Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՂՈՒՄՆԵՐՆ ԱԶՆԻՎ ԵՆ

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Առաջին նախագահին հակադարձում են որոշ «հայդատականներ»

Երեկ ՀԱԿ-ի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մատնանշելով ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, «Ժառանգության», ՆԺԿ-ի, ՌԱԿ-ի որոշ թեւերի, «Միացում», «Սարդարապատ» հասարակական շարժումների եւ որոշ անհատների դիրքորոշումը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ասել է. «Այսպիսով, այդ ուժերը տպավորություն ստեղծեցին, թե իբր հայ-թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսը պասիվություն ու անսկզբունքայնություն է դրսեւորում, եւ միայն իրենք են լրջորեն պայքարում Սերժ Սարգսյանի վարած «ազգակործան» քաղաքականության դեմ։ Այնինչ իրականում, իրենց առաջ քաշած իռացիոնալ պահանջներով, նրանք մի կողմից՝ անլրջացրին արձանագրությունների պարունակած ամենավտանգավոր դրույթի՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մերժելիության փաստարկը, մյուս կողմից՝ մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին՝ ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը։ Հակառակ հայաստանյան եւ մանավանդ սփյուռքյան ցույցերում կրած անձնական նվաստացումներին, Սարգսյանը ազգայնական հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը՝ աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, որը պատրաստ է հանուն իր սկզբունքների դիմել համարձակ ու ոչ ամբոխահաճ իրագործումների: Ամենեւին պատահական չէ, հետեւաբար, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո նա ճանաչվեց «շաբաթվա եվրոպացի», որից դեպի Նոբելյան մրցանակ մի քայլ է մնում, եւ այդ քայլը հայտնի է բոլորին»։
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով առաջին նախագահի այս տեսակետին՝ ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանի տեսակետները Հայ դատի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտնի են, եւ այս առումով իր համար նոր բան չկա այդ ելույթում: Իսկ այն, որ առաջին նախագահը հայդատականներին մեղադրում է Սերժ Սարգսյանին Նոբելյան մրցանակի տանելու մեջ, Շիրխանյանն ասում է. «Հայ-թուրքական գործընթացում ինձ երեք խնդիր է հետաքրքրել՝ դա ամրապնդո՞ւմ է խաղաղությունը, օժանդակո՞ւմ է ազգային միասնությանը, կխթանի՞ երկրի տնտեսական զարգացմանը: Քննարկումները ցույց տվեցին, որ այս երեք հարցերի պատասխանն էլ բացասական է, ու եթե ամբողջ Սփյուռքը եւ ընդդիմությունը ոտքի են կանգնել՝ ընդդեմ այդ հարաբերությունների, կարծում եմ, ճիշտ չէ ասել, թե այդ բոլորը Սերժին տանում են Նոբելյան մրցանակի»: Շիրխանյանը հիշեցնում է, որ ՍԴՀԿ-ն այս հարցերում ունի իր դիրքորոշումը, որը հաստատված է կուսակցության վերջին՝ 19-րդ համագումարի բանաձեւում, եւ որին հավատարիմ է կուսակցությունը, եւ հիշեցնում, որ այդ դիրքորոշումը լրջորեն տարբերվում է Տեր-Պետրոսյանի տեսակետներից:
«Սարդարապատ» եւ «Միացում» նախաձեռնությունների անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ «Առավոտի» հետ զրույցում զերծ մնաց քննարկել եւ քննադատել ՀԱԿ-ի դիրքորոշումները՝ որպես քաղաքական ինստիտուտի: Իսկ առաջին նախագահի դիտարկումների վերաբերյալ ասաց, որ այդ հեգնանքն իրեն չի զարմացնում: «ՀՀ երկու նախագահների եւ հատկապես երրորդ նախագահի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում սկզբունքորեն չի տարբերվում Տեր-Պետրոսյանի առաջարկած քաղաքականությունից, եւ դա զարմանալի չէ, քանի որ նրանց մտավոր ներուժն այնքան է զիջում Տեր-Պետրոսյանին, որ դա համարյա բնական է»: Ինչ վերաբերում է առաջին նախագահի՝ Հայ դատի վերաբերյալ դիտարկումներին՝ «ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջեւ կանգնեցնելու վտանգով», Խզմալյանը նկատում է. «Իմ կարծիքով, ողբերգականը հենց այդ հարցը սակարկելու գործընթացն է: Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես է աշխարհը ոգեւորված նշում բեռլինյան պատի անկումը: Այն, ինչը ներկայացվում է որպես հայ-թուրքական սահման, իրականում մեր հայրենիքի երկու մասերի միջեւ դրված պատ է: Մենք ձգտում ենք փլուզել այդ պատը, որովհետեւ, ի տարբերություն ցանկացած այլ ժողովրդի, որը ցեղասպանություն է կրել, հայերին նաեւ զրկել են հայրենիքից: Մենք հայրենիքի կորստով ենք վճարել՝ բավական չէ, դեռ դրա համար մեզ խոցում են ու Թուրքիայի կողմից փակված սահմանի բացումը ներկայացնում իբրեւ բարեգործություն»: Տիգրան Խզմալյանն իրենց գործողություններում չի տեսնում որեւէ հանգամանք, որը կարող է նպաստել Սերժ Սարգսյանի միջազգային վարկի բարձրացմանը, հատկապես որ՝ «Մարտի 1-ից հետո այդ տխրահռչակ ուխտագնացությունն ապացուցեց ճիշտ հակառակը. աշխարհը տեսավ, թե ինչպես են աշխարհասփյուռ հայերն ընդունում կամ, ավելի ճիշտ՝ չեն ընդունում երկրի նախագահին, ապա բավական տարօրինակ է համարել, որ Սերժ Սարգսյանի վարկը բարձրացել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել