Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԴԵՄ ԵՆ

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Ուրանի հանքերի շահագործման դեմ մեծ ակցիայի նախաձեռնություն է սկսել Կապան համայնքի ավագանու անդամ, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: Պարոն Հարությունյանը հավաստիացնում է, որ կդիմի անհրաժեշտ բոլոր քայլերի՝ ուրանի հանքերի շահագործումը Սյունիքի մարզում կանխելու համար: Ակցիային ամենայն հավանականությամբ կմիանան նաեւ մարզի մյուս տարածաշրջանները: Համագործակցության հայտարարությամբ ավագանու անդամը նամակներ է ուղարկում մարզի բոլոր տարածաշրջաններին, հասարակական տարբեր կառույցներին, կուսակցություններին եւ այլոց: «Ուրանի հանքի շահագործումը վերաբերում է ողջ Սյունիքին, մեր բնակչության առողջությանը սպառնացող վտանգի մասին ամենաառաջինը մենք՝ սյունեցիներս, պետք է մտահոգվենք: Համոզված եմ, մեր ակցիայի շնորհիվ մեր ձայնը լսելի կդարձնենք հանրապետության ամենաբարձր օղակներին»,- ասում է նախաձեռնության հեղինակը: Խորեն Հարությունյանը առաջիկա օրերին նախատեսում է մեծամասշտաբ քայլարշավներ, քննարկումներ, հավաքներ անցկացնել: Ակցիային մասնակցում են «Ազատամարտ» կոմիտեի անդամները՝ ազատամարտիկները կրկին առաջին շարքերում են ու բնակչության հետ: «Մենք գնալու ենք մինչեւ վերջ, կշարունակենք մեր ակցիան այնքան ժամանակ, մինչեւ չդադարեցվի ուրանի հանքերի հետ կապված գործընթացը: Միայն այդ դեպքում կդադարեցնենք մեր ակցիան»,- հավաստիացնում է Խորեն Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել