Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրենիքը լքում են՝ ցածր աշխատավարձի պատճառով

Նոյեմբեր 12,2009 00:00

Ըստ ՄԱԿ-ի մարդկության զարգացման վերաբերյալ զեկույցի, հայերը հեռանում են հայրենիքից՝ ցածր վարձատրության եւ աշխատանք չլինելու պատճառով:

«Մեքսիկացի Խուանը ծնվել է գյուղական աղքատ ընտանիքում: Նրա ընտանիքը ջանք ու եռանդ չխնայելով աշխատում էր, որպեսզի Խուանը կրթություն ստանա եւ ապահովված լինի բժշկական օգնությամբ: Չնայած դրան, նա 12 տարեկանում թողնում է ուսումը եւ սկսում աշխատել իր ընտանիքի անդամների հետ, որպեսզի կարողանան կերակրվել: 6 տարի անց նա իր հորեղբոր հետքերով մեկնում է Կանադա՝ հուսով, որ ավելի շատ գումար կկարողանա աշխատել, քանի որ Կանադայում մարդկանց եկամուտները 3 անգամ բարձր են, իսկ կյանքի տեւողությունը 5 տարով երկար է, քան Մեքսիկայում: Խուանին հաջողվում է ստանալ Կանադայում ժամանակավոր աշխատանքի թույլտվություն, այնուհետեւ մշտական բնակության իրավունք, որի արդյունքում նա դառնում է ղեկավար այն ընկերությունում, որտեղ հիմնականում աշխատում էին բնիկ կանադացիներ: Սա մեկն է այն միլիոնավոր պատմություններից, որոնք ամեն տարի տեղի են ունենում մարդկանց հետ, որոնք ձեռք են բերում նոր հնարավորություններ եւ ազատություններ՝ տեղափոխությունների շնորհիվ»,- Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) մարդկության զարգացման վերաբերյալ զեկույցը սկսվում է նման օրինակներով: Զեկույցի հեղինակների կողմից միգրացիան հիմնականում դիտարկվել է որպես դրական երեւույթ ու բոլոր երկրների համար զարգացման գրավական, քանի որ միգրանտները դրամական փոխանցումներով բարելավում են իրենց հայրենիքում մնացած հարազատների կենսամակարդակը: Չնայած սրան, չեն բացառվել նաեւ բացասական հետեւանքները:
Ըստ զեկույցի հեղինակների, տուժում են հատկապես անլեգալ միգրանտները, որոնք խնդիրներ ունենալու դեպքում ընդհանրապես չեն կարողանում որեւէ պաշտպանություն գտնել:
Ընդհանուր առմամբ, ըստ ՄԱԿ-ի այս տարվա զեկույցի, աշխարհում կա 954 միլիոն միգրանտ, այսինքն՝ մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը միգրանտ է: Նշված թվից միայն 214 միլիոնն է միջազգային միգրանտ համարվում, մնացածը՝ ներքին, այսինքն՝ տեղաշարժվում են իրենց պետության ներսում:
Միայն Հայաստանից վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթել է 1 միլիոն մարդ, որոնց մեծ մասը՝ Ռուսաստանի Դաշնություն: Մարդկանց տեղաշարժերի պատճառները տարբեր են: Կոնկրետ հայ միգրանտների մեծ մասը հայրենիքը լքում է հիմնականում աշխատանքի բացակայության կամ ցածր աշխատավարձի համար:
Զեկույցում նշվում է, որ միգրանտները օգտակար են դառնում այն երկրին, որտեղ տեղափոխվում են, քանի որ բազմաթիվ ծանր աշխատանքներ են կատարում տվյալ երկրի համար՝ սկսած շինաշխատանքներից մինչեւ ծերերին եւ երեխաներին խնամելը, սակայն զարգացած երկրները չեն ցանկանում նրանց հետ գործ ունենալ եւ արհեստական խոչընդոտներ են ստեղծում միգրանտների համար:
Չնայած դրան, զեկույցի հեղինակների կարծիքով, միգրացիան առաջին հերթին անհրաժեշտ է հենց այս երկրներին, որովհետեւ վերջիններիս բնակչությունը ծերանում է ու երիտասարդների թիվը գնալով պակասում է, ինչը ահազանգում է այն մասին, որ այդ երկրները աշխատանք կատարողներ քիչ ունեն, ուստի ՄԱԿ-ի փորձագետները խորհուրդ են տալիս խոչընդոտներից զերծ մնալ, ազատականացնել տեղաշարժերը եւ չվախենալ նորեկներից: Սակայն նշենք, որ փորձը ցույց է տալիս, որ այս երկրների վախերն այնքան էլ անհիմն չեն, քանի որ միգրանտներից շատերը՝ մանավանդ անլեգալ բնակվողները, հանցագործություններով են իրենց օրվա գումարը սկսում աշխատել, ուստի վնաս են հասցնում տվյալ պետության հիմնական բնակչությանը:
Զեկույցում նշվում է նաեւ, որ շատ են հարկադիր միգրանտները, որոնք հեռանում են իրենց բնակության վայրից ոչ թե ավելի մեծ եկամուտներ կամ բարձրակարգ կրթություն ստանալու, այլ այն պատճառով, որ ապահովված չէ նրանց անվտանգությունը: Այդպիսի իրավիճակում էին, օրինակ, Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամ Վրաստանում ապրող օսեթներն ու աբխազները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել