Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Նոյեմբեր 12,2009 00:00

Ծանոթանալով «Առավոտ» թերթում (10.11. 09) տպագրված «Ինչու վիրահատեցիք» հոդվածի բովանդակությանը, պարզաբանում ենք, որ հիվանդ Ս. Հ.-ն, ծնված 1963 թ., ընդունվել է ՈՒԱԿ-ի մամոլոգիա 2 բաժանմունք՝ 01.10.09, հիվանդության պատմագիր՝ 7129, ձախ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ։ Հիվանդը մինչ Ուռուցքաբանության ազգային կենտրոն ընդունվելը հետազոտվել էր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի կենտրոն), որտեղ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ։ Ուռուցքաբանության կենտրոն ընդունվելու օրը (01.10.09) հիվանդի մոտ կատարվել են որովայնի խոռոչի եւ փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիկ, ինչպես նաեւ կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական հետազոտություններ։ Հաջորդ օրը (02.10. 09) պլանավորած էր կատարել արյան եւ մեզի լաբորատոր քննություններ, գինեկոլոգի կոնսուլտացիա եւ պարտադիր կերպով ուռուցքի պունկցիոն բիոպսիա՝ հետագա բջջաբանական քննությամբ։ Սակայն հիվանդը կլինիկա չի ներկայացել, եւ բուժող բժշկի հետ հեռախոսային զրույցի ժամանակ խնդրել է իրեն ժամանակ տալ տվյալ քննություններին (հատկապես պունկցիոն բիոպսիային) հոգեբանորեն պատրաստվելու համար։ Հաջորդ երկու օրերը (03 եւ 04.10.09) եղել են ոչ աշխատանքային (շաբաթ եւ կիրակի)։ Դրանց հաջորդող օրը (05.10.09) հիվանդը կրկին չի ներկայացել Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչի պատճառով հիվանդության պատմագիրը փակվել է, եւ հիվանդը դուրս է գրվել։ Սակայն կլինիկայում զննվելու ընթացքում, հաշվի առնելով մաշկի ակնհայտ ներգրավվածությունը ուռուցքային պրոցեսի մեջ, ինչպես նաեւ անութափոսում առկա մեծացած ավշային հանգույցի առկայությունը, հիվանդի մոտ արդեն իսկ կլինիկորեն ախտորոշվել էր ձախ կրծքագեղձի քաղցկեղ՝ T4N1Mօ, որը միջազգային մասնագիտական դասակարգման մեջ համապատասխանում է IIIb փուլին։ Նման պարագայում հետազոտությունները ամբողջությամբ ավարտելուց հետո եւ այլ ախտաբանական օջախներ չհայտնաբերելու դեպքում հիվանդին կառաջարկվեր անցկացնել նեոադյուվանտ քիմիաթերապիայի կուրսեր եւ ուռուցքի հետաճի դեպքում միայն՝ արմատական վիրահատություն։ Սակայն, ինչպես հայտնի է, հիվանդը հրաժարվել է ինչպես առաջարկված հետազոտություններից, այնպես էլ բուժումից։ Անդրադառնալով հոդվածին՝ ուզում ենք նշել.
Ըստ հոդվածագրի, հիվանդի մոտ մամոգրաֆիայի կենտրոնում ախտորոշվել է կրծքագեղձի բարորակ ուռուցք։ Մինչդեռ նույն հոդվածում առկա է մամոգրաֆիկ կենտրոնի պատասխանի պատճենը, որտեղ պարզորոշ ներկայացված է՝ ձախ կրծքագեղձի cancer T2 (լատիներեն նշանակում է քաղցկեղ)։
* Ըստ հոդվածագրի, ՈՒԱԿ-ի բժշկի եզրակացությամբ «Մաշկը ներաճած է ուռուցքի հետ, եւ ավշահանգույցներն ախտահարված չեն»: Մինչդեռ նույն հոդվածի մեջ առկա է նաեւ հիվանդի էպիկրիզի պատճենը, որտեղ նշված է, որ ձախ անութափոսում շոշափվում է մեծացած ավշային հանգույց՝ 1,5×1,5սմ չափերով։ Ի դեպ, մամոգրաֆիայի պատասխանի մեջ նույնպես նշված է մեծացած ավշային հանգույցների առկայությունը։
* Ըստ հոդվածագրի, հիվանդը Ուռուցքաբանության կենտրոնից վերցրել է 4-րդ փուլի եզրակացություն։ Մինչդեռ, նույն էպիկրիզից երեւում է, որ խոսքը  վերաբերում է ոչ թե 4-րդ փուլին, այլ T4 ախտորոշմանը, ըստ TNM միջազգային դասակարգման։ Միաժամանակ ուզում ենք նշել, որ այստեղ չկա որեւէ սխալի կամ հակասության խնդիր, քանի որ մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ հիմք է ընդունվել ուռուցքի չափսը, ինչի հիման վրա էլ դրվել T2 փուլ ախտորոշումը։ Կլինիցիստն էլ իր հերթին հաշվի առնելով մաշկի ներգրավվածությունը՝ ախտորոշել է T4։ Սա խիստ նորմալ երեւույթ է, քանի որ վերջնական ախտորոշումը կատարվում է բուժող բժշկի կողմից՝ համալիր հետազոտությունների հիման վրա։
Հոդվածում առկա են նաեւ բազմաթիվ անհարիր եւ անհիմն վիրավորական արտահայտություններ՝ ուղղված ինչպես բուժող բժիշկներին, այնպես էլ ՈՒԱԿ-ին, սակայն սրանք մենք վերագրում ենք հիվանդի զգացմունքային վիճակին եւ զերծ ենք մնում մեկնաբանություններից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել