Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԿՑԻԱՅԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ՝ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՊՐԱՆՔ ԵՆ «ՍԱՂԱՑՆՈՒՄ»

Նոյեմբեր 12,2009 00:00

Գնորդները հավաստիացնում են, որ հայտնվել են խաբվածի կարգավիճակում

Արդեն 2 օր է, ինչ «SAS» սուպերմարկետների ցանցը խիստ մարդաշատ է, պատճառը խանութների ցանցի հայտարարությունն է՝ որոշ ապրանքներ կես գնով վաճառելու վերաբերյալ: 50% զեղչերը գործում են «Արզնի» ֆիրմայի ձվերի, «Պալմոլիվ» լոգանքի գելերի, «Սերեբրոմ» օղիների, «Զոլոտայա սեմեչկա» ձեթերի եւ «Ալեքսանդրապոլ» անվանումով գարեջրերի համար: Որոշ չափով զեղչվել էին նաեւ «Յարմարկա» բրինձները, «Կալվե» մայոնեզը, «Գալաքսի» լավաշները եւ այլ ապրաքատեսակներ: Քաղաքացիները այնքան ոգեւորված էին շտապել գնումների, որ սուպերմարկետներում հսկայական հերթեր էին առաջացել: Ավելի ուշ, «Առավոտի» հետ զրույցում որոշ գնորդներ պատմեցին, որ հայտնվել են խաբվածի կարգավիճակում, քանի որ որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ «Արզնի» ֆիրմայի ձվերի վրա պիտանելիության ժամկետները բացակայում էին: «Լավ օրից չեն մարդիկ հերթ կանգնում, որ զեղչված ապրանք գնեն, թոշակս որ բավականացներ, ես էժան ապրանքին կնայեի՞»,- դժգոհեց թոշակառու Սանամ Գալստյանը՝ փաստելով, որ իր գնած ձվերի տուփի վրա ընդհանրապես նշված չեն եղել արտադրման եւ պիտանելիության ժամկետները: Մի շարք քաղաքացիների հավաստմամբ էլ, որոշ ապրանքատեսակների վրա պիտանելիության ժամկետները ջնջված են եղել կամ տվյալ ապրանքի ժամկետը ուր որ է՝ պետք է ավարտվեր: Ընդ որում, մեկ քաղաքացին կարող էր գնել տվյալ տեսակի ապրանքից միայն մեկ հատ:
«Առավոտը» եւս այցելեց Իսահակյան 35 հասցեում գտնվող «SAS» սուպերմարկետ եւ պարզեց, որ պիտանելիության ժամկետներ չկային հատկապես «Կալվե» մայոնեզի եւ «Լյուտիկ» ձիթապտղի ապրանքատեսակների վրա: Երբ փորձեցինք խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ վաճառակետի տնօրեն Գեղամ Մանուկյանից, նա չցանկացավ որեւէ հարցի պատասխանել: Մեր այն դիտարկմանը՝ միգուցե ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի՞ է, Գ. Մանուկյանը պատասխանեց. «Ոչ մի գաղտնի տեղեկատվություն էլ չկա, պարզապես ցանկություն չունեմ խոսելու»: Տնօրենը նաեւ արգելեց որեւէ լուսանկար անել խանութի ներսում՝ «Չի թույլատրվում եւ վերջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել