Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սխալ գողերը» տառապում են

Նոյեմբեր 12,2009 00:00

Կլեպտոմանիան ամենապրոֆեսիոնալ չիրացվող խախտումն է

Կլեպտոմանների մասին «Առավոտի» հրապարակումից հետո բազմաթիվ արձագանքներ ու հարցեր եղան: Իրենց անչափահաս երեխաների խնդրով անհանգստացած ծնողները հարցնում էին՝ երբ երեխան գրիչ, խաղալիք, փոքրիկ իրեր է գողանում, չի՞ տառապում, արդյոք, կլեպտոմանիայով:
Ըստ մասնագետների, դժվարությունն այն է, որ «Կլեպտոմանիան ամենապրոֆեսիոնալ չիրացվող խախտումն» է: Օրինակ՝ պիրոմանը կրակի հանդեպ իր հակվածությամբ կարող է որոշել հրշեջ դառնալ, վտանգի թույլ զգացում ունեցողը՝ հիանալի փրկարար կամ կասկադյոր: Մինչդեռ կլեպտոմանն ընտրության հնարավորություն չունի…
«Կլեպտոմանն անձամբ հիշու՞մ է գողության պահը» հարցին մասնագետները դրական պատասխան են տալիս. այո, շատ հստակ:
«Առավոտի» զրուցակից իրավաբաններից մեկը հիշեց, թե ինչպես Ամերիկայի բժիշկները փորձարկել էին մի դեղամիջոց, որը պետք է օգներ կլեպտոմանիայով տառապող մարդկանց: Դա նոր դեղամիջոց չէր, նախկինում այն ընդունում էին ալկոհոլիզմից բուժվելու նպատակով: Ինչպես ալկոհոլիկները, կլեպտոմանները նույնպես մեղավորության սուր զգացում են ունենում, հաճախ դեպրեսիայի մեջ են ընկնում եւ անգամ ինքնասպանության փորձ անում:
Փորձարկմանը մասնակցել էր 8 հոգի: Ամեն մասնակից օրական ստանում էր 1-3 հաբ: Ազդելով ուղեղի վրա՝ դեղամիջոցը որոշ կենտրոններում թուլության զգացողություն էր առաջացրել եւ արգելափակել գողության ընթացքից ստացվող հաճույքը, որն զգում է գողացողը: Մասնակիցների մեծ մասը խոստովանել էր՝ դեղամիջոցն ընդունելուց հետո նրանց հաջողվել է վերահսկել իրենց պոռթկումները:
Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան երկար ժամանակ գործածել է կլեպտոմանիայի ոչ ճիշտ ձեւակերպումը՝ գողության վրա բռնված տասնյակ մարդկանց (եթե ոչ հարյուրավոր) սխալմամբ հիվանդ համարելով:
Ընդ որում, խանութային գողերի միայն 1/20-րդն է իրական կլեպտոման հանդիսանում: Իրավաբանները՝ առանց խորանալու գործի բժշկագիտական կողմի մեջ, սկսել են հաճախ կլեպտոմանիայով պիտակավորել այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք խարդախությունն ու կողոպուտն են: Դա արվում էր հենց իրենց՝ ձերբակալվածների ցուցմունքների հիման վրա, ովքեր հայտարարում էին, որ որեւէ կերպ չեն փորձել օգտագործել գողոնը շահադիտական նկատառումներով, այլ գողացել են՝ ելնելով բացառապես որեւէ մեկից վրեժխնդիր լինելու ցանկությունից: Սա շատ հարմար է. փաստորեն ձերբակալվածը գող չէ, այլ՝ հիվանդ անձնավորություն:
Ի տարբերություն սովորական գողերի, ովքեր իրենց լավ են զգում, որ չեն բռնվել, «սխալ» գողերը կամ կլեպտոմանները գողությունը կատարելուց հետո, կարելի է ասել՝ դժոխային տանջանքներ են ապրում, քանի որ իրականում նրանք ազնիվ եւ քրեական աշխարհից հեռու անձնավորություններ են: Սակայն չգողանալ՝ նրանք եւս չեն կարող:
Այդպիսի մարդկանց, որպես կանոն, տարբերակում է ցածր ինքնագնահատականը, միայնության զգացումը եւ ենթագիտակցական վրեժխնդրությունն այն բանի համար, որ իրենք այդքան վատն են:
Խորը սթրես ապրող անհատը կարող է ինքն իրեն աղանդեր մատուցել. խանութում կատարել գնումներ կամ գողություն, ինչպես դա անում են ոչ ճիշտ, ոչ տիպիկ գողերը: Այնպես որ, ոչ տիպիկ գողը՝ գտնվելով աֆեկտի վիճակում, միշտ չէ, որ կարող է վերահսկել հոգու պոռթկումները: Իսկ մնացյալ ժամանակ նրանք օրինապահ քաղաքացիներ են: Եվ հոգեբանները սովորաբար պնդում են, որ արդարադատությունը վերջիններիս հետ չափազանց խիստ չվարվի:
Բազմաթիվ ծնողներ, որոնց երեխաները սկսում են գողությամբ զբաղվել, երբեմն հանգում են հետեւյալ մտքին. իսկ գուցե իմ երեխան կլեպտոմա՞ն է: Շտապենք հանգստացնել ձեզ. նշված շեղումն այնքան հազվադեպ է, որ հազիվ թե դիպչի ձեր երեխային:
Նորմայից շեղում չի համարվում նաեւ այն, եթե փոքրիկը մեկ անգամ գողություն է արել. նշանակում է՝ նա մեծանում է, ճանաչում աշխարհը եւ փորձված ձեւով ստուգում թույլատրելիի սահմանները: Դաստիարակչական զրույցից հետո ուրիշինը վերցնելու ձգտումն անցնում է:
Լինում են նաեւ դեպքեր, երբ երեխաները գողանում են այն, ինչ չեն կարող գնել: Մի ժամանակ Մոսկվայում գողությունների մի ամբողջ շարք էր իրականացվում «Նոր ռուսների» երեխաների կողմից. նրանք լավ գրպանի փողեր էին ստանում, կարող էին ձեռք բերել ցանկացած հավանած իրը, սակայն գերադասում էին գողանալ, որպեսզի այդպիսով գրավեին ծնողների ուշադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել