Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Նոյեմբեր 12,2009 00:00

Շենգավիթ համայնքի Նիզամի փողոցի N տան  բնակիչ Ա. Մ.-ն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին  հասցեագրած դիմումում հայտնել էր, որ իր սեփականությունը հանդիսացող Նիզամի փողոցի N տան հարեւանությամբ ընթանում է բազմահարկ շենքի շինարարություն, որի պատուհաններից ամբողջությամբ տեսանելի են իր տունն ու բակը, ինչը դժվարություններ է ստեղծում իր համար եւ վնասներ պատճառում. նրան թույլ չեն տալիս կառուցել տանիք՝ այն պատճառաբանությամբ, որ դա կարող է փակել նորակառույցի պատուհանը: Բնակիչը դիմել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից նրան պատասխանել են, որ վերը նշված հասցեի հարեւանությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրվել է բնակելի տան վերակառուցման թույլտվություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը օգոստոսի 13-ին պարզաբանումներ էր պահանջել Երեւանի քաղաքապետից եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետից:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը պարզաբանել է, որ շինարարական աշխատանքների համար տրվել է շինարարության թույլտվություն:
Սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ կառուցվող բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը ձեւակերպված են Հայաստանի գործող կարգերի խախտումներով. պահպանված չեն հեռավորության, արեւահարության, լուսավորության, տեսանելիության եւ հակահրդեհային պահանջները:
Պաշտպանի գրասենյակից երեկ տեղեկացրին, որ Պաշտպանը եզրակացրել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերը եղել են ՀՀ գործող օրենսդրության խախտումներով, որի հետեւանքով ոտնահարվել են Նիզամի փողոցի N տան սեփականատիրոջ իրավունքները:
Պաշտպանը մարդու իրավունքների խախտում է դիտել Երեւանի քաղաքապետարանի՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տված աշխատակցի գործողություններում եւ առաջարկել Երեւանի քաղաքապետին լուծել նշված պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել