Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺՈՒՌՆԱԼԻԶՄԸ ՄԵՌՆՈՒՄ Է

Նոյեմբեր 12,2009 00:00

Նման անմխիթար եզրակացություն հնչեց «Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի սեմինարի ընթացքում, որի մասնակիցները քննարկում էին, թե մամուլի ազատությունն ինչպես է
փոխվել Բեռլինյան պատի փլուզումից ի վեր:

Միջին Արեւելքի, Կովկասի եւ բազմաթիվ այլ տարածաշրջանների ներկայացուցիչ լրագրողներ նոյեմբերի 7-10-ը հավաքվել էին Բեռլինում՝ նաեւ քննարկելու, թե մամուլի ազատությունն ինչպես է տրանսֆորմացվել 1989-ից ի վեր, երբ երեւութապես վերացավ այն պատնեշը, որը բաժանում էր ոչ միայն Գերմանիայի տարբեր հատվածները, այլ նաեւ Եվրոպան:
Խորվաթական լրագրողների արհմիության ղեկավար Մարինկա Բոլժկովաչը պատկերավոր համեմատության դիմեց՝ նշելով, թե «մինչեւ Բեռլինի պատի փլուզումը քաղաքական քարտեզը միայն երկու գույնից էր բաղկացած՝ կապույտ եւ կարմիր»: Եվ «կարմիր» երկրներում բնակվողները, ըստ նրա՝ գիտեին, թե հասկանալու համար՝ ինչ է կատարվում երկրում, հարկ է կարդալ միայն կարճ նորությունները, որոնք տպագրվում էին էջերի ներքեւում: «Պատի փլուզումից հետո փչեցին արեւմտյան քամիներ, որոնք ժողովրդավարության շունչը բերեցին,- ասաց Մարինկա Բոլժկովաչը:- Իրադարձությունները հիասքանչ էին, նախկին սոցիալիստական պետությունների քաղաքացիների սպասումներն՝ առավել եւս: Իրավիճակն արմատապես փոխվեց. «կարմիրը» քարտեզից լիովին վերացավ, իսկ ինչ վերաբերում է «կապույտին»՝ որոշ երկրներ արդեն իսկ Եվրոպական միության անդամ են, ոմանք հուսով են, թե կդառնան: Բայց ինչ որ տարօրինակ ու վախենալու բան է կատարվում Եվրոպայում՝ «կապույտ» պետություններից շատերի քաղաքացիներն ավելի շատ են էջի ներքեւ նայում՝ կարդալու կարճ նորությունները, հասկանալու համար, թե ինչ է կատարվում երկրում: Իրոք, լուրջ նորությունները հայտնվում են էջի ներքեւում. մնացածն աստղային կյանք է ու գովազդ, ամուսնություններ, հագուստներ եւ նման ոչ էական բաներ: Եվ ուզում ես հասկանալ՝ ինչի՞ համար մենք հասանք այս առաջընթացին, ո՞ւր է նա: Եվ ինչպե՞ս դուրս գանք այս փոսից՝ պիտի հասկանանք միասին»:
«Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի կառավարիչ Ռիչարդ Թայնեն ընդգծեց, թե մամուլի որակի անկումն անհանգստացնում է շատ լրագրողների. «Նրանք ուզում են ազատվել մամուլում առկա աղբից»:
Լիտվայի «ԴԵԼՖԻ» լրագրական պորտալի ծրագրի համակարգող Աիստե Զիլինսկիենեն թեեւ նույնպես նշեց, որ Սովետական Միության փլուզումից հետո Լիտվայում շատ մեծ փոփոխություններ եղան, բայց այժմ «մամուլն իր վրա զգում է ճգնաժամի ծանր շնչառությունը, շատ թերթեր փակվում են, օնլայն մեդիան ու իր լսարանը աճում են՝ իրենցով փոխարինում տպագիր մամուլը եւ գրավում մեր ընթերցողներին»:
Գերմանական մամուլի խորհրդի նախագահ, Գերմանիայի լրագրողների միության փոխնախագահ Մանֆրեդ Փրոթցեն հեգնանքով նշեց. «Անգամ որակյալ լրագրողներն են պարզել, որ կնոջ մերկ կուրծքը կարող է նորության նյութ դառնալ, կամ, որ երկու հայտնի մարդկանց ամուսնալուծությունը նույնպես կարող է դառնալ լրատվական լուսաբանման առարկա»:
Իսրայելից մի լրագրող հետաքրքրվեց՝ «Գուցե մենք իրո՞ք պետք է հարմարվենք լսարանի պահանջներին. նրանց համար հետաքրքիր է կարդալ աստղերի մասին, կարդալ այդպիսի տեղեկատվություն»:
Մարինկա Բոլժկովաչի առարկությունն էր՝ «Պետք չէ այդքան թերագնահատել հասարակությանը: Խմբագիրներին թվում է, թե մարդկանց միայն հետաքրքրում է իմանալը, թե ինչ են անում Թոմ Քրուզն ու նրա հերթական ընկերուհին: Տարբեր խավերից է բաղկացած հասարակությունը: Եվ հասարակությանն այսպես թերագնահատելը հանգեցնում է նրան, որ մարդիկ ուղղակի դադարում են թերթեր գնել: Ինքս էլ, թեեւ սիրում էի թերթեր, երեք տարբեր թերթ էի գնում՝ հիմա դադարել եմ»:
Լրագրողների միջազգային դաշնության ներկայացուցիչ Այդըն Ուայթն էլ հրապարակեց այն եզրակացությունը, որն ընտրել ենք իբրեւ վերնագիր, թե լրագրությունը՝ բառի իսկական իմաստով, մեռնում է: Այս համատեքստում խոսեց բլոգերի մասին՝ կարեւորելով դրանք իբրեւ խոսքի ազատության մի դրսեւորում, քանի որ օնլայն քննարկումների հնարավորություն են տալիս. «Սակայնո այնուամենայնիվ, դա լրագրություն չէ»:
Այսպիսով՝ ամենատարբեր երկրների ներկայացուցիչներն էլ այս հավաքում արձանագրեցին որակյալ լրագրության վախճանի առնվազն միտումները: Ինչ վերաբերում է այն կանխելու կամ թույլ չտալու եղանակներին՝ այս առումով առանձնապես շատ լուծումներ չառաջարկվեցին: Աիստե Զիլինսկիենեն նշեց, թե ամոթ չէ գրել աստղերի մասին, ուղղակի լրատվությունը պետք է հավասարակշռված լինի: Իսկ Լրագրողների միջազգային դաշնության ծրագրի տնօրեն Օլիվեր Մոնեյ Կիրլեն արձանագրեց. «Պարզ է՝ կա շուկա սենսացիայի համար, բայց լուրջ լրագրության համար էլ կա շուկա: Եվ խմբագիրները պետք է հիշեն այդ մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել