյանին։ Ինչո՞ւ է, հանկարծ, նա հիշել Արեւմտահայաստանն ու հայրենի Մարաշը, երբ իր պաշտոնավարության շրջանում որեւէ կերպ չարձագանքեց Թուրքիայից հողային պահանջներ չունենալու մասին Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությանը, չասաց, որ դա դավաճանություն է, որ դրանով ոտնահարվում են հայ ժողովրդի պատմական իրավունքները եւ այլն։ Հետեւաբար, Դաշնակցությունն ու Օսկանյանն ո՞ւմ պիտի հավատացնեն, որ իրենց այսօրվա պահվածքն անկեղծ է ու միտված չէ էժան քաղաքական դիվիդենդներ շահելուն։ Թերեւս ավելորդ չէ նշել, որ հասարակության մեծամասնության համոզմամբ, անկեղծություն չի բուրում նաեւ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության ձեւական բողոքի ցույցերից եւ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի փոխարեն Էդվարդ Նալբանդյանի ուսերին բարդելու համառ ձգտումից։
Վերջապես, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունն անտեղի է նաեւ պատմական ճշմարտության տեսակետից։ Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաեւ չգործած մեղքեր գումարել։ Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ–թուրքական ներկայիս սահմանը. նրանից առաջ դա արել են դաշնակները եւ բոլշեւիկները՝ Ալեքսանդրապոլի եւ Ղարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից. դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը. այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից. դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի սեւ գործը։ Եվ վերջիվերջո, Սարգսյանը չէ, որ «նվաճել է» Մադրիդյան սկզբունքները. դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից։ Այս հարցերում Սարգսյանը պատասխանատու է միայն այնքանով, որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչակազմին, ընդ որում՝ ոչ ավելի, քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնացյալ ուժերը, որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն խաղալ եւ այդկերպ խուսափել պատասխանատվությունից։
Հայ–թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսի պասիվության կամ անսկզբունքայնության վերաբերյալ տպավորությունն, արդ, բխում է վերջինիս դիրքորոշումը Հայդատականների ավելի սուր ու արմատական թվացող դիրքորոշման հետ համեմատության մեջ դնելու խաբուսիկ հանգամանքից։

Խաբուսիկ՝ առաջին հերթին այն տարրական ճշմարտությունը անուշադրության մատնելու պատճառով, որ քաղաքականության մեջ արժեքավորը ոչ թե սուրն ու արմատականն է, այլ արդյունավետն ու բանականը։ Ինչ էլ Կոնգրեսի մասին մտածեն, լինելով խիստ ռացիոնալ քաղաքական շարժում, վերջինս չէր կարող միանալ հայ– թուրքական արձանագրությունների ստորագրման առթիվ ծավալված ազգայնական հիստերիային եւ դրանով նպաստել միջազգային ասպարեզում Սերժ Սարգսյանի դիրքերի էլ ավելի ուժեղացմանը։ Անձնապես ես եւ կոնգրեսականներից շատերը այդ բանը չէինք կարող անել նաեւ զուտ գաղափարախոսական նկատառումներով, այն է՝ հայդատականության նկատմամբ ունեցած սկզբունքային վերապահումների պատճառով։ Հայ դատը կամ այլ կերպ՝ պահանջատիրությունը, պետականազուրկ ազգին վայել դավանանք է։ Պետություն ունեցող ազգը պետք է առաջնորդվի բոլորովին այլ կատեգորիաներով։ Ժամանակն է, վերջապես, գիտակցել, որ քաղաքականության եւ իրավագիտության մեջ պատմական իրավունք հասկացություն գոյություն չունի, եւ չի կարելի աշխարհի հետ խոսել այդ լեզվով՝ անմեղսունակի վիճակում չհայտնվելու համար։ Միեւնույն է, այդ լեզուն հասկացող չկա ու երբեք չի լինելու։ Պատմական իրավունք տերմինը պատկանում է պրոպագանդայի ոլորտին, իսկ պրոպագանդան, որքան էլ կարեւոր, չի կարող ու չպետք է փոխարինի քաղաքականությանը։
Ասվեց արդեն, որ Կոնգրեսի համար հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը եղել եւ մնում է ոչ թե գաղափարախոսական, այլ քաղաքական խնդիր, հետեւաբար, ստորագրված արձանագրությունները մենք պարտավոր էինք գնահատել բացառապես քաղաքական հարթության վրա, ինչպես եւ վարվել ենք։ Ըստ այդմ, ռեալ քաղաքականության տեսակետից՝ մեզ համար արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։ Ինչո՞ւ ենք մենք առանձնապես կարեւորում այդ հարցը։ Որովհետեւ.
— հակառակ պաշտոնական քարոզչության պնդումներին եւ հավաստիացումներին, այդ հանձնաժողովի քննության գլխավոր, եթե ոչ միակ, առարկան լինելու է Ցեղասպանության հարցը, այլապես նրա ստեղծումը Թուրքիան չէր համարի իր ամենամեծ նվաճումը.
— դրանով ինքնաբերաբար կասկածի տակ է դրվելու Հայոց ցեղասպանության իրողությունը եւ դադարեցվելու է նրա միջազգային ճանաչման գործընթացը։ Մենք չենք հավատում, անշուշտ, որ Հայոց ցեղասպանությունն անցյալում ճանաչած երկրների խորհրդարանները չեղյալ են հայտարարելու իրենց որոշումները, բայց, դրա հետ մեկտեղ, չենք կասկածում, որ ոչ մի այլ երկիր այլեւս նման որոշում չի ընդունելու.
— դրանով նաեւ ծանր բարոյա-հոգեբանական հարված է հասցվելու Սփյուռքին, որի ինքնությունը, սուբյեկտիվ ցանկություններից անկախ, ողբերգական հանգամանքների բերմամբ խարսխված է Ցեղասպանության վրա, թեեւ ես կնախընտրեի, որ այն խարսխված լիներ Հայոց պետականության հզորացման գաղափարի եւ համամարդկային արժեքների վրա։
Ո՛ր կողմից էլ հարցը դիտարկելու լինենք, ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը տված համաձայնությամբ, մի այնպիսի աններելի սխալ է գործել, որը թերեւս երբեւէ հնարավոր չլինի շտկել։ Ընդ որում, սխալն աններելի է ոչ միայն քաղաքական, այլեւ գործնական առումով։ Եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նպատակը հայ– թուրքական հաշտեցմանը նպաստելն է, ապա հազիվ թե ծառայի այդ նպատակին, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն վերածվելու է անվերջ բանավեճերի թատերաբեմի՝ ավելի եւս խորացնելով երկու ժողովուրդների հակասությունները։ Իսկ եթե հանձնաժողովի ստեղծման հարցում դրսեւորած զիջման դիմաց Հայաստանի դիվանագիտությունն ակնկալում է հասնել հայ–թուրքական սահմանի բացմանը, ապա այդ զիջումը միանգամայն անհարկի է, քանի որ սահմանի բացման հարցը կախված է ոչ թե դրանից, այլ ղարաբաղյան խնդրի լուծումից։ Այսինքն՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծվեր, թե ոչ, միեւնույն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կարգավորվելու էին նաեւ հայ–թուրքական հարաբերությունները, եւ սահմանը բոլոր դեպքերում բացվելու էր։ Այնպես որ, եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը սովորական առեւտրային գործարք էլ համարենք, ապա դա միանգամայն ձախորդ գործարք է կամ գործարք է ոչ թե «հանձնաժողով՝ սահմանի բացման դիմաց», այլ, լավագույն դեպքում, «հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչման դիմաց» բովանդակությամբ։
Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առթիվ սկսել են մտահոգություններ արտահայտել հիմնականում հայ–թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո (31 օգոստ. 2009), Հայ Ազգային Կոնգրեսն այդ մասին ահազանգել է շատ ավելի վաղ ու բազմիցս։ Վերջին երկու տարվա ընթացքում միայն ես այդ հարցին հանգամանորեն անդրադարձել եմ իմ յոթ տարբեր ելույթներում, առաջին անգամ դեռեւս 2007թ. դեկտեմբերի 8-ին (տե՛ս նաեւ՝ 2008թ. սեպտ. 15; հոկտ. 17, դեկտ. 21, 2009թ. մայիս 1, մայիս 15, հունիս 12)։ Այս փաստերը ես արձանագրում եմ ոչ թե ուրիշներին կշտամբելու նպատակով, այլ ցավով ու կրկին քաղաքական նկատառումներով։ Կարծում եմ, որ եթե մնացյալ քաղաքական ուժերը ժամանակին արձագանքեին Կոնգրեսի հնչեցրած ահազանգերին եւ կենտրոնանային բացառապես տվյալ խնդրի վրա, նամանավանդ առանց այն պղտորելու պահանջատիրական հարցադրումներով, ապա թերեւս հնարավոր լիներ կասեցնել հայ–թուրքական արձանագրություններում պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ դրույթի ընդգրկումը։
Բացի պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ ունեցած սկզբունքային առարկությունից, Կոնգրեսն, ինչպես արդեն նշվեց, մտավախություն էր արտահայտել նաեւ խորհրդարանների կողմից հայ–թուրքական արձանագրությունների վավերացման պայմանի առթիվ։ Նման պայմանն ինքնին խնդիր չպիտի հարուցեր, եթե Թուրքիային հնարավորություն չտար վավերացման հարցը կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահանջի հետ։ Որ այս մտավախությունն անհիմն չէ, հաստատվում է ինչպես թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման առթիվ սկսված քննարկումների մթնոլորտով, այնպես էլ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անվերջ հայտարարություններով։ Այս ամենից հետո էլ պնդել, թե իբր հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան խնդրի լուծման հետ, պարզապես անհեթեթություն է։ Ավելին, այդ համառ պնդումները, որոնք անընդհատ հնչում են թե՛ Հայաստանի, թե՛ արեւմտյան երկրների դիվանագետների շուրթերից, ճիշտ հակառակն են ապացուցում՝ այն է, որ հայ–թուրքական կնճիռը եւ ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու են փաթեթով։ Դա ես կանխատեսել էի դեռեւս 2008թ. հոկտեմբերի 17-ի իմ ելույթում, ավելացնելով նաեւ, որ «փորձ է արվելու այդ փաթեթում ընդգրկել նաեւ Ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը», ինչն այսօր արդեն իրականություն է։
Քննարկված հարցերի առթիվ ավելի հստակեցնելու համար Կոնգրեսի դիրքորոշումը՝ հարկ եմ համարում եւս մեկ անգամ շեշտել մեր կողմից բազմիցս ներկայացված հետեւյալ հիմնադրույթները.
— Մենք կողմ ենք թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հիմնված պետք է լինի փոխզիջման եւ հավասարակշռվածության սկզբունքների վրա.
— Դրա հետ մեկտեղ, վճռականորեն դեմ ենք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թե նպաստելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու է հայ–թուրքական հաշտեցմանը.
— Ղարաբաղի հարցում մեզ համար խնդրահարույց է կարգավորման որեւէ ծրագիր, որում հստակեցված չէ խաղաղապահ ուժերի տեղակայման պարագան, սահմանված չէ Լաչինի միջանցքի կարգավիճակը եւ ամրագրված չեն հանրաքվեի անցկացման պայմանները.
— Հայ–թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բնագավառներում վտանգավոր զարգացումների կասեցման միակ միջոցը իշխանափոխությունն է, որի իրագործումը, սակայն, անհնար է, քանի դեռ այդ բանը չեն գիտակցել բոլոր քաղաքական ուժերը եւ չի հաղթահարվել հասարակության զգալի մասի անտարբերությունն ազգային հարցերի նկատմամբ.
— Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշխանության կողմն են, որքան էլ ձեւացնեն, թե իսկապես մտահոգված են նշված անցանկալի զարգացումներով.
— Իշխանափոխության եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած, այդ թվում՝ ոչ գաղափարակից ուժի հետ, բացառությամբ արտաքին ուժերի։
Որքան ինձ հայտնի է, որեւէ այլ քաղաքական ուժ այսպիսի հստակ, իրատեսական եւ Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում չի արտահայտել։ «Ոչ մի թիզ հող» «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջեւ կանգնեցնելու վտանգով։ Իսկ երբ այդ կարգախոսներն ուղեկցված չեն իշխանափոխության պահանջով, նրանք նաեւ կեղծ ու փարիսեցիական են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել