Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՂԹԵՑ

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Վճռաբեկ դատարանի որոշումից հետո էլ է շարունակվում քրեական հետապնդումը

«Առավոտի» այս տարվա փետրվարի 11-ի համարում «Իջեւանյան օրերի խրոնիկա» հրապարակմամբ անդրադարձել ենք Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի (լուսանկարում) դեմ հարուցված քրեական գործին: Քաղաքապետը իր լիազորությունների շրջանակներում քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ դիմել դատարան, ոստիկանություն, պատկան այլ կառույցների, ընդհանուր 15 տարբեր քայլեր արել եւ փորձել կանխել Ալբերտ Դավթյանի՝ քաղաքի այգում սկսած ապօրինի շինարարությունը: Քայլերից մեկն էլ Ալբերտ Դավթյանին 400 հազար դրամով տուգանելն է եղել: Չնայած սրան, քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-ի 2-րդ հոդվածով՝ «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»: Փետրվարի 17-ին մեր թերթում հրապարակվեց դատախազության  արձագանքը «Իջեւանյան օրերի խրոնիկա» հոդվածին: Դատախազությունը պնդում է, թե քրեական գործը հարուցվել է տեղին: Իսկ հոկտեմբերի 3-ին հրապարակել ենք Իջեւանի ավագանու 13 անդամներից ութի ստորագրած նամակը Տավուշի մարզպետին եւ ՀՀ վարչապետին, որով պահանջվում է քաղաքապետի պաշտոնանկությունը:
Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ «համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջի, Իջեւանի ավագանու անդամների կողմից ներկայացված փաստաթղթերը ՀՀ Տավուշի մարզպետը ներկայացրել է ՀՀ կառավարություն՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ դրանք չեն համապատասխանում ՏԻՄ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին եւ բավարար չեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: ՀՀ կառավարությունից վերադարձվել են Իջեւանի ավագանու անդամների ներկայացրած փաստաթղթերը, քանի որ դրանք չեն պարունակում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով պահանջվող համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու գործընթաց նախաձեռնելու որեւէ հիմք: Այս մասին ՀՀ Տավուշի մարզպետի կողմից գրավոր պատասխան է տրվել Իջեւանի ավագանու 8 անդամներին»: Ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ է ունեցել Վարուժան Ներսիսյանի դեմ քրգործը:
Քաղաքապետի դեմ գործը հարուցվել է 2008-ի դեկտեմբերի 18-ին, որից առաջ՝ 2008-ի նոյեմբերի 27-ին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Ալբերտ Դավթյանի ապօրինի շինարարությունը քանդելու պահանջով: Հայցը բավարարվել է: Իսկ 2009-ի փետրվարի 6-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Ալբերտ Դավթյանի հայցը եւ մերժել քաղաքապետի՝ վերը նշված 400 հազար դրամ տուգանքը բռնագանձելու պահանջը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է վարչականի որոշումը, բավարարել քաղաքապետի վճռաբեկ բողոքը եւ որոշել Ալբերտ Դավթյանից բռնագանձել 400 հազար դրամ: Վճռաբեկը արձանագրել է, որ վարչական դատարանը «դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից, իսկ վճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը իրար հակասում են»: Վճռաբեկի որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն: Այլ խոսքով, Վճռաբեկ դատարանը ընդունել է, որ քաղաքապետը ճիշտ է տուգանել Ալբերտ Դավթյանին: Ու չնայած սրան, քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
Այս ամենը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: «Ավագանու որոշ անդամներ, գերազանցնելով իրենց լիազորությունները, իրենց ակնհայտ օրենքից վեր են դասում եւ որոշակի պատվեր կատարելով, միջոցների միջեւ խտրականություն չդնելով, ստահոդ լուրեր եւ բամբասանքներ են տարածում եւ փորձում հեղինակազրկել համայնքի ղեկավարին: Այս ամենի արդյունքում տուժում է Իջեւանը եւ իջեւանցին»,- հայտարարեց Վարուժան Ներսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել