Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաժան սպանության հետքերով

Նոյեմբեր 12,2009 00:00

Ինչու քննիչը չի արձանագրել սպանվածի մոր ասածները

Հոկտեմբերի 28-ին «Դաժան սպանություն՝ Աշտարակում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 2-ի մատույցներում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բակում առանձնակի դաժանությամբ սպանվել է 1983 թվականին ծնված Աշտարակ քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Հարություն Բեկյանը: Տեղեկացրել ենք նաեւ, որ սպանության մեղադրանքով ձերբակալվել են աշտարակցի երկու եղբայրներ եւ որ եղբայրներին «դուխ» տվողը ընտանիքին մոտ կանգնած բարձրաստիճան մի ոստիկան է՝ ոստիկանության Արագածոտնի մարզի բաժիններից մեկի աշխատակից:
Մեր աղբյուրների վկայությամբ, խոշտանգմամբ ուղեկցված խմբակային սպանության համար ձերբակալված է արդեն երեք քաղաքացի. օշականցի Արթուր եւ Ռոբերտ Օսիպյան եղբայրները, Ուշի գյուղի բնակիչ Արմեն Պետրոսյանը:
Սպանվածի հարազատները ծիծաղելի են համարում նախաքննության՝ իրենց հասած վարկածը, թե իբր սպանության շարժառիթը դեռ նախորդ ձմռանը Բեկյանի եւ Օսիպյանի մեքենաների թեթեւակի բախումն է: «Սպանության ձեռագիրը հենց վրեժի մասին է խոսում, ինչը չէր կարող առաջանալ անհեթեթ դիպվածի պատճառով: Մանավանդ որ, այդ աննշան դեպքը նույն օրն էլ հարթվել-գնացել է: Ո՞ւմ աչքերին են թոզ փչում, ինչո՞ւ չեն ուզում դեպքի իրական պատճառը վեր հանել եւ գտնել մնացած մեղավորներին: Ես համոզված եմ, որ դրանք երեքը չեն, ավելի շատ են»,- «Առավոտին» ասաց սպանված երիտասարդի մայրը՝ Ռոզա Ասլանյանը: Տիկին Ռոզան դեպքից ոչ շատ առաջ, գիշերվա 2-ի մոտ շենքի բակից բարձր ձայներ է լսել, որոնց մեջ առանձնացել է ինչ-որ կնոջ ձայն: Այնուհետեւ իրենց տան պատշգամբից ներքեւ է նայել ու բազմաթիվ մարդկանց տեսել: Բայց քանի որ մտքով չի անցել, թե ինչ է հաջորդելու դրան, մտել է տուն: Սպանվածի մայրը ցանկացել է իր տեսածի ու լսածի մանրամասները պատմել ոստիկանության Աշտարակի բաժնի քննիչ Արսեն Վարդանյանին, ով, սակայն, ըստ տիկին Ռոզայի, իր անհասկանալի պահվածքով շարունակ շեղել է զրույցը:
Ռոզա Ասլանյանին, նրա մորը՝ Մարջիկ Ասլանյանին, նրանց հարեւանուհի Արփիկ Ղազարյանին նոյեմբերի 5-ին հարցաքննության է հրավիրել քննիչ Վարդանյանը: «Նախ զարմացա, որ երեքիս միաժամանակ էր «հարցաքննում»: Ավելի շուտ՝ դա ոչ թե հարցաքննություն էր, այլ «Հարցաքննություն» վերնագրով ներկայացում: Իմ, մամայիս ու հարեւանուհուս ասածներից որեւէ բառ քննիչը գրավոր չարձանագրեց, կարգին չէր էլ թողնում, որ խոսենք, շարունակ ինքն էր խոսում. ներկայանում էր, որ իբր տեսած ու անկաշառ մարդ է, որ իրեն ոչնչով զարմացնել չեն կարող, որ շահագրգռված է հանցագործության՝ մինչեւ վերջ բացահայտման համար եւ էլի նման բաներ: Իսկ երբ սպանության ավելի հավանական՝ կնոջ վարկածի մասին ասացի, եւ ասացի նաեւ, որ դեպքի օրը ես աղջկա ձայն եմ լսել, նույնիսկ այդ աղջկա՝ Լիլոյի անունը տվեցի, քննիչն անմիջապես փոխեց թեման: Չնայած շատ վարպետորեն շրջանցեց, բայց ես հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ: Հանցագործության՝ մինչեւ վերջ բացահայտմամբ շահագրգռված անաչառ քննիչը կկառչեր հնչած անունից, կխորանար մանրամասների մեջ, իսկ նա հնարավոր ամեն բան անում էր Լիլոյի անունը չլսելու համար: Բա էս նախաքննությանը ես ո՞նց հավատամ: Սուգս թողած, գնացել-հասել եմ իր մոտ, որ ցուցմունք տամ՝ չի արձանագրում ասածներս: Էլ վստահություն կունենա՞մ գործի անաչառության նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց սպանվածի մայրը:
Քննիչ Վարդանյանը «հարցաքննության» հրավիրված վկաների հետ 40-45 րոպե զրուցելուց հետո ասել է, որ «ցուցմունք տալու համար ուրիշ օր կկանչի, որովհետեւ դեռ արյան, մազի եւ այլ մարմնամասերի փորձաքննություն պետք է կատարվի»:
Սպանված տղայի հարազատներին ու հարեւանուհուն քննիչ Վարդանյանն ասել է, որ ցուցմունք տալու կկանչի ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին: «Այդ օրը չկանչեց: Երեւի նոր ներկայացման սցենարը պատրաստ չէր: Կանչեց երկուշաբթի՝ ամսի 9-ին: Այդ օրն էլ ես չկարողացա գնալ՝ ի վիճակի չէի… Ես զգում եմ, որ մնացած մարդասպաններին բացահայտել չեն ուզում: Բայց ես թույլ չեմ տա, որ երեխայիս խոշտանգած գազաններից որեւէ մեկն անպատիժ մնա: Եթե նախաքննությունն այնպես են տանում, որ ինչ-որ «կարեւոր» մարդկանց բարեկամ-ծանոթներին ազատեն պատասխանատվությունից՝ չի ստացվի. կհասնեմ մինչեւ հանրապետության նախագահին… Մի բան չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է պաշտպանել մարդու, թեկուզ՝ նա ինչ-որ պաշտոնյայի բարեկամ է, ով իր հայրենակցի նկատմամբ թուրքից էլ վատ է վերաբերվել: Այդ պաշտպանողներն իրենց հովանավորչությամբ տարբերվո՞ւմ են արդյոք ոճրագործներից»,- հարցնում է սպանվածի մայր Ռոզա Ասլանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել