Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմա «Օգոստո՞սն» է պարտք, թե՞ «Գինդը»

Նոյեմբեր 12,2009 00:00

Երեկ դատարանում «Գինդին» անակնկալ մատուցվեց

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ ավարտվեց ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր եւ նախկին հրատարակիչ «Օգոստոս» գործակալության «Գինդ» ՍՊԸ-ի հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ «Գինդ» տպարանը դատարանին դիմել էր երկու պահանջով՝ գործակալությանը պարտավորեցնել վճարել մոտ 2 մլն դրամի պարտքը, որն, իբր, գոյացել է թերթի տպագրության ընթացքում եւ արգելել թերթը տպագրել: Ավելի ուշ դատարանը բավարարել էր նաեւ «Գինդի» միջնորդությունը՝ թերթի ներկայիս հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ընկերությանը գործում որպես պատասխանող կողմ ներգրավելու, նաեւ այդ ու որեւէ այլ ընկերությանն ու տպարաններին «ՉԻ»-ն տպագրելն արգելելու պահանջով: Այդ բոլոր միջնորդությունները դատավոր Գ. Խանդանյանն արդեն բավարարել է դեռ մինչեւ բուն դատաքննական փուլի մեկնարկը: Երեկվա դատական նիստում դատարանը հետազոտեց հայցվոր եւ պատասխանող կողմերի ներկայացրած ապացույցները, վիճաբանության փուլում կողմերը հանդես եկան հայցի առնչությամբ իրենց դիրքորոշումներով եւ փաստարկ-հակափաստարկներով: Դատարանում «Գինդի» ներկայացուցիչները պնդում էին, թե «Օգոստոս» գործակալությունը ոչ միայն հրաժարվել է վճարել թերթի տպագրության համար իրենց նկատմամբ ունեցած պարտքը՝ 2,9 մլն դրամն ու չվճարման արդյունքում գոյացած 1,8 մլն դրամի տույժերը, այլեւ միակողմանիորեն դադարեցրել է պայմանագիրը եւ տպարանին ֆինանսական վնաս է հասցրել: Որպես պարտքուպահանջի ապացույց՝ տպարանը դատարանին էր ներկայացրել թերթի կողմից տպագրության համար վճարված 131 էջանոց հաշիվ-ապրանքագրերը, որոնք, սակայն, «Օգոստոսի» ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանի ասելով, փաստում են, որ գործակալությունը ոչ միայն պարտք չէ տպարանին, այլեւ հակառակը՝ տպարանն է իրենց 2 մլն դրամ պարտք՝ ներառյալ նույնիսկ այն ենթադրյալ պարտքը, որը թերթն, իբր, ունի «Գինդի» հանդեպ: Հովհաննիսյանը հատուկ դատավորի եւ հայցվոր կողմի համար պարզաբանեց, որ իր հայտարարությունն ու նշած գումարի չափը ապացուցված են հենց հայցվորի կողմից որպես ապացույց ներկայացված հաշիվ-ապրանքագրերում: Իսկ դրանց թվաբանական գումարման արդյունքում պարզվում է, որ «Օգոստոս» գործակալությունը թերթի տպագրության համար «Գինդին» փաստացի վճարել է ոչ թե 30, այլ 32 մլն դրամ: Այսինքն, ըստ հաշիվ-ապրանքագրերի, գործակալությունը տպարանին դեռ 2 մլն դրամ էլ ավելի է վճարել, քան նույնիսկ այն «պարտք ու տույժերի» ընդհանուր գումարը, որը գոյացել է թերթի տպագրության ծախսը «Գինդի» կողմից միակողմանի՝ առանց գործակալությանն ու թերթի պատասխանատուներին տեղեկացնելու բարձրացնելու արդյունքում: Այս հայտարարությունից անակնկալի եկած հայցվորները հենց դատական նիստի ժամանակ սկսեցին փորփրել թղթերն ու տեղում, թերեւս, հաշվարկներ անել:
Այս գործով որպես պատասխանող կողմ ներգրավված, թերթի նոր հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն երեկվա դատական նիստում ներկայացնում էր փաստաբան Հովիկ Արսենյանը: Նրա ասելով, այն բանից հետո, երբ «Գինդը» ս.թ. ապրիլին միակողմանի եւ առանց զգուշացման բարձրացրել էր տպագրական վճարները եւ, իբր, գոյացած պարտքի պատճառով թերթը չտպագրելու «սպառնալիքով» ծանուցել էր ոչ թե «Օգոստոս» գործակալությանը, այլ իրավաբանական անձ չհանդիսացող «ՉԻ»-ի տեխնիկական աշխատողին, գործակալությունը երկկողմ պայմանագրի կասեցման մասին սահմանված ժամկետների ընթացքում համապատասխան գրություն էր ուղարկել տպարան: Հ. Արսենյանը նկատեց, որ եթե հայցվոր կողմն ուշադիր ուսումնասիրեր որպես ապացույց ներկայացրած հաշիվ-ապրանքագրերն ու պայմանագրային կողմերի միջեւ եղած մյուս գրագրությունները, ապա միգուցե, նույնիսկ հրաժարվեր իր հայցից: Նա նաեւ միջնորդեց դատարանին՝ վերացնել հայցի ապահովումը, այն է՝ ցանկացած այլ տպարանում եւ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից թերթի տպագրման արգելանքը: Դատավորը որոշեց այդ միջնորդությունը քննարկել եւ դրա առնչությամբ որոշում կայացնել դատական հաջորդ նիստում՝ դատավճռի հրապարակման հետ միասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել