Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅԼ» ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾՈՎ

Նոյեմբեր 11,2009 00:00

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ քրգործը գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:
Դատարանի շենքի դիմաց երեկ հավաքվել էին մարտի 1-ի զոհերի հարազատները, որոնց ձեռքերին կային «Նիկոլ, քեզ հետ ենք», «Իշխանություններ, դուք եք սպանել մեր որդիներին» ցուցապաստառներ: Հատկապես վերջինի պահով ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քիչ էր մնում բախում տեղի ունենար, սակայն ՀԱԿ ներկայացուցիչների շնորհիվ «հակապետական» ցուցապաստառը առժամանակ անհետացավ:
2007թ. հոկտեմբերի 23-ի դրվագը կարծես ավարտվեց եւ «Մարտի 1»-ի գործով դատակոչված ոստիկան Արթուր Մադաթյանը նկարագրեց, թե ինչպես է Նիկոլն առաջնորդել ժողովրդին, ասելով. «Ոնց եկել եք, այդպես էլ շարունակեք: Մեզ խանգարող բան չկա»:
Ն. Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց Ն. Փաշինյանին ազատ արձակել, վկայակոչելով ՀՀ ոստիկանության պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ Ն. Փաշինյանը 2008թ. փետրվարի 26-ից մինչ այս տարվա հուլիսի 7-ը բացակայել է հանրապետությունից, գտնվել է հետախուզման մեջ: Նշենք, որ այս պատասխանը տրվել էր Ն. Փաշինյանին՝ ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրելու նպատակով: Պաշտպանը հարցրեց՝ եթե Նիկոլը բացակայել է հանրապետությունից, ուրեմն նա չի մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին, գուցե «ա՞յլ Նիկոլ» է եղել: Իսկ Փաշինյանն էլ ասաց. «Այդ փաստաթուղթը տրվել է ՀՀ անունից: Սա էլ է ծաղրուծանակ, ինչպես այս դատավարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել