Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատճառներից մեկը, որ իշխանության մեջ չէ

Նոյեմբեր 12,2009 00:00

Ըստ Վարդան Օսկանյանի՝ իսկապես դժվար է խոսքի եւ գործի տարբերությունը բացատրել եվրոպացիներին

Կասկած չկա, որ Հայաստանի համար չկա եվրոպական ինտեգրման ուղու այլընտրանք. երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած՝ «Եվրոպական հեռանկար. հավատա՞մք, թե՞ պատրանք» խորագրով քննարկման ընթացքում հայտարարել է «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանը: Սակայն նաեւ եռակողմ համագործակցության կոչ է արել Եվրոպային, մեր հասարակությանը եւ Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ եթե այն ճիշտ չընթանա, եւ կողմերից յուրաքանչյուրն իր ներդրումը չունենա՝ երբեք չենք կարող հաջողության հասցնել եվրագործընթացները. «Եվրոպացիների հետ կապված, ես կարծում եմ, որ մենք պահանջատեր պետք է լինենք, որ նրանք ավելի լուրջ լինեն իրենց ներգրավվածության հարցում: Այսինքն՝ եվրոպական պահանջատիրությունն ավելի հետեւողական պետք է լինի, որպեսզի Հայաստանն իր պարտականություններն իրականացնի, դա լինի Եվրոպայի Խորհրդի շրջանակներում, Եվրոպայի հետ, ՆԱՏՕ-ի հետ: Վերջիվերջո դրանք պարտավորություններ են, որ մենք վերցրել ենք. Եվրոպան՝ չինովնիկներ կլինեն, թե այսպես՝ ավելի մեծ Եվրոպան կլինի, էական չէ՝ ո՛րը որ մեխանիզմ ունի, ես կարծում եմ, պետք է հետեւողական լինի»:
Վարդան Օսկանյանի կարծիքով, հաջորդ գրավականը ժողովրդի պահանջատեր լինելն է կյանքի բոլոր հարցերում. «Ժողովրդի ինքնաբուխ պահանջատիրությունը, բնականաբար, համազոր է եւ համարժեք եվրոպական արժեքներին: Եթե մենք պահանջատեր լինենք մեր առօրյա կյանքում՝ ես կարծում եմ, մենք ներքեւից ճնշում կդնենք մեր իշխանությունների վրա, որպեսզի նրանք իրենց վերցրած պարտավորություններն առնվազն Եվրոպայի առաջ իրականացնեն: Բայց ամենակարեւոր օղակն իսկապես իշխանությունն է: Ես այնտեղ եղել եմ, եւ պատճառներից մեկը, որ այսօր այնտեղ չեմ, այն է, որ մի պահ եկել էր, որ արդեն իսկապես դժվար է խոսքի եւ գործի տարբերությունը բացատրել եվրոպացիներին: Իսկապես, այդ խնդիրը միշտ եղել է՝ հատկապես ընտրություններից հետո, երբ Հայաստանի ներսում հակաժողովրդական մի բան է եղել, պատկերացրեք արտաքին գործերի նախարարի վիճակը եվրոպաներում, երբ այդ հարցը մեր առաջ դրվում է, թե ինչու այդպես պատահեց: Այդ օղակը՝ իշխանությունների ներգրավվածությունը, հավատարմությունն այս արժեքներին՝ հաջողության գրավականն է, առանց դրա մենք ոչ մի տեղ չենք հասնի: Եվ իմ փորձը ցույց է տվել, որ մեր հաջորդական իշխանությունները պատրաստ չեն եղել այս արժեքների ամբողջական որդեգրմանը եւ կիրառմանը: Դա փաստ է: Լավագույն դեպքում եղել են շատ ընտրովի: Երկու խնդիր կա այստեղ:
Առաջինն այն է, որ եվրոպական արժեքների ամբողջական ընդունումը, դրանց կիրառումը իշխանությունները դիտարկել են որպես սպառնալիք իրենց իշխանություններին: Մինչեւ մենք չկարողանանք իսկապես հակակշիռներ ստեղծել մեր քաղաքական համակարգում, միշտ այդպես է լինելու՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատ մամուլը եւ այս բոլոր մնացածները իշխանությունները միշտ համարելու են սպառնալիք իրենց իշխանությանը»:
Երկրորդ հանգամանքը, ըստ Վարդան Օսկանյանի՝ հետեւյալն է. «Իշխանությունների այն օղակներում գտնվող մարդիկ, որոնցից իսկապես կախված է եվրոպական բարեփոխումների արդյունավետ իրականացումը, խորքային հավատամք չեն ունեցել այդ արժեքների նկատմամբ»: Նա նշել է, որ մինչեւ չլինի իշխանության խորքային հավատամք այն արժեքների հանդեպ, որի մասին քարոզվում է, եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին հաջողությունը գրեթե անհավանական է. «Եվրոպական արժեքներ չի նշանակում տարեկան մի քանի անգամ պաշտոնական այցելություններ Փարիզ, Բրյուսել։ Մենք պետք է կարողանանք Բրյուսելի, Փարիզի շունչը բերել Հայաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել