Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ ԱՎԵՐԵԼ Է, ՈՐ ԽԱՆՈՒԹ ԿԱՌՈՒՑԻ

Նոյեմբեր 12,2009 00:00

Մի քանի բնակելի շենքերի ընդհանուր բակը տրամադրվել է քաղաքացի
Հովհաննես Ամիրքանյանին՝ խանութ կառուցելու նպատակով:

\"\" \"\"

Երեւանի Վարդաշեն համայնքի Գուրգեն Մահարու 39/1 շենքի բակը դարձել է իսկական շինարարական հրապարակ, ինչն էլ հարուցել է հարեւան բնակելի շենքերի բնակիչների դժգոհությունը: Դեռ բավական չէ, որ շենքից դուրս գալու եւ որեւէ տեղ գնալու համար նրանք ստիպված են անցնել շինարարական աղբի ու ցեխի միջով, դեռ մի բան էլ ամբողջ օրը՝ մեծից մանուկ, շնչում են շինարարական եռուզեռից առաջացած կեղտոտ փոշին:
Այս տարածքը նախկինում խաղահրապարակ էր, որը միակ տեղն էր, որտեղ կարող էին խաղալ այս շենքերի երեխաները: Իսկ հիմա տարածքում հսկայական փոս է փորվել, տարածքը պատվել է կապույտ պաստառներով ու սկսվել են շինարարական աշխատանքները: «Մեր երեխաները այլեւս տեղ չունեն խաղալու: Փոքրիկ բակ էր՝ փոքրիկ հրապարակով, դա էլ շատ համարվեց մեզ համար: Եթե օբյեկտը կառուցվի, երեխաներին այլեւս թույլ չեն տա մոտենալ տարածքին, էլ ուր մնաց՝ այդտեղ խաղան»,- դժգոհում էին բնակիչները: Մեր տեղեկություններով, տարածքի սեփականատերը հենց այս բակի շենքերից մեկի բնակիչ Հովհաննես Ամիրքանյանն է, որը այս տարվա փետրվարին է Երեւանի քաղաքապետարանից ստացել շինթույլտվություն, սակայն չանցած մի քանի ամիս՝ տարածքը վաճառել է մեկ այլ քաղաքացու: Նույն աղբյուրների հավաստմամբ, Հ. Ամիրքանյանը տարածքը գնել էր՝ խանութ կառուցելու համար, սակայն երբ այն վաճառվեց՝ արդեն հայտնի չէ, թե ինչ օբյեկտ է կառուցվելու:
Իրավունք ունե՞ր շինթույլտվություն ստացած քաղաքացին այս տարածքը մի քանի ամսվա ընթացքում վաճառել մեկ ուրիշի կամ տարածքն ի՞նչ նպատակներով է վաճառվել, Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ հողի վերահսկողության բաժնի աշխատակիցները մեր հարցերին կարող են պատասխանել միայն տարածքի ուսումնասիրությունից հետո:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել